Իրավունք

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2025 թվականին բռնագանձել է շուրջ 64 մլրդ դրամ

3 րոպեի ընթերցում

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2025 թվականին բռնագանձել է շուրջ 64 մլրդ դրամ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2025 թվականի գործունեության հաշվետու խորհրդակցությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ծառայությունից։

2025 թվականի ընթացքում ՀԿԱԾ կողմից ընթացք է տրվել շուրջ 2,8 մլն․ կատարողական վարույթի, բռնագանձվել շուրջ 64 մլրդ․ դրամ, ինչը նախորդ տարվա համադրելի ցուցանիշը գերազանցել է 11%-ով: Բռնագանձված գումարից պետական բյուջեի օգտին գանձվել է շուրջ 21 մլրդ․ դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ ավելի քան 39 մլրդ․ դրամ, ֆիզիկական անձանց օգտին` 3 մլրդից ավելի, ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով՝ 9 մլն․ դրամ։

Ծառայության ամփոփ տվյալների համաձայն՝ 2025 թվականի փետրվարի 1-ից Կառավարության որոշմամբ ուժի մեջ մտած անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից հաշվետու տարում օգտվել է շահառու ճանաչված 12,464 պարտապան։

Ամփոփելով արձանագրված ցուցանիշները՝ գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը դրական է գնահատել ծառայության 2025 թվականի գործունեությունը՝ միաժամանակ շեշտելով, որ 2026 թվականին անելիքները շատ են։

«Հարգելի՛ գործընկեր, պետք է նշեմ, որ ներկայացված թվական ցուցանիշներն, ըստ էության, խոսում են Ծառայության դրական գործունեության մասին։ 2025 թվականի ընթացքում թեև հարուցված և վերսկսված կատարողական վարույթների քանակը նվազել է, այնուամենայնիվ, հօգուտ պահանջատերերի բռնագանձված գումարն էականորեն գերազանցում է Հարկադիր կատարման ծառայության պատմության ընթացքում որևէ տարեթվին կատարված գանձումները։ Նշված դրական ցուցանիշների հետ մեկտեղ պետք է արձանագրեմ, որ Ծառայությունը դեռևս ամբողջ ծավալով չի իրացրել իր պոտենցիալը կատարման ենթակա ակտերի կատարումն ապահովելու մասով։ Պետք է աշխատենք թիմային մթնոլորտում՝ նպատակ ունենալով ապահովել պետության և քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը»,- նշել է Ամիրխանյանը։

Սիրո Ամիրխանյանը 2026 թվականի առաջնահերթություններից առանձնահատուկ շեշտել է թվայնացման շարունակականությունը, «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի արդյունավետ կիրարկումը, հարկադիր կատարողների մշտապես վերապատրաստումը, միջազգային և միջգերատեսչական համագործակցությունը։

Խորհրդակցության ավարտին գլխավոր հարկադիր կատարողի հրամանով տարվա ընթացքում ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ և բարեխիղճ կատարած  մի շարք աշխատակիցների հանձնվել են գերատեսչական պարգևներ ու շնորհակալագրեր։

Ավանդույթի համաձայն՝ «Լավագույն բաժին» փոխանցիկ անվանակարգային մրցանակներ են հանձնվել ՀԿԱԾ Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնին և Ֆինանսական բաժնին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում