Մշակույթ

Ես չեմ ընտրել այս ճանապարհը, այն է ընտրել ինձ. Վահան Արծրունին համերգով մեկնարկեց 60-ամյակին նվիրված երաժշտական երեկոների շարքը

8 րոպեի ընթերցում

Ես չեմ ընտրել այս ճանապարհը, այն է ընտրել ինձ. Վահան Արծրունին համերգով մեկնարկեց 60-ամյակին նվիրված երաժշտական երեկոների շարքը

Երգիչ, երգահան Վահան Արծրունին մի առիթով ասել է՝ երաժշտությունը կենսակերպ է, որի միջոցով բացահայտում է իր ներաշխարհը։ Ստեղծագործական գործունեության ընթացքում երաժիշտին գրավել են տարբեր ժանրերը՝ կամերային, էլեկտրոնային, ռոք, սիմֆո-ռոք և այլն: Նրա կյանքում մեծ նշանակություն են ունեցել և ունեն Կոմիտասը, Ռազմիկ Դավոյանն ու Մեսրոպ Մաշտոցը, որոնց համարում է իր հենարանը։

Օրեր առաջ Արծրունին մեծ տոն նվիրեց իր երաժշտության երկրպագուներին՝ գեղեցիկ համերգով նշելով ծննդյան 60 և ստեղծագործական գործունեության 40-ամյա հոբելյանները։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ երեկոյին, որը տեղի ունեցավ ՀԲԸՄ-ում, հնչեցին հեղինակի երգերն ու գործիքային ստեղծագործությունները՝ նրա և իր գործընկեր երաժիշտների կատարմամբ։

Արծրունու համերգային գործունեությունը սկսվել է 1985-ի ապրիլի 27-ին Երևանի բժշկական ինստիտուտի համար 7 լսարանում։ Քառասուն տարվա ստեղծագործական գործունեության ընթացքում 2 երգաշար է ստեղծել, երաժշտություն է գրել 3 խաղարկային, 21 վավերագրական, 6 անիմացիոն ֆիլմերի, 9 թատերական ներկայացման, բազմաթիվ ակտուալ արվեստի պերֆորմանսների համար։

«Ասում են՝ կամ մարդն է իր ճանապարհն ընտրում, կամ ճանապարհն է ընտրում մարդուն։ Երբ հետ եմ նայում,  հասկանում եմ՝ ոչ թե ես եմ ընտրել այս ճանապարհը, այլ  ճանապարհն է ինձ ընտրել։ Իմ ամբողջ կյանքը՝ ոչ միայն ստեղծագործական,  անհավանական բևեռային ցատկումների մեջ է ընթացել։ Ինձ համար շատ խորհրդանշական իրադարձություններ են եղել։ Այդ իրադարձություններից էր հանդիպումն Արթուր Մեսչյանի հետ»,-պատմեց նա։

Մի առիթով Վահան Արծրունին ընկերոջ հետ երկու երգ է ներկայացրել Արթուր Մեսչյանին։ Մի քանի ամիս անց Մեսչյանն առաջարկել է միանալ իրեն։

«Ավելի քան տասը տարվա լռությունից հետո խորհրդային շրջանում Արթուրին թույլ տվեցին հանդես գալ մի քանի համերգով։ Նա ելույթներ ունեցավ Ֆիզիկների, Ճարտարապետների, Ժուռնալիստների տներում։ Մեզ համար անսպասելի էր և պատվաբեր նրա հետ հանդես գալը։ «Առաքյալներ» խումբ, Արթուր Մեսչյան և հանկարծ մենք՝ նույն բեմում»,-հիշեց երաժիշտը։

Նրանց ստեղծագործական ընկերությունը շարունակվել է մինչև 2009 թվականը՝ Մեսչյանի վերջին համերգները։ Արծրունու բոլոր գործընկերները, որոնք 60-ամյակին նվիրված երեկոյին բեմում էին, նվագել են Մեսչյանի համերգներին։

Դաշնակահար Մադաթ Ավանեսովը, բաս կիթառահար Արթուր Մոլիտվինն ու հարվածային գործիքներ նվագող Լևոն Հախվերդյանն Արծրունու հետ երկար ճանապարհ են անցել։ Ասում են՝ կարող են կանգնել բեմում ու նվագել փակ աչքերով։

Վահան Արծրունին Լևոնի Հախվերդյանի հետ աշխատում է 1997 թվականից, Արթուր Մոլիտվինի հետ՝ 2000 թվականից, Մադաթ Ավանեսովը նրանց է միացել 2009-ին, իսկ Նելլի Մանուկյանն ավելի քան 15 տարի նրանց հետ հանդես է գալիս տարբեր նախագծերով։  Արծրունին բարեբախտություն համարեց նման երաժիշտների հետ ընկերությունն ու բեմում լինելը։

Անդրադառնալով «Կոմիտաս. տասը հայտնություն» երգաշարին՝ երաժիշտն ընդգծեց՝ այն երկար ճանապարհ է անցել։ Առաջին երգը գրել է 16 տարեկանում, իսկ երբ  սկավառակը պատրաստ է եղել հրատարակման, Արծրունին 36 տարեկան է եղել։ Երգերը ծնվել են տարիների ընթացքում և ամբողջացել են որպես երգաշար։

«2000 թվականին Հայաստանում որևէ արտադրության հնարավորություն չկար։ Սկավառակը «Նարեկացի» միության առաջին արտադրանքն էր։ Ե՛վ լարային քառյակի, և՛ երգչախմբի ձայնագրություններն արվել են մեր տանը։ Հետագայում հնարավոր եղավ հրատարակումն իրականացնել ԱՄՆ-ում, որից հետո Նյու Յորքում հանդիպում եղավ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հետ։ Մի ամբողջ գիշեր զրուցեցինք ու նա ասաց՝ եթե վերահրատարակեմ ալբոմը, ինքը յուրաքանչյուր բանաստեղծության համար գծանկար կանի, որովհետև Կոմիտասն իր կյանքի և ստեղծագործության աստղն է, որի շնորհիվ ինքը ինքնադրսևորվում է որպես քանդակագործ ու արվեստագետ։ Հենց այդ գիշեր նա տասը գծանկար արեց։ Մենք պարտավորվեցինք վերաթողարկել սկավառակը, որը մեկ տարի անց կրկին  հրատարակվեց»,-իր հուշերը հանդիսատեսին փոխանցեց Արծրունին և հավելեց՝ նման խորհրդանշական էպիզոդներ իր կյանքում շատ են եղել։

Վահան Արծրունին մի շարք ստեղծագործություններ ունի՝ գրված Ռազմիկ Դավոյանի բանաստեղծությունների հիման վրա։ Խոստովանեց՝ Դավոյանը նրա համար դուռ է բացել դեպի հայ ժամանակակից գրականություն։ Տասներորդ դասարանում է առաջին անգամ ծանոթացել Դավոյանի պոեզիային, հետագայում էլ՝ պոետին։

«Հիշում եմ՝ Դերժինսկու դպրոցից ընկերոջս հետ իջնում էինք, ծանոթ ուսանողներ հանդիպեցին՝ առաջարկելով գնալ համալսարանի կենսաբանության ֆակուլտետ, որտեղ թաքուն համերգ էր կազմակերպվել։ Դահլիճը լեփ-լեցուն էր, շնչելու օդ չկար։ Մեսչյանի ու Հախվերդյանի համերգն էր։ Համերգների շարք էր։ Արթուրը կատարեց իր երգը՝ գրված Ռազմիկ Դավոյանի բանաստեղծության վրա, ինչից հետո սկսեցի հետաքրքրվել Դավոյանով։ Գնացի գրախանութ, հարցրի՝ արդյոք ունե՞ն Դավոյանի գիրքը, ասացին՝այո, բայց հերթ  է, պետք է սպասել։ Այդ հերթում երկու օր եմ կանգնել։ Այդ օրվանից կապվեցի Ռազմիկ Դավոյանի պոեզիային։ Ստեղծվեց շարք, հետո, երբ երգում էի «Նարեկ» երգչախմբում, բանաստեղծը երգչախմբին հրավիրեց իր տուն։ Այնտեղ ներկայացրի երգերս։ Դրանից հետո ուղղակի վայելում էի նրա  ընկերությունը։ Հետագայում Դավոյանի առաջարկով կազմակերպվեց «Բանաստեղծը և երաժիշտը» գրական երաժշտական միջոցառումների շարքը»,-պատմեց Արծրունին։

Համերգին, որն իրականացվեց ՀԲԸՄ-ի 120-ամյակի շրջանակում, հանդիսատեսը մեծ հետաքրքրությամբ վայելեց Արծրունու և՛ երգերը, և՛ պատմությունները, հուզվեց ու ժպտաց, ծափահարեց ու խոստացավ ներկա լինել նաև սպասվող համերգներին։

Հոբելյանական համերգաշրջանի ընթացքում Երևանի տարբեր համերգասրահներում հնչելու են Վահան Արծրունու երգաշարերը, հոգևոր երաժշտության մշակումները և գործիքային ստեղծագործություններ՝ ռոք, պրոգրեսիվ երաժշտության և սիմֆո-ռոք ժանրերում։

Հրատարակվելու է կենսագրական ֆոտոալբոմ հեղինակի ստեղծագործական փուլերի համար նշանակալի լուսանկարներով և հոդվածներով։ Համերգաշրջանի ողջ ժամանակահատվածում հանդիսատեսը նաև հնարավորություն կունենա դիտելու թատերական ներկայացումներ, որոնց երաժշտության հեղինակը Վահան Արծրունին է։

Կազմակերպվելու են հանդիպումներ, լսումներ և պանելային քննարկումներ՝ նվիրված կոմպոզիտորի՝ կինոյի և թատրոնի համար գրված երաժշտությանը, ֆոլկլորային և վաղքրիստոնեական հոգևոր երաժշտության մշակումներին, ինչպես նաև՝ էլեկտրոնային երաժշտությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում