Հայաստան

Հայաստանում անտառների վերականգնումը շարունակվում է. պետական և միջազգային ծրագրերով ավելացել են անտառապատման ծավալները

5 րոպեի ընթերցում

Հայաստանում անտառների վերականգնումը շարունակվում է. պետական և միջազգային ծրագրերով ավելացել են անտառապատման ծավալները

2026 թվականին Հայաստանում անտառվերականգնման և անտառապատման միջոցառումները կիրականացվեն ավելի քան 450 հա տարածքում։ Աշխատանքները կիրականացվեն ինչպես պետական բյուջեի, այնպես էլ վնասի փոխհատուցման պայմանագրերի և միջազգային դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գարեգին Միրզոյանը նշել է, որ Հայաստանում անտառների վերականգնման և ընդլայնման գործընթացները շարունակվում են պետական և միջազգային համագործակցության շրջանակում՝ նպատակ ունենալով բարձրացնել անտառածածկի մակարդակը, ուժեղացնել էկոհամակարգերի դիմակայունությունը և բարելավել շրջակա միջավայրի վիճակը։

Այս համատեքստում «Հայանտառ»-ի ղեկավարը ներկայացրել է վերջին չորս տարիներին իրականացված անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքների ընդհանուր պատկերը․

Անտառմշակույթների հիմնադրում տնկման և ցանքսի միջոցով՝ 1046.59 հա, այդ թվում՝ 218.1 հա՝ միջազգային դրամաշնորհային ծրագրերով և 251.48 հա՝ անտառային տնտեսությանը հասցվող վնասի փոխհատուցման և այլ պայմանագրերի շրջանակներում, կոճղաշիվային վերաճի օժանդակում՝ 264 հա, այդ թվում՝ 11 հա՝ միջազգային դրամաշնորհային ծրագրերով, բնական վերաճի օժանդակում՝ հանքայնացման միջոցով՝ 90 հա, անտառվերականգնում տնկման և ցանքսի միջոցով՝ միջազգային դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում՝ 360.3 հա։

Ըստ զրուցակցի՝ անտառապատման և անտառվերականգնման աշխատանքները դիտարկվում են որպես անտառային էկոհամակարգերի կայուն կառավարման փոխկապակցված բաղադրիչներ և իրականացվում են հաստատված անտառկառավարման պլանների հիման վրա։

Անտառապատման գործընթացը երկարաժամկետ բնույթ ունի, և ձևավորված անտառմշակույթների լիարժեք զարգացումը պահանջում է շուրջ մեկ տասնամյակ հետևողական խնամք և բնական աճի փուլերի անցում։ Ընդգծվում է, որ վերջին տարիների տնկարկներից անտառի շարքեր տեղափոխված անտառմշակույթներ դեռևս չկան։

Միրզոյանի խոսքով՝ անտառային զանգվածի ձևավորումը տեղի է ունենում տնկումից միջինում 7–10 տարվա ընթացքում, և միայն այդ փուլից հետո է հնարավոր խոսել տարածքի՝ որպես անտառ ձևավորման մասին։ Նրա խոսքով՝ բավարար խնամքի դեպքում հնարավոր կլինի 2030 թվականից սկսած զգալի ծավալով անտառմշակույթներ տեղափոխել անտառի շարքեր։

Ներկայում տնկված անտառմշակույթների պահպանվածության միջին ցուցանիշը կազմում է 50–65 տոկոս, ինչը պայմանավորված է ինչպես կլիմայական և հողային առանձնահատկություններով, այնպես էլ խնամքի և ջրային ռեսուրսների հասանելիությամբ։ Մասնագետների գնահատմամբ՝ այս ցուցանիշը բնորոշ է անտառապատման ծրագրերի սկզբնական փուլերին և պահանջում է շարունակական խնամք, լրացուցիչ աշխատանքներ և պաշտպանական միջոցառումներ։

Անտառապատման տարածքների ընտրությունը կատարվում է անտառկառավարման պլանների հիման վրա՝ հաշվի առնելով դեգրադացված տարածքների վերականգնման անհրաժեշտությունը, բնապահպանական ազդեցությունը, հողային և կլիմայական պայմանները, ինչպես նաև երկարաժամկետ պահպանման հնարավորությունները։ Յուրաքանչյուր տարածք նախապես գնահատվում է՝ ապահովելու տնկարկների արդյունավետ զարգացումը։

Տնկված ծառերի խնամքն ու պահպանումը կազմակերպվում է սահմանված նորմատիվների համաձայն և ներառում է հողի մշակություն, ոռոգում, լրացուցիչ տնկում, վնասատուների դեմ պայքար և պաշտպանական միջոցառումներ։ Գործընթացը իրականացվում է պետական բյուջեի և միջազգային ծրագրերի համաֆինանսավորմամբ՝ առկա ֆինանսական հնարավորությունների շրջանակներում։

Ծրագրերում շարունակվում է նաև համայնքային ներգրավվածությունը։ Անտառամերձ բնակավայրերի բնակիչները ներգրավվում են աշխատանքներում պայմանագրային հիմունքներով՝ մասնակցելով թե՛ տնկման, թե՛ խնամքի փուլերին։ Վերջին տարիներին շուրջ 50 հազար տնկի է փոխանցվել համայնքների կանաչապատման նպատակներով, ինչը նպաստում է տեղական մակարդակում կանաչ տարածքների ավելացմանը և համայնքային մասնակցության ընդլայնմանը։

«Ընդհանուր գնահատմամբ՝ իրականացվող անտառապատման և անտառվերականգնման ծրագրերը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում կարող են զգալի ազդեցություն ունենալ Հայաստանի անտառածածկի ավելացման վրա՝ ապահովելով ինչպես նոր անտառների ձևավորում, այնպես էլ գոյություն ունեցող անտառային տարածքների վերականգնում և կայունացում»,- եզրափակել է Միրզոյանը։

Լուսինե Ջալալյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում