Կգործի անհատական բնակելի տների կառուցման պարզեցված ընթացակարգ. Քաղաքաշինության կոմիտեն ներկայացնում է ծրագիրը

10 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունն իրականացնում է բնակարանային շինարարության խրախուսման և բնակապահովման աջակցության տարբեր ծրագրեր։ Այս տրամաբանության շրջանակում Քաղաքաշինության կոմիտեն պարզեցրել է անհատական բնակելի տների կառուցման ընթացակարգը, ինչը լրացուցիչ խթան կլինի հատկապես մարզերում շինարարության ակտիվացման համար։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը՝ նշելով, որ պարզեցված ընթացակարգից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք ցանկանում են կառուցել 300 քմ մակերեսը չգերազանցող` մինչև 2 վերգետնյա և 1 ստորգետնյա հարկ ունեցող բնակելի տուն և 50 քմ չգերազանցող օժանդակ շինություն։ Կարևոր պայմանն այն է, որ տունը պետք է կառուցվի ոչ ձեռնարկատիրական նպատակով և քաղաքացուն պատկանող հողամասի սահմաններում, որը համապատասխանում է բնակելի կառուցապատման նպատակային և գործառնական նշանակությանը։

«Ստեղծվում է հնարավորություն, որ քաղաքացին թվային հարթակում առանց խոչընդոտների, կարճ ժամանակում ստանա տուն կառուցելու համար անհրաժեշտ թույլտվության բոլոր փաստաթղթերը»,-ընդգծում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը։

Գործընթացը կանոնակարգող ՀՀ կառավարության որոշումն ընդունվել է 2025թ տարեվերջին, սակայն մինչև 2026թ. հունիսի 1-ը պետք է կառուցապատման թույլտվությունների urban.permits.e-gov.am հարթակում կատարվեն անհրաժեշտ ծրագրային կարգավորումները, որից հետո միայն կգործի պարզեցված ընթացակարգը։

«Առաջիկա ամիսներին կարգավորումներն ավարտելուց հետո գործելու է թվային հարթակում նախագծման թույլտվության կամ ճարտարապետահատակագծային առաջադրանքի (ՃՀԱ), շինարարության թույլտվության և ավարտական ակտի (շահագործման թույլտվության) ինքնաշխատ ձևավորման հնարավորություն։ Ընդ որում՝ նշված քաղաքաշինական փաստաթղթերը թվային հարթակում տրամադրելու առավել սեղմ ժամկետներ են սահմանվել։ Ավելին՝ եթե այդ ժամկետներում համայնքի ղեկավարը չհասցնի հաստատել բոլոր հայտերը, համակարգը դրանք կձևավորի ինքնաշխատ եղանակով։ Դա հետագայում խնդիրներ չի առաջացնի, քանի որ թույլտվությունների տրամադրման հիմքերը նախապես սահմանված են»,-նշեց նա:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը նշեց, որ հաջորդ պարզեցումն այն է, որ նախագծային պահանջները հայտնի են լինելու նախապես. նախագծման թույլտվություն (ՃՀԱ) ստանալու համար լրացված հայտը հասանելի է լինելու համայնքի պաշտոնական կայքում։ «Դա հնարավոր է շնորհիվ բոլոր բնակավայրերի համար արդեն մշակված և հաստատված տարածական պլանավորման փաստաթղթերի։ Գլխավոր հատակագծեր և գոտևորման նախագծեր ներառող քաղաքաշինական ծրագրային այդ փաստաթղթերում կան յուրաքանչյուր տարածքում կառուցապատմանը ներկայացվող բոլոր պահանջները՝ կառուցապատման տոկոս, հարկայնություն, հեռավորություն, հակահրդեհային պահանջներ, տանիքի ձև, շինարարական նյութերի տեսակներ և այլն»,-բացատրեց Նունե Պետրոսյանը։  

Պետրոսյանն ընդգծեց՝ համայնքի ղեկավարը զուգահեռաբար դիմելու է մատակարար կազմակերպություններին՝ գազի, ջրի, էլեկտրականության միացման տեխնիկական պայմաններն ստանալու համար։ Պատասխանի ուշացումը չի խանգարի, որ քաղաքացին մեկնարկի նախագծի մշակման, անգամ հողային աշխատանքների փուլերը, քանի որ պարզեցումը կիրառվում է ի սկզբանե բնակավայրերի բնակելի նշանակության հողամասի վրա կառուցվող շինությունների համար, ինչից բխում է, որ բնակելի կառուցապատման գոտում գծային ենթակառուցվածքները հասանելի են, և հայտը չի մերժվի։

«Մեկ այլ պարզեցումն այն է, որ նախագծի փորձաքննության պահանջը փոխարինվել է այն մշակող արտոնագրված ճարտարապետի երաշխավորագրով։ Ի դեպ, նոր նախագիծ մշակելու փոխարեն քաղաքացիները կարող են օգտվել Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ մշակված և www.minurban.am կայքի «Ուղեցույցներ» բաժնում հրապարակված բազմակի օգտագործման օրինակելի նախագծերից, որոնք արդեն անցել են փորձաքննություն։ Անհրաժեշտ կլինի միայն տվյալ ռելիեֆին համապատասխան տեղակապում իրականացնել։

Շինարարությունից հետո ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը) ևս ձևավորվելու է ինքնաշխատ. բավական է հարթակում մուտքագրել կառուցված օբյեկտի տեխնիկական վիճակի հետազննության դրական եզրակացությունը, արտոնագրված ճարտարապետի մասնագիտական եզրակացությունը՝ ոչ էական շեղումների վերաբերյալ, տեղական վճարի վճարումը հավաստող փաստաթուղթը»,-ասաց նա:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը համոզված է, որ կատարված փոփոխություններն էապես կպարզեցնեն քաղաքաշինական ընթացակարգերը քաղաքացիների համար, համայնքապետարանների ծանաբեռնվածության պատճառով չեն հետաձգվի տուն կառուցելու քաղացիների ծրագրերը, իսկ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերն ուղղորդիչ կլինեն համայնքային մասնագետների համար։ Արդյունքում հանրապետության տարբեր բնակավայրերում կակտիվանա շինարարությունը և կբարելավվեն քաղաքացիների բնակարանային պայմանները:

Նունե Պետրոսյանն, անդրադառնալով տուն կառուցել ցանկացող քաղաքացիներին աջակցելու ևս մեկ աջակցող ծրագրի, նշեց, որ մշակվել և գործածության մեջ է դրվել փոքրածավալ անասնաշենքերի կառուցման ուղեցույց, որը նախատեսված է գյուղական բնակավայրերում բնակվող շահառուների համար և վերաբերում է մինչև 10 գլխաքանակ ունեցող անասնաշենքերի կառուցմանը։  

«Ուղեցույցի նպատակը քաղաքացիներին հնարավորություն ընձեռելն է իրենց հողատարածքներում կառուցել ոչ մեծ անասնաշենքեր՝ ապահովելով նորմատիվ պահանջներին համապատասխան անվտանգ, հիգիենիկ և սանիտարական պայմաններ: Մինչև 300քմ մակերեսով անհատական բնակելի տների կառուցման համար Քաղաքաշինության կոմիտե մշակած պարզեցված ընթացակարգի շրջանակում քաղաքացիները կարող են կառուցել նաև 50 քմ չգերազանցող օժանդակ շինություն, օրինակ, անասնագոմ և օգտվել կոմիտեի կայքում հրապարակված ուղեցույցից։

Այնտեղ պարզ գծանկարներով, նկարազարդումներով և գործող նորմերից մեջբերումներով ներկայացված են համապատասխան ուղղորդումներ, որպեսզի շահառուները տարածքի ընտրությունից մինչև գլխավոր հատակագծի մշակում կարողանան ճիշտ կազմակերպել ֆունկցիոնալ գոտիները՝ կենդանիների պահման, զբոսանքի, մաքրման, կերի տեղափոխման, տրանսպորտային մոտեցման և այլ գործընթացների համար»,- ասաց կոմիտեի նախագահի տեղակալը:

