Մարդու իրավունքների ապահովումն ու պաշտպանությունը Հայաստանի հիմնական նպատակներից են․ Ռոբերտ Աբիսողոմոնյան

10 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների ապահովումն ու պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության հիմնական նպատակներից են։ ՀՀ–ն լիովին հանձնառու է մարդու իրավունքների ոլորտում ստանձնած իր միջազգային պարտավորությունների իրականացմանը և շարունակում է ակտիվ համագործակցությունը մարդու իրավունքների միջազգային կառույցների շրջանակներում գործող մոնիթորինգային մեխանիզմների հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային մեխանիզմի թվային գործիքի (AI-NEMRA) մեկնարկին նվիրված միջոցառման ընթացքում հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։

«Սա բոլորիս համար մի լավ առիթ է, որպեսզի Մարդու իրավունքների միջազգային օրը նշենք՝ աշխարհին ներկայանալով թվային նոր ու յուրահատուկ հարթակով, որն իր մեջ միավորում է մարդու իրավունքների, տեխնոլոգիաների, դիվանագիտության և նորարարության ոլորտները։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին և Եվրոպայի խորհրդի գրասենյակին մարդու իրավունքների ոլորտում ձևավորված երկարամյա արդյունավետ և վստահելի համագործակցության համար»,-իր ելույթում նշեց Աբիսողոմոնյանը։ 

Նա պատահական չհամարեց, որ պաշտոնապես մեկնարկող հարթակը մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդմանը միտված մոնիթորինգային ցանցը ներառում է հենց ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ճարտարապետության շրջանակներում Հայաստանի կողմից ստանձնած հանձնառությունները։ Փոխնախարարի խոսքով՝ դրանք են, որ միջազգային կոնվենցիաներով ամրագրված պարտավորությունների հետ միասին ձևավորում են մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի հաշվետվողականության կերպարն ու ինքնությունը՝ որպես համաշխարհային հանրության, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի տարածաշրջանի պատասխանատու և սկզբունքային անդամ։ 

«Մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի մոնիթորինգային ցանցն արտացոլում է մեր երկրի հանձնառությունը՝ ձևավորելու մշտադիտարկման ժամանակակից, արդյունավետ և մասնակցային համակարգ։ Այս առումով այն լիովին համահունչ է Հայաստանի թվայնացման ռազմավարությամբ սահմանված առաջնահերթություններին և պետական կառավարման ոլորտն ավելի բաց, թափանցիկ և հանրության համար ընկալելի դարձնելու տեսլականին։ Ցանցը ձևավորվել է՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի կողմից մշակված առաջարկությունները՝ միտված ազգային մակարդակում մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդմանը և մոնիթորինգային կարողությունների զարգացմանը»,-ասաց փոխնախարարը՝ շեշտելով, որ համակարգը ստեղծվել է ՀՀ վարչապետի որոշմամբ և գործում է Արտաքին գործերի նախարարության համակարգմամբ՝ միավորելով պետական կառավարման մարմինների ոլորտային համակարգողների լայն ցանց։

Ռոբերտ Աբիսողոմոնյանի բնորոշմամբ՝ միջգերատեսչական համակարգումը դյուրացնելու նպատակով՝ Հայաստանը միացել է այն երկրների շարքին, որտեղ ստեղծվել են մոնիթորինգային թվային հարթակներ՝ տեղեկատվության հետ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։ Փոխնախարարի դիտարկմամբ՝ սա նաև կարևոր խթան է բաց կառավարման, մասնակցային գործընթացների և պետական հաշվետվողականության ամրապնդման համար՝ ի նպաստ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կայուն հանձնարարությունների։

«Մարդու իրավունքների ապահովումն ու պաշտպանությունը ՀՀ-ի հիմնական նպատակներից են։ Կառավարությունը, որպես առաջնահերթություն, դիտարկում է անձանց խախտված իրավունքների վերականգնումը և որ ամենակարևորն է՝ մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորման ու ինստիտուցիոնալ պաշտպանության և համակարգված քաղաքականության շարունակականության իրականացումը, ինչն ամրագրված է ՀՀ կառավարության 2021-26 թվականների ծրագրում։ ԱԳՆ-ն՝ որպես մարդու իրավունքների ոլորտում միասնական արտաքին քաղաքականության համակարգող մարմին, կարևորում է առաջնահերթությունների լիարժեք արտացոլումը մեր արտաքին քաղաքական օրակարգում և դիվանագիտական գործունեության շրջանակներում»,-ասաց փոխնախարար Աբիսողոմոնյանը։ 

Նրա բնորոշմամբ՝ մարդու իրավունքների միջազգային համագործակցության բնագավառում Հայաստանը շարունակում է ակտիվ և սկզբունքային դերակատարում ունենալ խտրականության, անհանդուրժողականության և ատելության դրսևորումների դեմ պայքարի համատեքստում․ մասնավորապես, Հայաստանը կարևոր ներդրում ունի ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերում։ 

