Հին աշխարհի ժողովուրդները՝ մեկ հավաքածուում. նկարիչ և դիզայներ Աննա Հարությունյանը փայլուն է ներկայացել Նյու Յորքի Unique Fashion Show-ում
7 րոպեի ընթերցում
ՀՀ վաստակավոր նկարիչ, հագուստի դիզայներ Աննա Հարությունյանի ստեղծագործություններն ինքնանպատակ չեն. նկարում է, հավաքածուներ է ստեղծում՝ մարդկանց ուշադրությունը համամարդկային արժեքների վրա հրավիրելու համար։ Նկարչուհու գործերի առանցքում աշխարհն է, կրոնն է, անհատն է, տարբեր ազգերն են՝ իրենց ավանդույթներով ու սովորույթներով։
Նրա վերջին հավաքածուն, որով աշխարհի հնագույն ժողովուրդների կերպարներն է ստեղծել, ներկայացվել է Նյու Յորքի սրտում՝ Park Avenu Manhattаn-ում կազմակերպված Unique Fashion Show-ի շրջանակում։ Հավաքածուն մեծ հաջողություն է գրանցել։ Ցուցադրությանը ներկա մասնագետներն ու ոլորտի այլ ներկայացուցիչները տպավորվել են Հարությունյանի ինքնատիպ աշխատանքներով, յուրահատուկ մտածողությամբ ու ձեռագրով։
Նկարչուհին ոգևորված է վերադարձել Հայաստան և «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմել իր տպավորությունների, արվեստի հանդեպ սիրո և անելիքների մասին։
Շոուին մասնակցելու հրավեր է ստացել նախորդ տարի Փարիզում կազմակերպված Unique Fashion Show-ի շնորհիվ, որում ևս մեծ հաջողություն է ունեցել։
«Պատրաստել էի նոր հավաքածուն՝ բաղկացած քսան հագուստից։ Ցուցադրությունում ներառեցի արդեն սիրված մի քանի հագուստ ևս։ Թե՛ Փարիզում, թե՛ Նյու Յորքում հավաքածուները թատերականացված ձևաչափով ներկայացրի։ Ասես հին աստվածների կերպարները կերտած լինեինք. հին աշխարհի՝ Ասորեստանի, Բաբելոնի, Հայաստանի ժողովուրդների ինքնությունն էի ընդգծել։ Նպատակս էր տարբեր ժողովուրդներին միավորել մեկ Աստծո լույսի գաղափարի շուրջ։ Հաճախ եմ նշում, որ ցանկանում եմ վերակենդանացնել ու ժամանակակից լեզվով մատուցել պատմությունը։ Հավաքածուիս հերոսները կենդանանում ու մարդկանց սթափության կոչ են անում, հիշեցնում, որ եղել են, չեն վերացել ու հորդորում են չմոռանալ մեր արմատների մասին»,-պատմում է նկարչուհին։
Հարությունյանը հատուկ է նման գաղափարով ներկայացել աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկում։ Ասում է՝ պատերազմների ֆոնին մարդիկ հեռանում են իրենց եսից, Աստծո գաղափարից, խոսքից, որի մասին պետք է հիշեցնել։
«Տասնվեց տարեկան էի, երբ ինձ հետաքրքրեցին կրոնը, Աստվածաշունչը, փիլիսոփայությունն ու սկսեցի ուսումնասիրել այդ ոլորտները։ Այդ ամենն արտացոլվեց իմ արվեստում։ Թե՛ նկարներս, թե՛ հավաքածուներս խոսում են համամարդկային արժեքների մասին, և իմ գործերում կան հարցադրումներ. ինչո՞ւ ես ծնվել, ո՞ւր ես գնում և այլն։ Ստեղծել եմ «Աշխարհի 7 խորհրդանիշները», «Աշխարհի խաչելությունը», «Աշխարհի ստեղծման գաղափարը» մոնումենտալ աշխատանքները, որոնք մոգական ազդեցություն են ունենում մարդկանց վրա»,-նշում է նա։
Նորաձևության ցուցադրությունից զատ Հարությունյանի այցը Նյու Յորք նշանավորվել է մեկ այլ կարևոր իրադարձությամբ։ Նա մասնակցել է Art Estate Awards հեղինակավոր մրցանակաբաշխությանն ու արժանացել է «Տարվա արտիստ» (Artist of the Year) մրցանակին։ Մրցանակաբաշխությանը մասնակցել են նկարիչներ, հավաքորդներ, երաժիշտներ, դիրիժորներ և արվեստի այլ ոլորտների ներկայացուցիչներ աշխարհի տարբեր ծայրերից։ Հենց այդ միջոցառմանը Cultural Icon Award-ի է արժանացել նաև Նյու Յորքի քաղաքային օպերայի գործադիր և երաժշտական տնօրեն Կոնստանտին Օրբելյանը։
«Մրցանակս նվիրում եմ իմ Հայաստանին, իմ սիրած քաղաքին՝ Երևանին և իմ քեռուն՝ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Տիգրան Եսայանին, որը կյանքից հեռացավ Նյու Յորք մեկնելուցս օրեր առաջ»,-ասում է նկարչուհին։
Մինչ մրցանակաբաշխությունը Աննա Հարությունյանի մասին հետաքրքիր և ընդգրկուն հոդվածներ են հրապարակել հեղինակավոր պարբերականները, որոնցից է Art Estate magazine-ը, իսկ շոուին համապարփակ հոդվածով անդրադարձել է Bazaar-ը։
«Յուրաքանչյուր հաղթանակից հետո ավելի ես ոգևորվում, հասկանում ես, որ մարդիկ նորության, կախարդանքի, լավ խոսքի կարիք ունեն։ Վերադարձից հետո նոր հավաքածուի և նոր նկարների գաղափարներ են ծնվում»,-նշում է նա և հավելում՝ նաև Universe Art Internatioanal Festival-ի համանախագահն է։ Փառատոնի շրջանակում աշխարհի տարբեր երկրներում ներկայացնում է հայ երեխաների ստեղծագործությունները։ Այս անգամ ցուցադրություն են կազմակերպել Նյու Յորքում։ Ներկայացվել է 70 աշխատանք։ Ցուցահանդեսին ներկա է եղել նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը։
Աննա Հարությունյանը Փանոս Թերլեմեզյանի անվան արվեստի ուսումնարանն ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Դյուսելդորֆի գեղարվեստական ակադեմիայում, այնուհետև գերազանցությամբ ավարտել է Դուրենի NRW արվեստի ակադեմիայի մոնումենտալ նկարչության բաժինը:
2000 թվականին է վերադարձել Հայաստան և 25 տարեկանում դարձել է Հայաստանի նկարիչների միության երիտասարդական միավորման նախագահ։ Համագործակցել է թատրոնների հետ, բեմական հագուստի ձևավորումներ է արել, մասնակցել է Երևանի տարբեր անկյունների ձևավորման աշխատանքներին։ «Հովեր» երգչախմբի առաջին հագուստների հեղինակն է։ Աշխատել է նաև Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հագուստների վրա։
Նկարչուհին մասնակցել է բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների, նրա աշխատանքները պահվում են Վենետիկի, Գերմանիայի թանգարաններում։
Արտերկրում հաստատվելու և ստեղծագործելու առաջարկներ շատ է ունեցել, սակայն նրա համար շատ կարևոր է Հայաստանում ապրելը։
«Միշտ ասում եմ՝ իմ Երևանի, իմ Հայաստանի ցավը տանեմ։ Աշխարհի որ ծայրում էլ լինեմ, այդ բառերը կրկնում եմ, որովհետև հասկանում եմ մեր պատմությունը, մեր ժողովրդի խորությունը, մեր արմատները, որոնք քաղաքակրթության ակունքներում են»,-շեշտում է Աննա Հարությունյանը՝ խոստանալով ապագայում էլ զարմացնել նկարչական ու դիզայներական հուզառատ աշխատանքներով։