Աշխարհ

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Ֆրանսիական պետական ​​էներգետիկ ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է երկու միջուկային ռեակտորների աշխատանքը՝ որպես կանխարգելիչ միջոցառում՝ արդեն մարդկային կյանքեր խլած ռեկորդային շոգի պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։  

Փակված ռեակտորները տեղակայված են Փարիզից ոչ հեռու Սեն գետի ափին գտնվող Նոժան-սյուր-Սենի ատոմակայանում և երկրի հարավ-արևելքում՝ Լիոնից ոչ հեռու Ռոն գետի վրա գտնվող Բյուժե կայանում: 

Անցյալ տարի այս օբյեկտները կազմում էին Ֆրանսիայի էլեկտրաէներգիայի արտադրության գրեթե 70%-ը: Չնայած անջատումներին՝ ֆրանսիական էլեկտրական ցանցի օպերատորը հայտարարել է, որ Ֆրանսիան ունի բավարար արտադրական հզորություններ՝ էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարելու համար, այդ թվում՝ առանձին օբյեկտների անջատման դեպքում։

Անոմալ շոգը Ֆրանսիայում դիտվում է հունիսի 17-ից: Դրա պատճառով դադարեցվել է գրեթե 10 000 ուսումնական հաստատությունների աշխատանքը կամ փոփոխվել է դասացուցակը, սահմանափակվել է երկաթուղային տրանսպորտի երթևեկությունը: Առնվազն 18 մարդ է մահացել անոմալ տապի պատճառով, ևս առնվազն 42-ը խեղդվել են ջրավազաններում, ինչը նույնպես կապում են շոգ եղանակի հետևանքների հետ:

Le Parisien թերթը, վկայակոչելով Ջերմաստիճանային չափումների ազգային գործակալության տվյալները, հայտնել է, որ հունիսի 24-ը դարձել է ամենաշոգ օրը Ֆրանսիայում օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ։ Այդ օրը միջին ջերմաստիճանն ամբողջ հանրապետությունում կազմել է 30 աստիճան։ Ավելի քան 50 դեպարտամենտներում, Météo-France ազգային օդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն, ջերմաստիճանը հասել է 40 աստիճան Ցելսիուսի, որոշ վայրերում էլ՝ 42-ի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում