Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել
2 րոպեի ընթերցում

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահներ սպանվել են զինյալների կողմից կազմակերպված դարանակալման հետևանքով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Հարավային Սուդանում ՄԱԿ-ի առաքելության մամուլի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ևս յոթ մարդ, այդ թվում՝ երեք խաղաղապահ, վիրավորվել է։
«Ջոնգլեյ նահանգի Պադջուտ գյուղի մոտ առաքելության պարեկախումբը դարանակալվել է։ Անհայտ անձինք կրակ են բացել խաղաղապահների, ոստիկանների և նրանց ուղեկցող քաղաքացիական անձանց վրա։ Բախումների տարածք է ուղարկվել արագ արձագանքման ուժ։ Հարձակվողների որոնումները շարունակվում են»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հարավային Սուդանում ՄԱԿ-ի առաքելությունը ստեղծվել է 2011 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ։ Նրա ներկայիս թվաքանակը կազմում է մոտ 18,000 մարդ, որոնցից 17,000-ը զինվորականներ են։ Առաքելությունում ծառայում են ավելի քան 75 երկրների ներկայացուցիչներ։
Մարտական ստորաբաժանումների միջուկը Հնդկաստանից, Ռուանդայից, Նեպալից, Բանգլադեշից և Եթովպիայից զորքեր են։ Առաքելության մանդատը խաղաղապահներին իրավունք է տալիս օգտագործել ռազմական ուժ և կրակ բացել ոչ միայն ինքնապաշտպանության, այլև քաղաքացիական անձանց պաշտպանելու համար՝ անմիջական սպառնալիքի դեպքում։