Պետրոսյանի փոխանցմամբ՝ ուղեցույցում կան առաջարկներ հիմքերի կառուցման խորության վերաբերյալ՝ հաշվի առնելով կլիմայական պայմանները, ինչպես նաև՝ պատերի, ծածկերի, ներքին հարդարման համար առավել կիրառելի նյութերի վերաբերյալ։ Ներկայացվել են մակերեսների հաշվարկներ՝ մեկ կենդանու համար նախատեսված չափորոշիչներով։

«Ուղեցույցը կօգնի, որ քաղաքացիները կարողանան առանց լրացուցիչ միջամտության իրականացնել շինարարությունը՝ պահպանելով ինչպես նորմատիվ պահանջները, այնպես էլ կենդանիների համար բարենպաստ միջավայրը։ Կարևոր է ապահովել օդափոխություն, բացառել գերսառեցումն ու գերտաքացումը։ Ճիշտ նախագծված հատակների թեքությունները, ջրահեռացման համակարգերը և գոտիների բաժանումը զգալիորեն կհեշտացնի քաղաքացիների աշխատանքը և կնվազեցնի ֆիզիկական ծանրաբեռնվածությունը»,- ասաց Պետրոսյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ուղեցույցի պահանջները պարտադիր են, Պետրոսյանը պարզաբանեց, որ ուղեցույցը կրում է ուղղորդող բնույթ։ Այն ներկայացնում է նորմատիվ պահանջները պատկերային և հասկանալի ձևով՝ առաջարկելով տարբերակային մոտեցումներ նյութերի, կոնստրուկցիաների և հիմքերի կազմակերպման առումով։ Նրա խոսքով՝ եթե ներկայացված նախագիծը համապատասխանում է գործող նորմերին, այն չի մերժվի, նույնիսկ եթե տարբերվում է ուղեցույցում առաջարկված լուծումներից։ Սակայն նորմատիվ պահանջներին չհամապատասխանող նախագծերը կմերժվեն։

Նրա խոսքով՝  կոմիտեն պարբերաբար մշակում է տարբեր ուղեցույցներ։ Մասնավորապես՝  մշակվել են սպանդանոցների վերաբերյալ ուղեցույցներ, ինչպես նաև առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխության իրականացման ուղեցույց։ Կա նաև թույլատվական գործընթացները նկարագրող ուղեցույց, որտեղ փուլ առ փուլ ներկայացված են կառուցապատողի գործողությունները՝ առաջին քայլից մինչև վերջնական փուլ։

«Բնակելի տների դեպքում կիրառվում են բազմակի օգտագործման օրինակելի նախագծեր՝ այդ թվում՝ էներգախնայող, արագ կառուցվող և ավանդական՝ քարե ու երկաթբետոնե հիմնակմախքով։ Բոլորը մշակվել են կոմիտեի նախաձեռնությամբ, անցել են փորձաքննություն և կարող են կիրառվել առանց լրացուցիչ ընթացակարգերի։  

«Ուղեցույցները և բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը հրապարակված են կոմիտեի www.minurban.am կայքում՝ Ուղեցույցներ» բաժնում»,- եզրափակեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը:

Հայերեն

Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն

ԿԸՀ-ն պարզաբանել է ստորագրությունների և քվեարկության մասնակիցների թվերի տարբերության հարցը

Բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքները շարունակվում են

Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր

Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ

Դեսպան Նարեկ Մկրտչյանը CSIS-ում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ համագործակցության օրակարգը

Շիրակի մարզում ստեղծվել է հատուկ հանձնաժողով՝ կարկտահարության հետևանքով պատճառված վնասները գնահատելու համար