Մակրոնը կհայտարարի զինծառայության նոր տեսակի մասին․ France 24
2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոյեմբերի 27-ին կհայտարարի երկրում կամավորության սկզբունքով զինվորական ծառայությունը վերականգնելու մասին։ Պատճառը Ռուսաստանից եկող սպառնալիքն է և Եվրոպայում նոր հակամարտության բռնկման վտանգը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին France 24-ին ասել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը, ով նախընտրել է անանուն մնալ։
Ակնկալվում է, որ Մակրոնը համապատասխան հայտարարությունը կանի Ալպերում տեղակայված հետևակային բրիգադ այցի շրջանակում։
Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ֆաբիեն Մանդոնը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ երկիրը պետք է պատրաստ լինի «կորցնելու իր զավակներին»՝ հավելելով, որ Ռուսաստանը «նախապատրաստվում է մինչև 2030 թվականը առճակատման մեր երկրների հետ»։
Մակրոնը RTL հեռուստաալիքին հայտնել էր, որ հայտարարելու է «զինվորական ծառայության նոր ձևի վերափոխման» մասին՝ առանց այլ մանրամասներ տրամադրելու։
Թեմային ծանոթ աղբյուրը տեղեկացրել է, որ նախնական ծրագրով ակնկալվում է առաջին տարում մարզել 2000-3000 մարդու, իսկ հետագայում նախատեսվում է տարեկան թիվը հասցնել 50 հազարի։
«Ծրագիրը դանդաղ կսկսվի և կլինի կամավորության սկզբունքով»,- ասել է նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը։
Մակրոնի խորհրդականը, որը նույնպես ցանկացել է անանուն մնալ, ընդգծել է, որ ծրագիրը կմեկնարկի խիստ բյուջետային սահմանափակումների պայմաններում։ Հետևաբար, դրա իրականացումը կլինի փուլային։