Ադրբեջան

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած ՀՀ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած ՀՀ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում

ՀՀ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած ՀՀ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։

«Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած ՀՀ քաղաքացին գտնվում է բժիշկների հսկողության ներքո, նրան ցուցաբերվել է համարժեք բուժօգնություն և նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Ծատրյանը։  

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը սեպտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը և չէր բացառել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։

Այդ մասին հաղորդագրություն էր տարածել նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը՝ նշելով, որ հոկտեմբերի 1-ին ժամը 14։15-ին ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։  

Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։

ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում