Հանրային խորհրդին ամենաբարձր մակարդակով տրվում է վստահության շատ մեծ մանդատ․ կառույցի ղեկավարը խոսել է առկա խնդիրների ու ծրագրերի մասին
15 րոպեի ընթերցում
Չափազանց կարևոր է, որ ՀՀ կառավարությանը կից գործող Հանրային խորհրդի անելիքի վերաբերյալ լինի կոնսենսուս՝ նկատի առնելով այն ժամանակահատվածը, որում պետք է գործի կառույցը։ Ըստ այդմ՝ Հանրային խորհրդին ամենաբարձր մակարդակով տրվել է վստահության շատ մեծ մանդատ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին ասաց ՀՀ Հանրային խորհրդի նախագահ, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը՝ անդրադառնալով Հանրային խորհրդի գործունեությանն ու ծրագրերին։
«Ամենասկզբից Հանրային խորհրդի անդամների ու ՀՀ կառավարության ղեկավարի հետ եկել ենք համաձայնության, որ տվյալ կառույցը պետք է լինի հանրության պրոֆեսիոնալ խմբի խորհուրդը։ Նախկինում նիստերը մեծ մասամբ անցել են շատ բազմամարդ, գուցե, ավելի ազատ ձևաչափով, քան այսօր, բայց երբ փորձում ենք դուրս բերել այդ բազմաժամ ու բազմամարդ քննարկումներից որևէ բանաձև, թե ի վերջո Հանրային խորհրդի նիստերի արդյունքում մենք ինչ ունենք, կտեսնենք, որ իսկապես այստեղ խնդիրներ կան, և իմ նպատակն ամենևին չի եղել երկարաշունչ զրույցներ վարելը, որովհետև կարևոր հարցերը պետք է ենթարկվեն պրոֆեսիոնալ քննարկման»,- ասաց Խզմալյանը։
Նրա տեղեկացմամբ՝ ընթացիկ տարվա գարնանից ի վեր, երբ ձևավորվեց Հանրային խորհրդի նոր կազմը, այն իր համար առանձնացրել է մի քանի հարց՝ մինչև կառույցի հաջորդ կազմի ձևավորումը։ Խնդիրներից մեկն, օրինակ, ֆինանսական հանձնաժողովի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելն է, ուստի ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի հետ շաբաթներ շարունակ քննարկվել են պետական գնումների համակարգում առկա խոչընդոտները, բարդությունները։ Ըստ այդմ՝ ֆինանսների նախարարությանը շուտով կներկայացվի առաջարկությունների փաթեթ, իսկ հետո այն կներկայացվի նաև հանրության ավելի լայն շրջանակներին, ներառյալ պետական գնումներով զբաղվող կառույցներին։
«Բայց մինչև մեծ քննարկումն արդեն փոքր խմբով, անաղմուկ անցկացրել ենք մասնագիտական քննարկումներ նշված հարցի շուրջ։ Մեր օրակարգի կարևորագույն հարցերից մեկն էլ առնչվում է առողջապահության հանձնաժողովի գործունեությանը և վերաբերում է հոգեկան առողջության խնդիրներին։ Դրանք ոչ միայն գենետիկ, ֆիզիոլոգիական պրոցեսների, այլև բարոյահոգեբանական ցնցումների ու հետպատերազմյան հոգեբանության հետևանքներն են։ Առհասարակ հոգեկան առողջության հետ կապված խնդիրների վերաբերյալ հանրության գրագիտությունն ու իրազեկվածությունը նույնպես չափազանց կարևոր է»,-նշեց Հանրային խորհրդի նախագահը։
Խզմալյանը գոհունակությամբ ընդգծեց, որ ամենաբարձր մակարդակով Հանրային խորհրդին տրվում է վստահության շատ մեծ մանդատ։
«Ես չգիտեմ՝ Հանրային խորհուրդն իր գոյության ողջ ընթացքում ունեցե՞լ է, օրինակ, գաղտնիություն պարունակող տեղեկության կամ իրողությունների այն հասանելիությունը, որն ունի այժմ։ Սա շատ կարևոր է հատկապես այսօր։ Բարձր մակարդակով մեր առաջին հանդիպումները եղել են կառավարության ղեկավարի, պաշտպանության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարների, առողջապահության և սոցիալական հարցերի փոխնախարարների հետ, որոնց ընթացքում պարզ դարձավ, որ այս կարճ ժամանակահատվածի համար Հանրային խորհրդի մեծագույն առաքելությունն այն տեղեկատվության հնարավոր հասանելիության ապահովումն է, որը հայտնի պատճառներով չի կարող տրվել պաշտոնական խողովակներով։ Մեր կառույցի անդամներն այժմ աշխատում են ճիշտ բառապաշար մշակելու, տեղեկատվության թույլատրելի չափաբաժինները ճշտելու ուղղությամբ։ Հատկապես մեր պաշտպանության հանձնաժողովն այս օրերին աշխատում է շատ աշխույժ, որպեսզի հնարավորինս կարողանանք հանրությանը փոխանցել այն, ինչ ցույց են տվել մեզ և իմացել ենք այդ ընթացքում»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։
Խզմալյանը վկայակոչեց վերջին շրջայցը, որը կազմակերպել էր ՀՀ վարչապետը, երբ Հանրային խորհրդի անդամներն ու կառույցի կազմից դուրս տարբեր ոլորտների ներկայացուցիչները (իրավաբաններ, բժիշկներ և այլն) մոտ երկու ժամ ծանոթացել են ՀՀ բանակի սպառազինության և տեխնիկայի վերջին համալրումներին։
«Ամբողջ ընթացքում և՛ հրճվում էի, և՛ մեղավոր էի զգում, որ իմ փոքրաթիվ գործընկերների հետ այդ ամենը տեսնում եմ միայն ես՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում հատկապես բանակի վերազինման, սպառազինությունների ձեռքբերման վերաբերյալ ինչ մեծ հետաքրքրություն և ինչ մտահոգություններ կան։ Ես համարում եմ, որ այսօր մեր մեծագույն թշնամին ապատեղեկատվությունն է, որը գեներացվում է հենց մեր ձեռքերով, մեր լրատվամիջոցներով, ինչը խորացնում է հանրային հոռետեսությունը, մտավախությունները, մինչդեռ բանակը վերազինելու ուղղությամբ իսկապես արվել է հսկայական աշխատանք։ Մեզ ցուցադրել են ամբողջ զինանոցի վերջին շրջանի նմուշները, որոնց ետևում կան զգալի քանակներ։ Ուղղակի աներևակայելի է, որ այս բարդ ժամանակներում ինչպե՞ս է հնարավոր եղել այդ ամենը ձեռք բերել»,- ասաց Խզմալյանը։
Նա հավելեց, որ այդ ամենը ենթադրում է նաև նոր գիտելիք, նշանակում է բանակի ինտելեկտուալ որակի փոփոխություն, նոր կարողությունների զարգացում, առավել ևս, որ տեխնիկական ուղեցույցներում կողմնորոշվելու և ընդհանրապես տեխնիկան յուրացնելու ունակությունը չափազանց կարևոր է։ Ըստ նրա՝ տեխնիկան ունի մուլտիպլիկատիվ ազդեցություն և հսկայական դերակատարություն զինծառայողների համար, որոնք գործ ունեն առաջատար տեխնոլոգիաների հետ։
«Հանրային խորհրդի անդամների համար չափազանց կարևոր գործոն է, որ ՀՀ անվտանգությունը չի դիտարկվում զուտ սպառազինության մեջ։ Դա մեր անվտանգության բաղադրիչներից մեկն է, բայց հույսը դնել միայն սպառազինության վրա, կլինի միամիտ մոտեցում, հետևաբար պետք է նաև ճիշտ հասկանալ աշխարհաքաղաքական գործընթացները, ճիշտ դիրքավորվել դրանցում։ Լուրջ քննարկման առարկա է նաև այն, թե երբ մեր առջև բացվեցին սպառազինության միջազգային շուկաները։ Այն, որ մենք այսօր մի քանի երկրներից ստանում ենք սպառազինություն, նույնպես լուրջ աշխատանքի արդյունք է»,-նշեց Հանրային խորհրդի նախագահը։
Խզմալյանը պատմեց, որ զինատեսակներին ծանոթանալուց բացի, իրենք այցելել են նաև Կիրանցի ամրաշինական կառույցներ, որտեղ, նրա հավաստմամբ, իրականացվել են հսկայածավալ աշխատանքներ։
«Անգամ շատ խորքային հակադրությունների և անհամաձայնությունների դեպքում շատ կարևոր է ասել այն, ինչն իսկապես արված է։ Դա հանրային առողջացման ու ապաքինման համար ունի թերապևտիկ նշանակություն, առավել ևս, որ մենք այսօր դրական և հուսադրող տեղեկատվության կարիք ունենք։ Կիրանց այցելած բժշկուհիներից մեկը հետո խոստովանեց, որ եկել էր ուրիշ Հայաստանից, բայց վերադառնում է մեկ այլ Հայաստան»,- մանրամասնեց Հանրային խորհրդի նախագահը։
Խոսելով խորհրդի կառուցվածքային խնդիրների մասին՝ Խզմալյանն ընդգծեց, որ այժմ կառույցի աշխատանքներն ընթանում են իրավական փաստաթղթերի կարգավորմանը զուգընթաց։ Գոյություն ունի հանձնաժողովների ընտրության ընթացակարգ, բայց չկան կարգավորումներ, թե ինչպես են ձևավորվում այդ հանձնաժողովները, ուստի այժմ փորձ է արվում լրացնել օրենսդրական բացերը, որպեսզի հաջորդ կազմն աշխատի ավելի անկաշկանդ։ Խզմալյանի համոզմամբ՝ պետք է առավել հստակ լինեն խորհրդի անդամի ընտրության չափորոշիչները։ Խզմալյանի կարծիքով՝ իրենց կառույցը կարող է հանդես գալ անդամների ավելի քիչ քանակով։ Ներկայում Հանրային խորհուրդն ունի 45 անդամ և 15 ոլորտային հանձնաժողով, ուստի, գուցե, իմաստ ունի այդ հանձնաժողովների քանակը նույնպես վերանայել։
«Անհրաժեշտ է խնդիրները հստակ ձևակերպել, այսինքն՝ նպատակային աշխատանք իրականացնել, վերլուծել, թե ինչ են անում հասարակական կազմակերպությունները։ Այդ պարագայում, գուցե, Հանրային խորհրդի միջնորդ, խորհրդակցական մարմին լինելու գաղափարն ավելի ընդգծվի ոչ թե բոլոր ոլորտներն ընդգրկելու, այլ պրոֆեսիոնալ գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ աշխատելու առումով, որպեսզի առավելագույն արդյունավետությամբ ապահովի կապը Կառավարության և հասարակության միջև, որի կարիքն ունենք բոլորս»,-մանրամասնեց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով ներհայաստանյան գործընթացներին՝ Խզմալյանն ասաց, որ այսօր իր ամենամեծ մտահոգությունը կապված է եկեղեցական վերնախավի և իշխանությունների հարաբերությունների հետ։
«Որպես Մատենադարանի տնօրեն՝ լայնորեն շփվում եմ հոգևոր դասի հետ, և գրեթե չկա շաբաթ, որ մեր ֆեյսբուքյան էջում, սոցիալական ցանցերում չհրապարակվի մի տեղեկատվություն, որը կապված չլինի մեր հոգևոր ձեռագրական կենտրոնների և եկեղեցու հետ»,-ասաց Խզմալյանը։
Նա բոլորին հորդորում է բացել ու նայել այդ գրառումները՝ հավելելով, որ Մտենադարանի ու Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունները շատ զգայուն են, Մատենադարանը եկեղեցական ժառանգության հետազոտման ու պահապանման կառույց է։ Խզմալյանը պնդեց, որ Մատենադարանը շարունակում է ամենասերտ հարաբերություններն ունենալ Մայր Աթոռի ու հոգևոր ձեռագրական կենտրոնների հետ։
Մայր Աթոռի հետ անցկացվում են համատեղ ցուցադրություններ, որտեղ Էջմիածնից բերվում և ցուցադրվում են հազվագյուտ նմուշներ։ Մայր Աթոռի հետ հրատարակվում են կաթողիկոսական դիվանի ցուցակները։ Գրեթե ամեն ամիս առիթներ են լինում հանդիպելու Վիեննայի, Վենետիկի Մխիթարյան միաբանության, Պոլսո պատրիարքարանի, Երուսաղեմի թեմի ներկայացուցիչների հետ, Մատենադարանի միջոցներով հրավիրվում են մասնագետներ՝ վերապատրաստման նպատակով։ Հայագիտական միջազգային կոնգրեսին մշտապես ներկա են լինում հոգևոր կենտրոնների ներկայացուցիչները։
«Այս ամենով հանդերձ, ցավոք սրտի չեմ զգում, որ եկեղեցին իր ներսում փորձում է հարցերը կարգավորել, որովհետև երբ չեն լուծվում ներքին խնդիրները, դրանք դուրս են գալիս հրապարակ, քաղաքական կյանք, ուստի յուրաքանչյուր իշխանություն կօգտվի այն հնարավորությունից, որ կտա եկեղեցին՝ քաղաքականացվելով։ Մեր եկեղեցական կառույցների հետ կապերը մեզ համար մշտապես ունեն գերակա նշանակություն, սակայն լինում են երևույթներ, որ չենք կարող շրջանցել, առավել ևս, երբ ամենաբարձր մակարդակով ներկայացվում են շատ լուրջ փաստեր առ այն, որ այսինչ սրբազանն այլ պետության ազդեցության գործակալ է։ Մենք ակնկալում ենք արձագանք, չենք կարող բավարարվել լռությամբ ու չեզոքությամբ, հետևաբար շատ լուրջ հարցեր ունենք՝ ուղղված մեր սրբազաններին, որոնք ստեղծեցին բարենպաստ պայմաններ այն իրավիճակի համար, որի հետ գործ ունենք այսօր»,- նշեց Խզմալյանը։
Նա կտրականապես հերքեց այն տեսակետը, որ սա իշխանություն-եկեղեցի բախման հետևանք է. նրա խոսքով՝ կա եկեղեցական վերնախավ և իշխանություն բախում։
«Այդ ինչպե՞ս եղավ, որ ոմանց կողմից հակաեկեղեցական որակվող իշխանությունը եկեղեցական ժառանգության պատասխանատու կառույցին ցուցաբերում է աննախադեպ ծավալի ֆինանսական աջակցություն՝ արժեքները պահպանելու նպատակով։ Կառավարության աջակցությամբ ենք ձևավորում մեր լաբորատորիաները, համալրում ձեռագրերի վերականգնման գործիքակազմը։ Վերջերս 93 միլիոն դրամ պահուստային ֆոնդից տրամադրվեց Մատենադարանին, որպեսզի Վիեննայի աճուրդից հանենք 12-րդ դարի մեր հանճարի՝ Սարգիս Շնորհալու աստվածաբանական կոթողը և բերենք Մատենադարան այն հիմքով, որ մեկ թերթը պահվում է մեզ մոտ։ Այդ ինչպե՞ս է լինում, որ հակաեկեղեցական իշխանությունը մի քանի անգամ բազմապատկում է եկեղեցական հուշարձանների և հաստատությունների վերականգնման բյուջեն։ Այդ առումով՝ նախկին և ներկա բյուջեներն ուղղակի անհամադրելի են»,-ասաց Խզմալյանը։
Նրա համար շատ կարևոր է, որ հանրությունը ճիշտ իմանա փաստերն ու երևույթները, հասկանա, թե որտեղից սկիզբ առավ այդ հակադրությունը։ Զերծ մնալով կողմնակալ երևելուց՝ Հանրային խորհրդի նախագահն ու Մատենադարանի տնօրենը վկայակոչեց մի դրվագ, երբ ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնում նշանակվել էր Խորանաշատի վանքի 800-ամյա հոբելյանին նվիրված հանձնաժողովի համակարգող։
«Խորանաշատում նախկին նախարար Վահրամ Դումանյանի (խմբ. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար) հետ մասնակցում էինք պատարագի։ Այն վարող սրբազանը վերջում մերկապարանոց քաղաքական քարոզ վարեց Աստծո տանը։ Ես նախարարի հետ ստիպված դուրս եկա եկեղեցուց։ Նման հանգամանքները չեն կարող նկատի չառնվել թե՛ հավատացյալի, թե՛ քաղաքացիական դիրքորոշում ունեցողի տեսանկյունից։ Կարծում եմ, որ նմանօրինակ անզգույշ և ակնհայտ քաղաքական հանգամանքները հանգեցրին այն իրավիճակին, որն ունենք այսօր։ Վստահաբար յուրաքանչյուր հայի անձնական դրաման է այն իրավիճակը, որում հայտնվել ենք, բայց միևնույն ժամանակ չեմ ուզում շատ հոռետես լինել, որովհետև ցանկացած ճգնաժամի ակունքում ձևավորվում են առողջ սերմեր։ Այդ առումով լավատես եմ և կարծում եմ, որ այս առճակատման միջից դուրս ենք գալու շատ ավելի հստակեցված սկզբունքներով, պատկերացումներով ու ընկալումներով»,- եզրափակեց Հանրային խորհրդի նախագահը։