2026 թվականի մայիսին Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի պատմական առավելագույն ցուցանիշ. վարչապետ
2 րոպեի ընթերցում

Հայաստանում 2026 թվականի մայիսին գրանցվել է աշխատատեղերի պատմական առավելագույն ցուցանիշ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ վերջին երեք ամիսներին Հայաստանում շարունակվել է աշխատատեղերի աճը։
«2026 թվականի մայիսին մենք ունենք բոլոր ժամանակների պատմական առավելագույն գրանցված աշխատատեղերը։ Մայիսին արձանագրվել է 823 հազար 584 աշխատատեղ»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ նախորդ բարձր ցուցանիշը գրանցվել էր 2025 թվականի դեկտեմբերին՝ 822 հազար 662 աշխատատեղ։
Փաշինյանը նշեց, որ սովորաբար դեկտեմբերին են գրանցվում բարձր ցուցանիշներ, սակայն մայիսին նման աճ ունենալը կարևոր ազդակ է տնտեսության համար։
«Մեր տնտեսությունը շարունակում է իր աճի տեմպը։ Իհարկե, որոշակի ազդեցություններ կլինեն, բայց ուրախությամբ արձանագրում եմ, որ միջազգային կառույցները Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները բարձրացրել են»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տնտեսական աճի կանխատեսումների բարձրացումը կապված է նաև Հայաստանում իրականացվող և պլանավորվող խոշոր ներդրումային ծրագրերի հետ։
Վարչապետն ընդգծեց, որ առկա խնդիրներին պետք է վերաբերվել որպես աշխատանքային օրակարգի մաս։
«Կառավարությունը հենց դրա համար է նախատեսված, որ բոլոր հարցերը արձանագրի, արձագանքի և լուծումներ տա»,- նշեց Փաշինյանը։