Հայաստան

Ամփոփվել են «Իմ քայլը» հիմնադրամի 2025 թվականի գործունեության արդյունքները

3 րոպեի ընթերցում

Ամփոփվել են «Իմ քայլը» հիմնադրամի 2025 թվականի գործունեության արդյունքները

«Իմ քայլը» հիմնադրամն ամփոփել է 2025 թվականի գործունեության արդյունքները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Իմ քայլը» հիմնադրամն այդ մասին հաղորդագրություն է տարածել։

Նշվում է, որ հիմնադրամը 2026 թվականին շարունակելու է 2024 թվականի վերջին եռամսյակում որդեգրած ռազմավարությունը, որովհետև հիմնադրամի ամբողջ գործունեության հաջողությունը պայմանավորված է կրթությամբ։

Հանդիպման ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը ներկայացրել է տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, արձանագրված արդյունքներն ու ձեռքբերումները։

Նա առանձնահատուկ ուշադրություն է դարձրել հիմնադրամի աշխատակազմի և շահառուների շարունակական կրթության և վերապատրաստման կարևորությանը՝ այն դիտարկելով որպես արդյունավետ, որակյալ և կայուն գործունեության հիմնարար բաղադրիչ։

Ներկաները հաստատել են, որ մասնագիտական կարողությունների զարգացումը նշանակալի դեր է խաղացել Հայաստանի ողջ տարածքում իրականացվող ծրագրերի հաջող իրականացման և յուրաքանչյուրի անձնային աճի ապահովման գործում։

«Կարևոր ցուցանիշներից մեկն այն է, որ 2025 թվականին հիմնադրամի ծրագրերի շահառուների թիվը շուրջ 10 անգամ գերազանցել է 2024 թվականի սկզբի ցուցանիշը։ Այս աճը, բնականաբար, հանգեցրել է ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ բյուջեի ավելի քան երեք անգամ ավելացման, ինչը վկայում է հիմնադրամի գործունեության զարգացման, մեր հայրենակիցների կողմից հիմնադրամի հանդեպ վստահության բարձրացման, առկա ծրագրերի ընդլայնման և նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորությունների մասին։ Այս ցուցանիշները թե՛ ոգեշնչող, թե՛ պարտավորեցնող են՝ շարունակելու առաջ շարժվել՝ զարգանալով և զարգացնելով, սովորելով և սովորեցնելով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Աննա Հակոբյանը հատուկ ընդգծել է այն հանգամանքը, որ 2025 թվականին հիմնադրամի աշխատակազմի համար իրականացվել և ֆինանսավորվել են ոլորտային 7 տարբեր դասընթացներ և կարճաժամկետ, խտացված վերապատրաստումներ, իսկ ներկայում հիմնադրամի 5 աշխատակից սովորում են տարբեր բուհերում և ուսումնական կենտրոններում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել հիմնադրամի աշխատանքը, արձանագրված արդյունքները և կրթության կարևորությունը`  նշելով. «Եթե մեզ հարց տանք, թե մեր երկրի համար որոնք են երեք ամենակարևոր անհրաժեշտ առաջնահերթությունները, ապա պատասխանն առանց երկմտելու մեկն է՝ կրթություն, կրթություն, կրթություն»։

«Ամփոփիչ հանդիպումը ևս մեկ անգամ վերահաստատեց «Իմ քայլը» հիմնադրամի հանձնառությունը՝ շարունակել իր առաքելությունը՝ հիմնվելով թիմի մասնագիտական զարգացման, թափանցիկ կառավարման և երկարաժամկետ ազդեցություն ունեցող ծրագրերի իրականացման վրա, որոնք էապես նպաստում են Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու բարգավաճմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում