Մշակույթ

Պարոնյանի անվան թատրոնն 85-րդ թատերաշրջանը մեկնարկել է բացօթյա համերգով

2 րոպեի ընթերցում

Պարոնյանի անվան թատրոնն 85-րդ թատերաշրջանը մեկնարկել է բացօթյա համերգով

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնն 85-րդ թատերաշրջանը մեկնարկել է թատրոնի արտիստների մասնակցությամբ բացօթյա համերգով։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ առաջիկայում թատրոնը հանդիսատեսին կներկայացնի խաղացանկում ընդգրկված սիրված ներկայացումները, ինչպես նաև նոր բեմադրություններ՝ պահպանելով երաժշտական թատրոնի ավանդույթները և անդրադառնալով ժամանակակից բեմական ձևերին։

Թատերաշրջանի կարևոր իրադարձություններից մեկը հոկտեմբերի 3-ին կայանալիք La La Land մյուզիքլի պրեմիերան է։ Բեմադրող ռեժիսորը Լիլի Էլբակյանն է։

La La Land-ը Միայի և Սեբաստիանի պատմությունն է, երիտասարդներ, որոնք երազում են արվեստում իրենց ճանապարհը գտնելու և սեփական երազանքներն իրականացնելու մասին։ Պարոնյանի թատրոնի բեմում հայտնի պատմությունը կներկայացվի երաժշտության, պարի և կենդանի բեմական էմոցիաների համադրությամբ՝ անդրադառնալով սիրո, երազանքի, ընտրության և ինքնահաստատման թեմաներին։

Նոր թատերաշրջանում թատրոնը նախատեսում է նաև նոր ստեղծագործական նախագծեր և համագործակցություններ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու նոր հանդիսատեսի ներգրավմանը և տարբեր տարիքային խմբերի համար հետաքրքիր ու ժամանակակից բեմական առաջարկների ձևավորմանը։

Թատրոնի նոր նախաձեռնությունների շարքում է «Փորձ քասթ» նախագիծը։ Նախագծի շրջանակում ներկայացվող զրույցներին և նոր թողարկումներին կարելի է հետևել թատրոնի սոցիալական էջերում։ Նախատեսվում է շարունակել փառատոնային գործունեությունը՝ մասնակցելով միջազգային և հանրապետական թատերական փառատոնների։

Թատրոնը մտադիր է զարգացնել ստեղծագործական կապերը և ներկայացնել իր բեմադրությունները նաև Հայաստանից դուրս՝ ընդլայնելով միջազգային համագործակցության հնարավորությունները։

Թատրոնը նաև շարունակելու է ուշադրություն դարձնել երաժշտական թատրոնի տարբեր ժանրերին՝ համադրելով դասական ավանդույթներն ու ժամանակակից բեմական լուծումները։

Խաղացանկի զարգացմանը զուգահեռ նախատեսվում են նաև նոր նախագծեր, որոնք հնարավորություն կտան թատրոնին ներկայանալ նոր ձևաչափերով և ընդլայնել հանդիսատեսի շրջանակը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում