Գիտություն

Աստղագետ Վլադիմիր Հայրապետյանը՝ ՆԱՍԱ-ի Goddard Center Director’s Award-ի դափնեկիր

2 րոպեի ընթերցում

Աստղագետ Վլադիմիր Հայրապետյանը՝ ՆԱՍԱ-ի Goddard Center Director’s Award-ի դափնեկիր

Բյուրականի աստղադիտարանի արտասահմանյան խորհրդատու Վլադիմիր Հայրապետյանը 2025 թվականին իրականացրած գիտական գործունեության համար արժանացել է ՆԱՍԱ-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի տնօրենների մրցանակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանից:

Հայ գիտնականը Goddard Center Director’s Award-ի մրցանակակիր է ճանաչվել արեգակա-աստղային ֆիզիկայի ոլորտում ուսումնասիրություններում բացառիկ առաջընթաց գրանցելու համար: Նրան հաջողվել է ցույց տալ, թե երիտասարդ Արեգակից ծագող հզոր պայթյունները ինչպես կարող էին խթանել կյանքի կառուցողական տարրերի ձևավորումը վաղ Երկրի վրա։

Վլադիմիր Հայրապետյանը վերջին շրջանում ունեցել է գիտական մի շարք ձեռքբերումներ: Մասնավորապես, Nature Astronomy հանդեսում հրապարակվել է երիտասարդ Արեգակի անալոգ աստղերից դիտված աստղային պայթյուններին նվիրված նրա աշխատությունը: Նույն հանդեսում տպագրված մեկ այլ հոդված վերաբերում է նոր ձևավորվող գիտական ուղղությանը՝ հելիոբիոլոգիային։

Chandra ռենտգենյան աստղադիտակի միջոցով իրականացված հետազոտության միջոցով էլ հայ աստղագետը բացահայտել է երիտասարդ Արեգակների ռենտգենյան ճառագայթման էվոլյուցիան։

Վլադիմիր Հայրապետյանը ՆԱՍԱ-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի հելիոֆիզիկայի գիտական բաժնի ավագ գիտաշխատող է, պրոֆեսոր, Ճապոնիայի Կիոտոյի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, աստղաֆիզիկայի գիտությունների թեկնածու:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում