ՀՀ-ն բարձր է գնահատում ԵԽ-ի դերը՝ որպես ժողովրդավարական անվտանգության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության երաշխավոր․ Ռուբինյան
4 րոպեի ընթերցում
Հայաստանը բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի դերն ու սկզբունքային գործունեության արդյունավետ շարունակականությունը՝ որպես ժողովրդավարական անվտանգության հիմնասյուն, մարդու իրավունքների և օրենքի գերակայության երաշխավոր, իրական բազմակողմանիության և արդյունավետ երկխոսության հարթակ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Եվրոպայի խորհրդի «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառման ժամանակ ասաց ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Վերջինիս բնորոշմամբ՝ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցելու 25-ամյա պատմության ընթացքում կազմակերպությունը եղել է հուսալի գործընկեր ՀՀ-ի համար՝ վերջինիս հավակնոտ օրակարգի իրագործման ճանապարհին։
«Բարձր ենք գնահատում Եվրոպայի խորհրդի դերը և սկզբունքային գործունեության արդյունավետ շարունակականությունը՝ որպես ժողովրդավարական անվտանգության հիմնասյուն, մարդու իրավունքների և օրենքի գերակայության երաշխավոր, իրական բազմակողմանիության և արդյունավետ երկխոսության հարթակ։
Մեր համատեղ ջանքերի շնորհիվ զգալի արդյունքներ են գրանցվել Հայաստանի անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացում և դրանք այլևս անշրջելի են»,-շեշտեց Ռուբեն Ռուբինյանը։
Վերջինս կարևորեց, որ արդեն իսկ գոյություն ունեցող և արդյունավետ ընթացող համագործակցության ոլորտները ընդլայնվում են՝ արձագանքելով ներկա խնդիրներին և մարտահրավերներին։
«Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի առանցքային մաս են կազմում նաև խոսքի ազատության, լրատվամիջոցների բազմակարծության, լրագրողների անվտանգության ամրապնդումը, տեղեկատվության հասանելիության խթանումը՝ եվրոպական չափանիշներին համապատասխան»,-ասաց Ռուբինյանը։
ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ 2018 թվականից ի վեր Հայաստանն այս ոլորտում իրականացրել է լայնածավալ բարեփոխումներ, իսկ պետության ձեռքբերումներն արձանագրված են հեղինակավոր կազմակերպությունների և հասարակական կառույցների զեկույցներում։
«Այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ չնայած դրական ձեռքբերումներին՝ մենք դեռ անելիքներ ունենք առկա թերությունները շտկելու համար, և, կարծում եմ, մեր մամուլը ևս շատ անելիքներ ունի այս ուղղությամբ, քանի որ թերությունները նրանց մոտ շատ են»,-ընդգծեց Ռուբինյանը։
Նրա կարծիքով՝ հարափոփոխ աշխարհում ժողովրդավարությունների դեմ հիբրիդային հարձակումները դառնում են ավելի բարդ և կոմպլեքսային գործիքակազմով։ Ռուբինյանի խոսքով՝ նմանատիպ հիբրիդային հարձակումները մեր ժամանակների քաղաքական պայքարի ամենավտանգավոր և անտեսանելի ձևերից են, որոնք նպատակ են հետապնդում հանրային ընկալումներ ձևավորել, հոգեբանական ճնշում գործադրել և այլն։
«Տեղեկատվական դաշտի հուսալիությունը, թափանցիկությունն այն կարևոր գործոններն են, որոնք դիմակայում են այս մարտահրավերներին՝ խուսափելու կեղծ և վտանգավոր օրակարգերից»,-շեշտեց ԱԺ փոխնախագահը։
Վերջինիս խոսքով՝ Եվրոպայի խորհուրդը մեծ դեր և անելիքներ ունի այս բոլոր մարտահրավերների դեմ պայքարելու տեսանկյունից։