Իրան

Իրանում իրադրությունն ամբողջությամբ վերահսկողության տակ է. Արաղչի

3 րոպեի ընթերցում

Իրանում իրադրությունն ամբողջությամբ վերահսկողության տակ է. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկրում իրադրությունն ամբողջությամբ վերահսկողության տակ է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Al Jazeera-ն, Իրանի արտգործնախարարն այս մասին խոսել է Թեհրանում՝ օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ։

Արաղչին հայտնել է, որ համազգային բողոքի ցույցերը «բռնի և արյունալի են դարձել՝ Թրամփին միջամտելու առիթ տալու համար»։ Նա նշել է, որ բռնությունը կտրուկ աճել է շաբաթվա վերջին, բայց «իրավիճակն այժմ լիակատար վերահսկողության տակ է»։

ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ իրենք ունեն տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են զենքեր մատակարարվում ցուցարարներին՝ նշելով, որ Իրանի իշխանություններն առաջիկայում կհրապարակեն ձերբակալվածների խոստովանությունները։

Արաղչիի խոսքով՝ իշխանությունները «ուշադիր հետևում են» փողոցներում տեղի ունեցող իրադարձություններին։ Նրա համոզմամբ՝ ցույցերը «հրահրվել և բորբոքվել են» օտարերկրյա տարրերի կողմից։ Իրանի ԱԳ նախարարը խոստացել է, որ իրավապահները «կհետապնդեն» կատարվածի պատասխանատուներին։

Նա անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որում նշվում էր, թե ամերիկյան կողմը պատրաստ է միջամտելու, եթե իրանցի ցուցարարների դեմ ուժ կիրառվի՝ ասելով, որ դա պատրվակ է Իրանի ներքին գործերին միջամտելու համար։ «Մենք պատրաստ ենք պատերազմի, սակայն պատրաստ ենք նաև երկխոսության»,- նշել է Արաղչին։

Իրանի ԱԳ նախարարը հայտնել է նաև, որ շուտով երկրի ողջ տարածքում կվերականգնվի համացանցի հասանելիությունը։

Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ ցույցերի ընթացքում կան հարյուրավոր զոհեր։ Մասնավորապես, Assocated Press-ը, հղում անելով ամերիկյան իրավապաշտպան կազմակերպություններից մեկի տվյալներին, հայտնում է 544 զոհի մասին, որոնցից 496-ը ցուցարարներ են, իսկ 48-ը՝ իրավապահներ։ Լրատվամիջոցի տվյալներով՝ երկրում շուր երկու շաբաթ շարունակվող ցույցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 10600 մարդ։

Իրանում զոհերի հիշատակին եռօրյա սուգ է հայտարարվել։

Բողոքի ցույցերն Իրանում սկսվել էին 2025 թ. դեկտեմբերի վերջին իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և հիպերինֆլյացիայի պատճառով։ Սկզբում բողոքի ցույցերի հիմնական թեման դարձել են փոխարժեքի կտրուկ տատանումները և դրանց ազդեցությունը մեծածախ ու մանրածախ գների վրա: Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացել են քաղաքական բնույթ՝ թիրախավորելով Իրանի ներկայիս քաղաքական համակարգը:

Իրանական կողմը ցույցեր հրահրելու մեջ է մեղադրում ԱՄՆ-ին և Իսրայելին։

Երկրում օրեր շարունակ սահմանափակված է ինտերնետի հասանելիությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում