Ամուլսարի տարածքում խմելու ջրի աղտոտման վերաբերյալ տեսանյութի հիմքով վարչական վարույթ է հարուցվել
1 րոպեի ընթերցում
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել Ամուլսարի հանքի տարածքում խմելու ջրի աղտոտման վերաբերյալ տեսանյութի հիմքով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են տեսչական մարմնից:
«Այսօր, համացանցում տարածված Ամուլսարի հանքի տարածքում շինարարական աշխատանքների արդյունքում խմելու ջրի աղտոտման վերաբերյալ տեսանյութի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ»,- նշված է հաղորդագրությունում:
Տեսչական մարմնից հայտնել են, որ վարույթի շրջանակներում իրականացվող գործողությունների ավարտից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ավելի վաղ լրագրող Թեհմինե Ենոքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ և լուսանկարներ էր տարածել՝ նշելով, որ Ջերմուկի բնակիչներից ահազանգ ունի, որ Ամուլսարում շինարարական աշխատանքների հետևանքով վնասվել են խմելու ջրի խողովակները, ինչի հետևանքով աղտոտվել է բնակավայրերի խմելու ջուրը։