Սպորտ

Տաղանդը կարող է ժամանակի ընթացքում խամրել, բռնցքամարտում աշխատասիրություն է պետք. Էլիդա Քոչարյան

6 րոպեի ընթերցում

Տաղանդը կարող է ժամանակի ընթացքում խամրել, բռնցքամարտում աշխատասիրություն է պետք. Էլիդա Քոչարյան

Կանանց բռնցքամարտը ժամանակի հետ առաջադիմում է: Վերջին տարիներին կանանց հավաքականից Հայաստանն ունեցավ մեծահասակների ու երիտասարդների Եվրոպայի չեմպիոններ: Նախորդ երկու տարիներին Եվրոպայի երիտասարդների չեմպիոնը Էլիդա Քոչարյանն է, ով տեղափոխվում է մեծահասակների տարիքային խումբ: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում Քոչարյանը պատմել է պարից բռնցքամարտին անցնելու, մարզաձևի ինքնատիպության, երազանքների մասին:

-Էլիդա, պատմեք խնդրում եմ Ձեր մասին. ինչպե՞ս սկսվեց բռնցքամարտում Ձեր ճանապարհը:

 -Մինչև բռնցքամարտով զբաղվելը 11 տարի պարել եմ` հայկական ժողովրդական, դասական ու մոդեռն պարեր: Ու երբեք մտքովս չէր էլ անցնի, որ հնարավոր է, որ մի օր բռնցքամարտով պիտի մարզվեմ: Ինձ չէր էլ հետաքրքրում այս մարզաձևը ու նույնիսկ դուրս չէր գալիս, երբ հայրս հեռուստացույցով նայում էր բոլոր մենամարտերը: Պարի դասերի ընթացքում հորեղբայրս ինձ առաջարկեց գնալ բռնցքամարտի` ասելով, որ բարձրահասակ եմ, ճարպիկ ու ձեռքերս երկար են: Եվ մի օր, պարզապես նրան չնեղացնելու համար, գնացի մարզման ու դրանից հետո ամեն ինչ այստեղ դուր է գալիս: Արդեն 16 տարեկանում ամբողջությամբ հրաժարվեցի պարից ու մտա բռնցքամարտ:

-Ինչպե՞ս արձագանքեցին Ձեր ընտանիքի անդամները:

-Սկզբնական շրջանում ընտանիքիս անդամները դժվարությամբ էին ընդունում այդ փաստը, բայց երբ  տեսան, որ սերս դեպի այս մարզաձևը շատ է` համաձայնեցին:

-Իսկ եղե՞լ է մի մրցաշար, որը Ձեզ համար բեկումնային է եղել մարզաձևում մնալու որոշում կայացնելու հարցում:

-Ինձ համար որոշիչ էր առաջին մենամարտս, որն ունեցա 6-7 ամիս մարզվելուց հետո: Այդ ժամանակ հաղթեցի 8 տարի բռնցքամարտով զբաղվող մարզիկին: Այդ ժամանակ էր, որ հասկացա` հնարավոր է, որ հաջողեմ:

-Էլիդա, Դուք երիտասարդների Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր եք: Ի՞նչ կարևորություն ունեն Ձեզ համար այս չեմպիոնությունները, քանի որ արդեն տեղափոխվում եք մեծահասակների տարիքային խումբ:

-Երիտասարդների առաջնությունների նվաճումները լավ սկիզբ եմ համարում մեծահասակների մրցաշարերին մասնակցելու համար: Բայց ինձ համար կարևոր խոսքեր են մարզիչիս խոսքերը՝ կարևոր չէ, թե քանի անգամ ես դարձել չեմպիոն, այդ էջը պետք է փակել հաջորդ իսկ օրն ու առաջ գնալ, միշտ առաջ գնալ: Հիմա, երբ արդեն մասնակցում եմ մեծահասակների մրցաշարերին, ինձ համար ակնհայտ տարբեր մրցաշարեր են դրանք: Սակայն անհնարին չեմ համարում առավել մեծ նվաճումների հասնելն այդ տարիքային խմբում ևս:

-Բոլորս ունենք այն մեկին, ով մեզ համար մոտիվացիայի աղբյուր է: Ո՞վ է Ձեր օրինակը բռնցքամարտում:

-Ի սկզբանե  Մուհամեդ Ալին է եղել, ում սիրել եմ: Նա բարձրահասակ է, ոտքերի աշխատանքն ավելի լավն է` պարային: Հիմա` բռնցքամարտի զարգացման հետ մեկտեղ, սիրելի բռնցքամարտիկներից է ինձ համար Դեյվիս Ջերմոնտան:  

-Ո՞րն է Ձեր առավելությունը ռինգում, ո՞րն է Ձեր ուժեղ կողմը:

-Գուցե առանձնացնեմ այն, որ հոգեբանորեն կայուն եմ: Ու այն մտքով եմ ռինգ մտնում միշտ, որ պայքարելու եմ ամեն րոպե: Ու համառությունը, որպես բնավորության գիծ, ինձ մոտ ձևավորվել է ժամանակի ընթացքում:

-Էլիդա, պարը և բռնցքամարտը տարբեր աշխարհներ են, գուցե նմանությունը միայն ոտքերի արագ աշխատանքն է: Ի՞նչ եք «վերցրել» պարից, որն այժմ օգնում է բռնցքամարտում:

 -Այո, շատ բաներ եմ վերցրել, գուցե հենց նման բաների շնորհիվ է, որ բռնցքամարտում հաջողության հասա առավել արագ:

-Ո՞րն է Ձեզ համար բռնցքամարտի գեղեցկությունը:

-Երևի մենամարտի ժամանակ բռնցքամարտիկի պայքարելու ձգտումը նույնիսկ այն ժամանակ, երբ մի շարք վնասվածքներ է ունենում:

-Ձեզ ապագայում տեսնում ե՞ք պրոֆեսիոնալ ռինգում:

-Մտքեր ունեմ, այո, բայց ինձ համար դեռ վաղ է այդ ուղղությամբ մտածելը, քանի որ մեծ երազանք ունեմ` մասնակցել Օլիմպիական խաղերին, քանի որ Հայաստանի պատմության մեջ  չի եղել Օլիմպիական խաղերի կին մասնակից:

-Բռնցքամարտում կարևոր է տաղա՞նդը, աշխատասիրությո՞ւնը, թե՞ միայն երկուսի համադրությունը կբերի ցանկալի արդյունքի:

-Երկուսի համադրությունը, բայց մեկ տոկոս առավելություն պիտի ունենա միայն աշխատասիրությունը: Տաղանդը կարող է ժամանակի ընթացքում խամրել` բռնցքամարտում աշխատասիրություն է պետք:

-Ներկայում ո՞վ է գործող բռնցքամարտիկներից լավագույնն ըստ Ձեզ:

 -Հայազգի բռնցքամարտիկներից լավագույնը Հովհաննես Բաչկովն է, իսկ համաշխարհային սպորտից` Դեյվիս Ջերմոնտան:

-Եթե ունենայիք մեկ հնարավորություն մենամարտելու որևէ մարզիկի հետ, ո՞ւմ կընտրեիք:

-Քեյլի Հարիգթոնին, ով Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն էր, ում պարտվել եմ նախորդ աշխարհի առաջնության ժամանակ:

-Ո՞րն է մեծագույն արժեքը, որ գնահատում եք դիմացինի մեջ:

 -Վստահությունն ու շնորհակալ լինելը:

-Եթե հնարավորություն ունենայիք զրուցելու հայտնի հայերից որևէ մեկի հետ, ո՞վ կլիներ նա:

-Հայկական բռնցքամարտի լեգենդ Վլադիմիր Ենգիբարյանը:

-Ո՞ւմ եք զանգում առաջինը լավ լուր ստանալիս:

-Մայրիկիս:

-Եթե հայտնվեիք անմարդաբնակ կղզում, ի՞նչ և ո՞ւմ կվերցնեիք Ձեզ հետ:

 -Կվերցնեմ ընկերներիցս Էլենին ու ուտելիք (հեղ. ծիծաղում է):

 -Եթե տեսնեիք Աստծուն, ի՞նչ կասեիք:

 -Շնորհակալություն ամեն ինչի համար, ինչ ունեմ:

 -Էլիդա, ես էլ շատ շնորհակալ եմ անմիջական զրույցի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում