Աշխարհ

Վոլոդիմիր Զելենսկին և Էմանուել Մակրոնը Փարիզում քննարկում են Ուկրաինայի հարցը

2 րոպեի ընթերցում

Վոլոդիմիր Զելենսկին և Էմանուել Մակրոնը Փարիզում քննարկում են Ուկրաինայի հարցը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հունվարի 6-ին ժամանել է Փարիզ՝ «Ցանկացողների կոալիցիա»-ի կարևորագույն հանդիպմանը մասնակցելու համար։ Մինչ այդ նա բանակցություններ է անցկացնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Զելենսկին տեղեկացրել է իր տելեգրամյան ալիքում։

Նա ներկայացրել է ուղևորության հիմնական նպատակները՝ շեշտը դնելով Ուկրաինայի պաշտպանական կարողությունների ամրապնդմանը և անվտանգության իրական երաշխիքներին։

«Այսօր կարևոր բանակցություններ են լինելու «Ցանկացողների կոալիցիա»-ի ղեկավարների մակարդակով, ինչպես նաև հանդիպումներ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և ամերիկյան բանակցային թիմի ներկայացուցիչների հետ: Բանակցություններ, որոնք պետք է ավելի մեծ պաշտպանություն և ուժ ապահովեն Ուկրաինայի համար: Մենք ապավինում ենք մեր գործընկերների աջակցությանն ու այն քայլերին, որոնք կարող են երաշխավորել մեր ժողովրդի իրական անվտանգությունը»,- նշել է Զելենսկին:

Սպասվում է, որ Զելենսկիի և Մակրոնի հանդիպման ավարտին նրանց կմիանան ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներ Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիթքոֆը։ Այս մասին հայտնում է tsn.ua կայքը։

«Ցանկացողների կոալիցիա»-ի հանդիպմանն ակնկալվում է ավելի քան 30 երկրների ներկայացուցիչների մասնակցությունը. քննարկվելու են 2026 թվականին Ուկրաինայի աջակցությանը միտված կոնկրետ քայլերը։ Կողմերը մտադիր են նաև մանրակրկիտ վերլուծել խաղաղության առաջարկները, որոնք հետագայում ներկայացվելու են Վոլոդիմիր Զելենսկիի և Դոնալդ Թրամփի հանդիպման ընթացքում։

Եվրոպացի պաշտոնյաները լրագրողներին հայտնել են, որ հրադադարի հաստատման դեպքում Ուկրաինայում խաղաղապահների թիվը կարող է տատանվել 15-20 հազարի սահմանում։ Դրանց հիմնական մասը պետք է ապահովեն Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, որոնք պատասխանատու են ցամաքային և օդային բաղադրիչների համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում