Հատուկ ուշադրություն ենք դարձնում ֆիզիկական արհեստական բանականության զարգացմանը. «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ» կրթական ծրագրի ղեկավար
7 րոպեի ընթերցում

Պատանի ճարտարագետների մասնակցությամբ այս տարի 17-րդ անգամ անցկացված «ԱրմՌոբոտիքս» առաջնությունը հաստատեց Հայաստանում ռոբոտաշինությունը համաշխարհային միտումներին համահունչ զարգացնելու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ձգտումը: Հանրապետությունում գործող տարբեր աշխատանոցներում հատուկ ուշադրություն է դարձվում աշխարհում աստիճանաբար ավելի լայն տարածում և կիրառում ստացող ֆիզիկական արհեստական բանականության զարգացմանը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ» կրթական ծրագրի ղեկավար Մայա Շահումյանը:
Ֆիզիկական արհեստական բանականության ներդրումը նոր որակ է հաղորդել ռոբոտաշինությանն ու սարքաշինությանը: Այս տեխնոլոգիան մեքենաներին թույլ է տալիս ընկալել միջավայրը, հասկանալ այն և փոխազդել ֆիզիկական աշխարհի հետ՝ տարբեր հաղորդող սարքերից ստացվածտվյալների անմիջական մշակման միջոցով:
«Հիմա զարգացվում է այդ բաղադրիչը, որը ռոբոտներին թույլ է տալիս լուծել բազմաբնույթ խնդիրներ: Մեր սաները իրականացնում են առողջապահության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում խնդիրներ լուծող տարբեր նախագծեր: Հուսով ենք՝ հաջորդ տարի կկարողանանք ավելի ընդլայնել այս ուղղությունը»,- նշեց Մայա Շահումյանը:
«ԱրմՌոբոտիքս» առաջնությունն անցկացվում է 2008 թվականից: ԱՏՁՄ նախաձեռնած և կազմակերպած այս մրցմանն առաջին տարիներին դպրոցականներից բացի մասնակցում էին նաև պրոֆեսիոնալ ճարտարագետների թիմեր և տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ: Հետզհետե այն վերածվեց պատանեկան մրցման: Այս տարի հայտ էին ներկայացրել 174 թիմեր Հայաստանից ևՎրաստանից (Ջավախքից)՝ յուրաքանչյուրում 4մասնակից: Տեղին է նշել, որ 2024-ին երկու տարիքային խմբերում ներկայացված էր շուրջ 110 թիմ:
2025-ին եզրափակիչ փուլին մասնակցեցին տեղերում կազմակերպված ընտրական մրցումների արգելքը հաղթահարած կրտսեր տարիքի պատանիների 12, ավագ տարիքի՝ 18 թիմեր, որոնք ներկայացնում էին «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցները, Գյումրիի զարգացման կենտրոնը, Դիլիջանի միջազգային դպրոցը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, Ինֆորմատիկայի պետական քոլեջը և այլ ուսումնական հաստատություններ:
Այս անգամ առաջնությունն անցկացվեց «Լոգիստիկան՝ ապագայի քաղաքում» խորագրի ներքո: Մասնակիցները ներկայացրել էին բեռներ տեղափոխող և դրանք ըստ համապատասխան հասցեների և գույների բաշխող ռոբոտներ: Ընդ որում, ավագ տարիքի պատանիներին առաջադրվել էր համեմատաբար բարդ խնդիր:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացված ինքնավար ռոբոտների «ԱրմՌոբոտիքս» Հայաստանի 17-րդ առաջնության կրտսեր տարիքային խմբում հաղթող հռչակվեց Աբովյանի N7 հիմնական դպրոցի թիմը, իսկ մրցանակային եռյակն ամբողջացրեցին Գյումրու զարգացման կենտրոնի լաբորատորիայի և ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի ավագ դպրոցի սաները:
Ավագ տարիքային խմբում հաղթողի դափնին բաժին հասավ Գորիսի N2 հիմնական դպրոցի թիմին: Երկրորդ և երրորդ մրցանակակիրներ դարձան Դվինի միջնակարգ դպրոցի և Իջևանի N5 հիմնական դպրոցի թիմերը:
«Երեխաները ինժեներական տարբեր մոտեցումներ էին ցուցաբերել բեռը վերցնելու խնդրի լուծմանը՝ մագնիսի միջոցով, մեխանիկական օժանդակռոբոտի օգնությամբ և այլն: Ուրախացնում է, որ այդ խնդրի բազում հայտնի լուծումների առկայության պարագայում հիմնականում խուսափել էին նույնությամբ կրկնօրինակելուց՝ դրսևորելով ստեղծագործական մոտեցում: Նրանց առաջարկվել էր խնդրի լուծման երկու տարբերակ՝ բեռնել և բեռնաթափել միայն ինքնավար ռոբոտի միջոցով կամ գործընթացին ներգրավել նաև աջակցող ռոբոտի: Վերջինի առկայության պարագայում շնորհվում էին ավելի քիչ միավորներ: Ընդ որում, որոշ թիմեր ընտրել էին օժանդակ ռոբոտին կառավարելու տարբեր ձևեր՝ հեռախոսով,համակարգչով, անգամ՝ հատուկ ստեղծած հավելվածի միջոցով: Կարևոր սկզբունք էր լուծումների բաց հասանելիությունը, որն այդ մշակումները կիրառելի դարձնելու հնարավորություն է տալիս»,- նշեց մեր զրուցակիցը:
Վերջերս «Արմաթ»-ի թիմը առաջին տեղն էր գրավել Սլովենիայում կայացած ռոբոտաշինության համաշխարհային օլիմպիադայում: Հայ պատանիները ներկայացրել էին գազի արտահոսքը հայտնաբերող ռոբոտ, որի աշխատանքի սկզբունքը հետագայում նույնիսկ քննարկել են «Գազպրոմ Արմենիա»-ի ինժեներների հետ: Վերջիններս պատանի չեմպիոններին տեղեկացրել էին, որ ոլորտը ներկայում ունի ոչ թե վերգետնյա, այլ ստորգետնյա գազատարներից արտահոսք հայտնաբերող սարքի կարիք: Սա պատանի ինժեներների և տարբեր ոլորտների փորձառու մասնագետների շփման անհրաժեշտության կարևոր օրինակ է:
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն այժմ գործունեություն է ծավալում ռազմավարական մի քանի ուղղություններով՝ կրթություն և աշխատուժ, տեխնոլոգիաների կիրառություն, օրինագծեր և տեխնոլոգիական համայնքին հուզող խնդիրների բարձրաձայնում ու լուծում:
«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում պատանիների ինժեներական և տեխնոլոգիական կրթության կազմակերպմանը: Այդ նպատակին է միտված «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանի ողջ տարածքում և 7 երկրներում (ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Վրաստանում, Բանգլադեշում, Քուվեյթում, Հնդկաստանում և Էսվաթինիում)՝ գլխավորապես տեղի հայ համայնքի, որոշ դեպքերում՝ նաև այլազգի երեխաների համար: Հայաստանում արդեն 635 դպրոցներ ունեն «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ, որոնցում աշակերտներին փոխանցվում են ինժեներության, ռոբոտաշինության, ծրագրավորման, եռաչափ դիզայնի և մոդելավորման, շաղափային հաստոցների վրա աշխատանքի, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի պատրաստման, կառավարման և զարգացման վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ:
«Արմաթ» ծրագիրը Հայաստանում իրականացվում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անմիջական աջակցությամբ, նաև տեխնոլոգիական համայնքի հովանավորությամբ:
Ամեն տարի կազմակերպվում են պարտադիր մրցույթներ, ծրագրավորման մի քանի լեզուների հանրապետական օլիմպիադաներ, «Արմաթ» տեխնոճամբար, որն, ի դեպ, իրականացվում է արդեն 10 տարի:
2026-ին նախատեսվում է առաջին անգամ անցկացնել «Արմաթ»-ի միջոցով համայնքային խնդիրների լուծման մրցույթ:
