Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
2 րոպեի ընթերցում

Լեհաստանի Գդանսկ քաղաքում մեկնարկել է Ուկրաինայի վերակառուցման հարցերին առնչվող միջազգային համաժողովը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
Լեհաստանի և Ուկրաինայի վարչապետներ Դոնալդ Տուսկը և Յուլիա Սվիրիդենկոն ընդգծել են, որ Եվրոպայի ապագան պետք է հիմնված լինի համերաշխության, համագործակցության, ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա։ Բացելով համաժողովը՝ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը շեշտել է, որ ճշմարտությունը, փոխադարձ հարգանքը և պատմական հիշողությունը պետք է կազմեն Եվրոպայի ապագայի հիմքը։
Դիմելով Լեհաստանից, Ուկրաինայից և ամբողջ Եվրոպայից ժամանած մասնակիցներին՝ նա նշել է. «Մենք կարող ենք ապագան կառուցել միայն ճշմարտության, փոխադարձ հարգանքի և պատմության ըմբռնման վրա։ Գդանսկում ծնված համերաշխությունը կարող է դառնալ մեր իրականությունը, եթե մենք բացենք մեր սրտերն ու մտքերը անցյալի, բայց ամենից առաջ՝ ապագայի առջև»։
Վարչապետը կոչ է արել միասնության և համագործակցության՝ Եվրոպայի և Ուկրաինայի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար։
«Եթե մենք միասին կանգնենք, իմաստուն կերպով և բաց սրտով, ապա կհաղթահարենք ցանկացած չարիք և կվերականգնենք այն, ինչ չար մարդիկ ոչնչացնում են», - ասել է Տուսկը՝ ընդգծելով, որ Ուկրաինայի վերականգնումը միայն ենթակառուցվածքներին չի վերաբերում, այլ առնչվում է նաև սոցիալական և հոգևոր վերափոխմանը։