Տաղանդը կարող է ժամանակի ընթացքում խամրել, բռնցքամարտում աշխատասիրություն է պետք. Էլիդա Քոչարյան
7 րոպեի ընթերցում
Կանանց բռնցքամարտը ժամանակի հետ առաջադիմում է: Վերջին տարիներին կանանց հավաքականից Հայաստանն ունեցավ մեծահասակների ու երիտասարդների Եվրոպայի չեմպիոններ: Նախորդ երկու տարիներին Եվրոպայի երիտասարդների չեմպիոնը Էլիդա Քոչարյանն է, ով տեղափոխվում է մեծահասակների տարիքային խումբ: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում Քոչարյանը պատմել է պարից բռնցքամարտին անցնելու, մարզաձևի ինքնատիպության, երազանքների մասին:
-Էլիդա, պատմեք խնդրում եմ Ձեր մասին. ինչպե՞ս սկսվեց բռնցքամարտում Ձեր ճանապարհը:
-Մինչև բռնցքամարտով զբաղվելը 11 տարի պարել եմ` հայկական ժողովրդական, դասական ու մոդեռն պարեր: Ու երբեք մտքովս չէր էլ անցնի, որ հնարավոր է, որ մի օր բռնցքամարտով պիտի մարզվեմ: Ինձ չէր էլ հետաքրքրում այս մարզաձևը ու նույնիսկ դուրս չէր գալիս, երբ հայրս հեռուստացույցով նայում էր բոլոր մենամարտերը: Պարի դասերի ընթացքում հորեղբայրս ինձ առաջարկեց գնալ բռնցքամարտի` ասելով, որ բարձրահասակ եմ, ճարպիկ ու ձեռքերս երկար են: Եվ մի օր, պարզապես նրան չնեղացնելու համար, գնացի մարզման ու դրանից հետո ամեն ինչ այստեղ դուր է գալիս: Արդեն 16 տարեկանում ամբողջությամբ հրաժարվեցի պարից ու մտա բռնցքամարտ:
-Ինչպե՞ս արձագանքեցին Ձեր ընտանիքի անդամները:
-Սկզբնական շրջանում ընտանիքիս անդամները դժվարությամբ էին ընդունում այդ փաստը, բայց երբ տեսան, որ սերս դեպի այս մարզաձևը շատ է` համաձայնեցին:
-Իսկ եղե՞լ է մի մրցաշար, որը Ձեզ համար բեկումնային է եղել մարզաձևում մնալու որոշում կայացնելու հարցում:
-Ինձ համար որոշիչ էր առաջին մենամարտս, որն ունեցա 6-7 ամիս մարզվելուց հետո: Այդ ժամանակ հաղթեցի 8 տարի բռնցքամարտով զբաղվող մարզիկին: Այդ ժամանակ էր, որ հասկացա` հնարավոր է, որ հաջողեմ:
-Էլիդա, Դուք երիտասարդների Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր եք: Ի՞նչ կարևորություն ունեն Ձեզ համար այս չեմպիոնությունները, քանի որ արդեն տեղափոխվում եք մեծահասակների տարիքային խումբ:
-Երիտասարդների առաջնությունների նվաճումները լավ սկիզբ եմ համարում մեծահասակների մրցաշարերին մասնակցելու համար: Բայց ինձ համար կարևոր խոսքեր են մարզիչիս խոսքերը՝ կարևոր չէ, թե քանի անգամ ես դարձել չեմպիոն, այդ էջը պետք է փակել հաջորդ իսկ օրն ու առաջ գնալ, միշտ առաջ գնալ: Հիմա, երբ արդեն մասնակցում եմ մեծահասակների մրցաշարերին, ինձ համար ակնհայտ տարբեր մրցաշարեր են դրանք: Սակայն անհնարին չեմ համարում առավել մեծ նվաճումների հասնելն այդ տարիքային խմբում ևս:
-Բոլորս ունենք այն մեկին, ով մեզ համար մոտիվացիայի աղբյուր է: Ո՞վ է Ձեր օրինակը բռնցքամարտում:
-Ի սկզբանե Մուհամեդ Ալին է եղել, ում սիրել եմ: Նա բարձրահասակ է, ոտքերի աշխատանքն ավելի լավն է` պարային: Հիմա` բռնցքամարտի զարգացման հետ մեկտեղ, սիրելի բռնցքամարտիկներից է ինձ համար Դեյվիս Ջերմոնտան:
-Ո՞րն է Ձեր առավելությունը ռինգում, ո՞րն է Ձեր ուժեղ կողմը:
-Գուցե առանձնացնեմ այն, որ հոգեբանորեն կայուն եմ: Ու այն մտքով եմ ռինգ մտնում միշտ, որ պայքարելու եմ ամեն րոպե: Ու համառությունը, որպես բնավորության գիծ, ինձ մոտ ձևավորվել է ժամանակի ընթացքում:
-Էլիդա, պարը և բռնցքամարտը տարբեր աշխարհներ են, գուցե նմանությունը միայն ոտքերի արագ աշխատանքն է: Ի՞նչ եք «վերցրել» պարից, որն այժմ օգնում է բռնցքամարտում:
-Այո, շատ բաներ եմ վերցրել, գուցե հենց նման բաների շնորհիվ է, որ բռնցքամարտում հաջողության հասա առավել արագ:
-Ո՞րն է Ձեզ համար բռնցքամարտի գեղեցկությունը:
-Երևի մենամարտի ժամանակ բռնցքամարտիկի պայքարելու ձգտումը նույնիսկ այն ժամանակ, երբ մի շարք վնասվածքներ է ունենում:
-Ձեզ ապագայում տեսնում ե՞ք պրոֆեսիոնալ ռինգում:
-Մտքեր ունեմ, այո, բայց ինձ համար դեռ վաղ է այդ ուղղությամբ մտածելը, քանի որ մեծ երազանք ունեմ` մասնակցել Օլիմպիական խաղերին, քանի որ Հայաստանի պատմության մեջ չի եղել Օլիմպիական խաղերի կին մասնակից:
-Բռնցքամարտում կարևոր է տաղա՞նդը, աշխատասիրությո՞ւնը, թե՞ միայն երկուսի համադրությունը կբերի ցանկալի արդյունքի:
-Երկուսի համադրությունը, բայց մեկ տոկոս առավելություն պիտի ունենա միայն աշխատասիրությունը: Տաղանդը կարող է ժամանակի ընթացքում խամրել` բռնցքամարտում աշխատասիրություն է պետք:
-Ներկայում ո՞վ է գործող բռնցքամարտիկներից լավագույնն ըստ Ձեզ:
-Հայազգի բռնցքամարտիկներից լավագույնը Հովհաննես Բաչկովն է, իսկ համաշխարհային սպորտից` Դեյվիս Ջերմոնտան:
-Եթե ունենայիք մեկ հնարավորություն մենամարտելու որևէ մարզիկի հետ, ո՞ւմ կընտրեիք:
-Քեյլի Հարիգթոնին, ով Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն էր, ում պարտվել եմ նախորդ աշխարհի առաջնության ժամանակ:
-Ո՞րն է մեծագույն արժեքը, որ գնահատում եք դիմացինի մեջ:
-Վստահությունն ու շնորհակալ լինելը:
-Եթե հնարավորություն ունենայիք զրուցելու հայտնի հայերից որևէ մեկի հետ, ո՞վ կլիներ նա:
-Հայկական բռնցքամարտի լեգենդ Վլադիմիր Ենգիբարյանը:
-Ո՞ւմ եք զանգում առաջինը լավ լուր ստանալիս:
-Մայրիկիս:
-Եթե հայտնվեիք անմարդաբնակ կղզում, ի՞նչ և ո՞ւմ կվերցնեիք Ձեզ հետ:
-Կվերցնեմ ընկերներիցս Էլենին ու ուտելիք (հեղ. ծիծաղում է):
-Եթե տեսնեիք Աստծուն, ի՞նչ կասեիք:
-Շնորհակալություն ամեն ինչի համար, ինչ ունեմ:
-Էլիդա, ես էլ շատ շնորհակալ եմ անմիջական զրույցի համար:
Հայաստանի բռնցքամարտի կանանց թիմի անդամ Էլիդա Քոչարյան
Հայաստանի բռնցքամարտի կանանց թիմի անդամ Էլիդա Քոչարյան
Հայաստանի բռնցքամարտի կանանց թիմի անդամ Էլիդա Քոչարյան
Հայաստանի բռնցքամարտի կանանց թիմի անդամ Էլիդա Քոչարյան
Հայաստանի բռնցքամարտի կանանց թիմի անդամ Էլիդա Քոչարյան
Հայաստանի բռնցքամարտի կանանց թիմի անդամ Էլիդա Քոչարյան
Հայաստանի բռնցքամարտի կանանց թիմի անդամ Էլիդա Քոչարյան
Հայաստանի բռնցքամարտի կանանց թիմի անդամ Էլիդա Քոչարյան