«ՀՀ նախաձեռնությամբ ՄԱԿ-ի օրացույցում հաստատվել է Ցեղասպանությունների կանխարգելման և ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրը՝ դեկտեմբերի 9-ը։ Այս տարի այդ օրը կնշվի առանձնահատուկ և բարձր մակարդակի ձևաչափով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հանդիպմամբ, որը նվիրված կլինի միջազգային օրվա 10 ամյակին՝ ի կատարումն Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված և սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ընդունված բանաձևի։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանն ավանդաբար ներկայացնում է Ցեղասպանությունների կանխարգելման մասին թեմատիկ բանաձևը։ Հայաստանում է պարբերաբար անցկացվում ընդդեմ Ցեղասպանության հանցագործության գլոբալ ֆորումը՝ խթանելով կանխարգելման օրակարգի շուրջ մասնագիտական, խորքային և բովանդակային երկխոսությունը։ Առաջնային են Հայաստանի օրակարգում գենդերային հավասարության և կանանց իրավունքների պաշտպանության հարցերը»-շեշտեց ԱԳ փոխնախարարը։ 

Վերջինիս խոսքով՝ Հայաստանը լիովին հանձնառու է մարդու իրավունքների ոլորտում ստանձնած իր միջազգային պարտավորությունների իրականացմանը և շարունակում է ակտիվ համագործակցությունը մարդու իրավունքների միջազգային կառույցների շրջանակներում գործող մոնիտորինգային մեխանիզմների հետ։ 

Աբիսողոմոնյանն ընդգծեց, որ մարդու իրավունքների ոլորտում միջազգային մոնիտորինգային մարմինների հետ Հայաստանի համագործակցությունը լիովին համահունչ է սահմանված ժամանակացույցին, և այս պահին Հայաստանը չունի որևէ ժամկետանց պարտավորություն զեկույցների ներկայացման առումով, ու միևնույն ժամանակ Հայաստանը շարունակում է ակտիվ մասնակցություն ունենալ ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի, անկախ փորձագետների և Մարդու իրավունքների խորհրդի այլ մեխանիզմների աշխատանքներին՝ ապահովելով բաց կառուցողական և շարունակական երկխոսություն։ 

«Այսօր մեր կողմից գործադրվող հարթակն այս ոլորտում իրականացվող բարեփոխումների մի մասն է, որը, բնականաբար, դեռևս պետք է փորձարկման և կատարելագործման մի ամբողջ ճանապարհ անցնի, և մենք արդեն սկսել ենք այդ ուղղությամբ հաջորդ փուլի համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները»,-եզրափակեց ԱԳ փոխնախարարը։

ԱԻ-ՆԵՄՐԱ մոնիտորինգային ցանցը (Armenia’s Institutional Network for Monitoring and Reporting) Հայաստանի՝ մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման և դրանից բխող հետագա քայլերի ապահովման ազգային մեխանիզմն է, որը ձևավորվել է՝ հաշվի առնելով Միավորված ազգերի կազմակերպության կողմից մշակված առաջարկությունները՝ մարդու իրավունքների ոլորտում ազգային զեկույցներ ներկայացնելու կարողություններն ամրապնդելու նպատակով: 

ՀՀ վարչապետի՝ 2024թ. նոյեմբերի 18-ի 1031-Ա որոշմամբ ստեղծված այս մեխանիզմը համախմբում է պետական կառավարման մարմինների ոլորտային համակարգողների ցանցը՝ թվային միասնական հարթակի համակցությամբ: Վերջինս ապահովում է մարդու իրավունքների ոլորտում Հայաստանին ուղղված հանձնարարականների կենտրոնացված մեկտեղումը՝ հեշտ որոնելի և մատչելի ձևաչափով։ 

ԱԻ-ՆԵՄՐԱ հարթակի գործառույթներն են. դասակարգել և խմբավորել մարդու իրավունքների ոլորտին վերաբերող հանձնարարականները, որոնք Հայաստանին են ուղղվել ՄԱԿ պայմանագրային մարմինների և հատուկ ընթացակարգերի կողմից, ՄԱԿ Համընդհանուր Պարբերական Դիտարկման գործընթացի շրջանակներում և Եվրոպայի Խորհրդի մոնիտորինգային մարմինների կողմից, դյուրացնել միջգերատեսչական համակարգումը՝ թվային միասնական հարթակի միջոցով տեղեկատվության հետ աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու միջոցով, նպաստել թափանցիկությանը՝ տեղեկատվությունը հանրության համար բաց և հասանելի դարձնելով և քաղաքացիական հասարակության մասնակցությունը խրախուսելով, խթանել բաց կառավարումն ու հաշվետվողականությունը՝ նորարարական գործիքներ կիրառելով՝ ի նպաստ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի հանձնառության ամրապնդման:

Հայերեն English