Մշակույթ

Հունական դիցաբանության վառ հերոսները՝ Երևանում. Համազգայինի բեմում կլինի Սիմոն Աբգարյանի «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացումը

9 րոպեի ընթերցում

Հունական դիցաբանության վառ հերոսները՝ Երևանում. Համազգայինի բեմում կլինի Սիմոն Աբգարյանի «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացումը

Ֆրանսաբնակ դերասան, թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանն իր կերտած կերպարներով արդարամտություն է քարոզում, իսկ բեմադրած ներկայացումներով պատմում է պատմություններ, որոնք համամարդկային են և խոսում են անհատի ուժի, հոգու գեղեցկության, ցավերի և հույսերի մասին։

Աբգարյանը 2024-ին Հայաստանում Ֆրանսիայից ժամանած թատերախմբի հետ արվեստասերներին ներկայացրեց «Էլեկտրան թշվառների աշխարհից» շքեղ բեմադրությունը։ Այս անգամ հանդիսատեսի դատին կհանձնի «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացումը՝ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի հետ համագործակցությամբ։

Ներկայացման առաջնախաղը տեղի կունենա փետրվարի 25-ին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը Սիմոն Աբգարյանը, որը նաև պիեսի հեղինակն է, ընդգծեց՝ չի կարելի հերքել մեծերի ժառանգությունը, դիցաբանությունը, որոնք սնունդ են թատրոնի համար. եթե ժխտես, ուրեմն կորել ես։ «Ինքս ինձ հարցնում եմ, թե ինչու եմ այս ամենն անում։ Հավատում եմ  թատրոնին, արվեստին։ Մենք փորձում ենք արձագանքել ժողովուրդներին, հիշեցնել այն ամենը, ինչը մոռացվել է։ Հաճախ մեզ թվում է, որ ամեն բան գիտենք, կրթվելու կարիք չկա, բայց այդպես չէ։ Հավատում եմ նաև լեզվի և լռության ուժին։ Նկատում եմ, որ լեզուն մի քիչ սնանկանում է, իսկ թատրոնն այն վայրն է, որը վերադարձնում է լեզուն ու բարձրացնում դրա արժեքը։ Ի վերջո, մեր քաղաքակրթության ակունքում լեզուն է»,-ընդգծեց նա։

Բեմադրություն անելիս Աբգարյանը կարևորում է դերասանների անցած ճանապարհն ու մարդկային որակները։ Վստահեցնում է՝ եթե Համազգայինի արտիստները հետաքրքիր չլինեին, վաղուց հեռացած կլիներ։  

«Հանդիպումը մարդկանց հետ հետաքրքիր է, պետք է համբերատար լինել, պետք է սիրով լինել։ Ես նրանց հետ հաց եմ  կիսել, զրուցել եմ թատրոնի և այլ թեմաների շուրջ, տեսել եմ, թե ինչպես են ապրում։ Այս թատրոնի  տղաներն ու աղջիկները հերոսներ են։ Թատրոնով զբաղվելը, կյանքը թատրոնին նվիրելը հերոսություն է։ Մեր զինվորները պաշտպանել են մեր երկիրն ու զոհվել են նաև մշակույթի համար, որպեսզի մենք ապրենք։ Ինձ համար արվեստագետներն իշխանաձկների են նման։ Եթե ջուրը թունավորվի, առաջին մեռնողները նրանք կլինեն»,-ասաց ռեժիսորը։

Սիմոն Աբգարյանը Եվրոպայում մեծ ճանաչում է վայելում որպես բեմադրիչ և թատրոնի դերասան, սակայն Հայաստանում նրան առավել լավ գիտեն «Արարատ», «Արամ» և մի շարք այլ վարկանիշային ֆիլմերից։ Մի քանի ամսից կինոյի երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու Շառլ դը Գոլի մասին ֆիլմը։ Դը Գոլի կերպարում Աբգարյանն է։ Ըստ նրա՝ կինոն ու թատրոնն ունեն մեկ ընդհանրություն՝ երկու դեպքում էլ դերասանը պետք է խաղա, պետք է ապրի իր դերակատարումը։  

