Եվրամիությունը ՀՀ-ում դիտորդական առաքելության նոր ղեկավար է նշանակել

3 րոպեի ընթերցում

Եվրոպական միության խորհուրդը Սատու Կոյվուին նշանակել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի պաշտոնում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Եվրոպական խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Սատու Կոյվուն իր պարտականությունները կստանձնի 2026 թվականի փետրվարի 20-ից՝ փոխարինելով առաքելության արդեն նախկին ղեկավար Մարկուս Ռիտերին։  

Սատու Կոյվուն Ֆինլանդիայի ոստիկանության ավագ սպա է։ Նա ազգային և միջազգային մակարդակներում ավելի քան 35 տարվա փորձ ունի։ Կայվուն միջազգային լայնածավալ փորձ է ձեռք բերել ՝ զբաղեցնելով բարձր պաշտոններ պաղեստինյան տարածքներում, Ռուանդայում, Նամիբիայում և Կիպրոսում գործունեություն ծավալած ՄԱԿ-ի և ԵՄ առաքելություններում։

Կոյվուն առաքելության ղեկավար նշանակվելուց առաջ աշխատել է Ֆինլանդիայի ազգային ոստիկանության խորհրդում` որպես Էսպոո քաղաքի ոստիկանության կադրերի բաժնի ղեկավար։   

«Քաղաքացիական առաքելությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության աջակցման ԵՄ ջանքերի կարևոր բաղադրիչ է։ Առաքելության նպատակն է վերահսկել և զեկուցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հայկական կողմում տեղում տիրող իրավիճակի մասին և նպաստել այդ տարածքներում անվտանգությանը»,-ասված է Եվրոպական խորհրդի հաղորդագրության մեջ։

ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում տեղակայվել էր 2023 թվականին՝ 2 տարի ժամկետով։  2025 թվականի հունվարին ԵՄ խորհուրդը առաքելության գործունեության ժամկետը ևս երկու տարով երկարաձգելու որոշում կայացրեց։ Առաքելությունը պարեկություն է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին, մշտադիտարկում և զեկուցում է տեղում անվտանգության իրավիճակի վերաբերյալ։ ԵՄ դիտորդական առաքելության նպատակն է  նպաստել մարդկանց անվտանգությանը Հայաստանի՝ հակամարտությունից տուժած շրջաններում և տեղում վստահության մթնոլորտի ստեղծմանը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրում կա կետ, որի համաձայն՝ համաձայնագրի ստորագրումից և ուժի մեջ մտնելուց կողմերը պարտավորվում են միմյանց պետական սահմանին այլ երկրների ուժեր չտեղակայել։

Հայերեն العربية English Español فارسی Русский Türkçe 中文

Սիրիահայ գործարարը Երևանի Մատենադարանին է ընծայաբերել 1491 թվականին գրչագրված Շարակնոց

ԵԱՏՄ-ն կուսումնասիրի Հորդանանի, ՀԱՀ-ի և Զիմբաբվեի հետ ազատ առևտրի համաձայնագրերը

Առողջապահության նախարարն անդրադարձել է Բյուրեղավանում և Ծավ բնակավայրում արձանագրված ջրի որակի խախտումներին

Կանադան ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու Բրյուսելի առաջարկը

Երևանում մեկնարկել է «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովը

Չինաստանից՝ Հայաստան. հեռավար վիրահատություն «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ում

Ռուբեն Մխիթարյանն ընտրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Մեցոլան խոսել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի՝ ԵՄ ասոցացված անդամներ դառնալու հնարավորության մասին

Նեպալում հեղեղումներից հետո անհետ կորածների թիվը գերազանցել է 6 հազարը