«Պետք է ապրենք, բայց չպետք է մոռանանք, որ ունենք դրամա, հանդիպել ենք պատմական անարդարության, որը պատահել է մեր ազգի հետ։ Չպետք է էջը թերթել, բայց ապրել հարկավոր է։ Ինձ համար «Արամ» ֆիլմն արարողության պես բան էր։ Հիշում եմ՝ Ֆրանսիայում՝ կինոթատրոնում ֆիլմի ցուցադրությունն էր։ Այն դրվագի ժամանակ, երբ Արամը «խփում» է հյուպատոսին, դահլիճը ծափահարեց, իսկ ֆրանսիացիներից մեկը զարմացավ, թե ինչու են ծափահարում, երբ մարդ է սպանվում։ Առաջարկեցի նրան մի կտոր հաց ուտել միասին ու ամեն բան բացատրեցի։ Կան Արամներ ու կան կատակերգություններ, այլ ժանրեր և պետք է չմոռանալով պատմությունը՝ ապրել»,-շեշտեց Սիմոն Աբգարյանը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն էլ հիշեցրեց, որ երկու տարի առաջ, երբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Ֆրանսիա, իսկ Ֆրանսիայի մշակույթի նախարարը՝ Հայաստան, երկու երկրների միջև մշակութային կապերը զարգացելու նպատակով որոշ նախագծեր են մշակվել։ Հենց այդ գաղափարի շնորհիվ է 2024-ին Սիմոն Աբգարյանն իր թատերախմբով եկել Հայաստան։

««Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացումը ցուցադրվեց երկու օր, և դահլիճում ոչ մի ազատ տեղ չկար՝ չնայած այն ֆրանսերեն էր։ Մենք հասկացանք, որ մեր հանդիսատեսը պատրաստ է բարձրակարգ ներկայացումներ դիտել և որոշեցինք այս անգամ ներկայացնել Սիմոն Աբգարյան ռեժիսորին ու դրամատուրգին»,-նշեց Դանիելյանն ու խոստովանեց՝ երբ տարիներ առաջ ծանոթացել է Աբգարյանի հետ, երազել է նրան հյուրընկալել Հայաստանում և տեղացիներին ծանոթացնել Աբգարյանի արվեստին։  

Փոխնախարարը վստահեցրեց՝ Հայաստանի բոլոր թատրոնների դռները բաց են Սիմոն Աբգարյանի առաջ։

Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար և Պենելոպեի դերակատար Նարինե Գրիգորյանի խոսքով՝ ամեն բան սկսվել է 2021 թվականին, երբ առաջին անգամ մասնակցել են Չեխովի անվան փառատոնին։ «Մեզնից հետո ներկայանալու էր Ֆրանսիան՝ Սիմոն Աբգարյանի «Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացմամբ։ Այն փաստը, որ իմ հայրենակիցն է, հրաշալի էր։ Սիմոնի հետ շփվելը երջանկություն էր։ Ի՞նչ անել, որ Աբգարյանը գա մեր թատրոն միտքը տանջում էր ինձ այդ օրերից սկսած։ Մի քանի տարի անց պարոն Դանիելյանը ծանոթացրեց Սիմոն Աբգարյանի հետ ու առաջարկեց համատեղ ինչ-որ նախագիծ մտածել, և սկսվեց երազանքի ճանապարհը»,-հիշեց Գրիգորյանը։

Անդրադառնալով Պենելոպեի կերպարին՝ Գրիգորյանը ասաց, որ հերոսուհին նշում է՝ քսան տարի իր ամուսնուն սպասելն ու նրան հավատարիմ մնալն իրեն ոչ ոք չի պարտադրել, դա իր որոշումն է եղել։ «Այն ներքին ուժը, որն ունի Պենելոպեն, զարմանալի է։ Սա դրամա չէ. մենք հոգեբանական թատրոն չենք ներկայացնում, այլ՝ էպիկական։ Ավելորդաբանություններից զերծ են կերպարները. մաքուր են, մոնումենտալ են։ Դրան հասնելը բավականին դժվար էր, բայց մենք շատ լավ առաջնորդ ունենք։ Չեք պատկերացնի, թե փորձերի սկզբում որքան անիմաստ շարժումներ էինք անում, Սիմոնն ասում էր, որ պետք չէ։ Չէինք պատկերացնում, թե ինչպես է դա հնարավոր, իսկ հիմա կանգնում ենք բեմին ու հասկանում, որ այն մերն է, իսկ խոսքը շատ զորեղ է։  Շնորհակալ եմ այդ նոր զգացողությունների համար»,-ընդգծեց դերասանուհին։

Սիմոն Աբգարյանը չխոսեց այդ մասին, սակայն Նարինե Գրիգորյանն ասաց, որ ներկայացումն ինքնակենսագրական տարր ունի. Աբգարյանի մայրը ութ տարի սպասել է ամուսնուն, որը պատերազմի է մեկնել։

Նա մեծագույն իրադարձություն համարեց նաև այն, որ բացահայտվում է Սիմոն Աբգարյան դրամատուրգը, որը շատ հետաքրքիր պիեսներ ունի, որոնք ֆրանսերենից հայերեն է թարգմանել Շուշանիկ Թամրազյանը։ Պիեսների գիրքն առաջնախաղերին կներկայացվի թատրոնում։

Հունական դիցաբանության և համաշխարհային մշակույթի մեջ Պենելոպե անունը կապվում է ուժեղ կնոջ և հավատարմության գաղափարի հետ։ Սիմոն Աբգարյանի «Պենելոպե, օ՜, Պենելոպե» պիեսը նոր հայացք է Ոդիսևսի կնոջ՝ Հոմերոսի «Ոդիսական»-ի կենտրոնական կերպարներից մեկի պատմությանը։ Ներկայացման հերոսուհին՝ Դինահը, որը քսան տարի սպասում է պատերազմից ամուսնու վերադարձին, պարզապես հավատարիմ մնալու օրինակ չէ: Դա հավատարմություն է իր աշխարհի բարոյական արժեքներին՝ ընտանիքին, սեփական արմատներին, ինքն իրեն անդավաճան մնալու իրավունքին։

Մյուս բևեռում Անթեն է, որը համառորեն փորձում է ամուսնանալ հերոսուհու հետ: Նա գիշատիչ է՝ պատրաստ ամեն ինչի՝ իր նպատակին հասնելու համար։

Ներկայացման առանձին թեմա է Էլիասի ճակատագիրը: Նա պատերազմից վերադարձել է և որդեգրել պացիֆիզմի գաղափարները։

Դասական կանոնների համաձայն՝ ներկայացման բոլոր իրադարձությունները տեղի են ունենում մեկ օրում՝ շաբաթ օրը։ Հերոսները պաշտպանում են իրենց ճշմարտությունը և սպասում կիրակի օրվան՝ հոգևոր հարությանը։

Ներկայացման մեջ զբաղված են Նարինե Գրիգորյանը, Վարշամ Գևորգյանը, Նարեկ Բաղդասարյանը, Ալլա Սահակյանը, Տաթև Հովակիմյանը, Անդրանիկ Միքայելյանը, Միլենա Ղազարյանը։

Ներկայացման երաժշտական ձևավորումն իրականացրել է Տատյանա Բուրելը (Ռուսաստան), երաժշտությունը՝ «Վանական» ռոք խմբի, զգեստները՝ Թամարա Բարոյանի, լույսի նկարիչը Զարուհի Թարխանյանն է։

Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի և Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի համագործակցությամբ՝ նպաստելով մշակութային երկխոսության խորացմանը և միջազգային ստեղծագործական կապերի ամրապնդմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում