CTBTO-ն բարձր է գնահատում ՀՀ-ի ներդրումը միջուկային փորձարկումներից զերծ աշխարհ ունենալու գործում. Ռոբերտ Ֆլոյդի հարցազրույցը
10 րոպեի ընթերցում
Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդը բարձ է գնահատում Հայաստանի ներդրումը միջուկային փորձարկումներից և միջուկային զենքից զերծ աշխարհ ունենալու նպատակին հասնելու հարցում։
Ռոբերտ Ֆլոյդը նման տեսակետ է արտահայտել «Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում՝ ընդգծելով նաև այն հանգամանքը, որ իր գլխավորած կազմակերպության և Հայաստանի միջև համագործակցության մակարդակը շատ բարձր է։
-Պարոն Ֆլոյդ, ո՞րն է Ձեր՝ Հայաստան այցի նպատակը։
-Հայաստան այցելությունը հիանալի հնարավորություն է։ Հայաստանը մեր կազմակերպության մաս կազմող 187 երկրներից մեկն է։ Եվ ես այստեղ եմ շնորհակալություն հայտնելու համար։ Շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանը և երկրի տեխնիկական մասնագետներին՝ Միջուկային փորձարկումների արգելման համապարփակ պայմանագրին և իմ ղեկավարած կազմակերպության աշխատանքին նվիրվածության համար։ Հայաստանում տեղակայված է մեր մոնիթորինգի կայաններից մեկը, որը գլոբալ ցանցի մաս է կազմում և մեզ թույլ է տալիս իմանալ բնական և այլ բնույթի երևույթների մասին՝ ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ։ Հայաստանը շատ լավ է կառավարում այդ կայանը։ Հայաստանն ունի ազգային տվյալների կենտրոն։ Հայաստանն իր ձայնն է բարձրացնում միջուկային փորձարկումների արգելքի հասնելու նպատակի իրագործման համար։ Ահա թե ինչու եմ ես այստեղ, որպեսզի շնորհակալություն հայտնեմ մեր հրաշալի գործընկերոջը։
-Անշուշտ, Դուք արդեն իսկ մի շարք հանդիպումներ եք ունեցել Հայաստանի տարբեր պաշտոնյաների, փորձագետների և գիտնականների հետ․ ի՞նչ արդյունքներ են ունեցել այդ հանդիպումները։
Հայաստանում կան մարդիկ, որոնք անցել են մեր առաջարկած ուսուցումը միջազգային մոնիթորինգի համակարգի կողմից հավաքված տվյալների հետ աշխատելու համար, և կա հնարավորություն, որ ավելի շատ մարդիկ մասնակցեն ուսուցմանը։ Եվ հաջորդ տարի Հայաստանը կհյուրընկալի այս ուսումնական միջոցառումներից մեկը։ Եվ այսպես, Հայաստանից բավականին շատ մարդիկ կկարողանան մասնակցել դրան, ինչը նրանց կտա հմտությունների կատարելագործում, որոնք նրանք կօգտագործեն ոչ միայն մեր պայմանագրի նպատակների համար, այլև կարող են օգտագործել երկրաշարժերի մոնիթորինգի նպատակների համար այստեղ՝ Հայաստանում։
-Ինչպե՞ս է Հայաստանի ներգրավվածությունը CTBTO-ի հետ նպաստում տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության ամրապնդմանը, և ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի հետ համագործակցությունն այս ոլորտում:
Հայաստանի հետ համագործակցության մակարդակն արդեն շատ բարձր է։ Հայաստանն օգտագործում իր ձայնը մեր բազմակողմ հանդիպումների ժամանակ, և մենք գնահատում ենք դա։ Արտաքին գործերի փոխնախարարը վերջերս ելույթ ունեցավ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում և հպարտորեն ու լավ ներկայացրեց Հայաստանը։ Այսպիսով, մենք մեծ ներգրավվածություն ենք տեսնում միջուկային փորձարկումներից զերծ աշխարհի և, ի վերջո, միջուկային զենքից զերծ աշխարհ ունենալու համար։ Հայաստանի աջակցությունը շատ համապարփակ և ամբողջական է։
-Քանի որ CTBTO-ն նշում է իր 30-ամյակը, այդուհանդերձ, դեռևս 9 երկիր պետք է վավերացնի Պայմանագիրը, որպեսզի այն ուժի մեջ մտնի: Ի՞նչ ուղերձ կփոխանցեք այն երկրներին, որոնք դեռ չեն վավերացրել պայմանագիրը, և ինչպե՞ս կարող է Հայաստանի փորձն օրինակ ծառայել այդ երկրների համար:
Համապարփակ միջուկային փորձարկումների արգելման մասին պայմանագրի շրջանակներում մենք ունենք 44 երկրների ցանկ, որոնք պետք է վավերացնեն պայմանագիրը, որպեսզի այն դառնա իրավաբանորեն պարտադիր։ Եվ այդ 44-ի ցանկում կա 9 պետություն, որոնք դեռ պետք է վավերացնեն այն։ Նրանց մեծ մասն արդեն ստորագրել է, ինչը նշանակում է, որ նրանք հավատարիմ են պայմանագրին, բայց նրանք դեռ չեն կատարել վավերացման վերջին քայլը։ Մենք շարունակում ենք կապ հաստատել այդ երկրներից յուրաքանչյուրի հետ՝ խրախուսելու նրանց կատարել այդ քայլը՝ հասնելով պայմանագրի վերջնական վավերացմանը։ Մենք մշտապես գնահատում ենք Հայաստանի կողմից իր դիվանագիտական միջոցներով պայմանագիրը դեռևս չվավերացրած պետությունների հետ տարվող աշխատանքը։
-Եվ որո՞նք են այն 9 երկրները, որոնք դեռևս չեն վավերացրել Պայմանագիրը։
Այո, որպեսզի պայմանագիրն ուժի մեջ մտնի, անհրաժեշտ է դեռևս 9 երկրի վավերացում, և այդ երկրներն են՝ Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Հնդկաստանը, Պակիստանը, Իսրայելը, Իրանը, Եգիպտոսը և Հյուսիսային Կորեան։ Նրանցից շատերի համար կան հանգամանքներ, որոնք դժվարացնում են առաջընթացն այդ հարցում, բայց Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագիրն արդեն իսկ զարմանալի հաջողություն է։ Զարմանալի է, սակայն, երբ հաշվի եմ առնում, որ պայմանագրի ստեղծումից՝ 1996 թվականի սեպտեմբերից առաջ, ամբողջ աշխարհում տեղի է ունեցել ավելի քան 2000 միջուկային փորձարկում, իսկ փաստաթղթի՝ ստորագրման համար բացվելու օրվանից մինչև հիմա՝ գրեթե 30 տարի անց, ընդամենը 10 փորձարկում և 21-րդ դարում՝ միայն մեկ պետություն (խմբ․՝ Հյուսիսային Կորեա), հասկանում եմ, որ Պայմանագիրը զարմանալի հաջողություններ է գրանցում։ Չնայած այն իրավաբանորեն պարտադիր չէ, այդուհանդերձ, երկրները բոլոր փորձարկումները դադարեցնելու մասին դիրքորոշում են ընդունել, ինչը, կարծում եմ, մեծ հաջողություն է։
-Որքանո՞վ եք վստահ, որ CTBTO-ի ստուգման ռեժիմը կարող է հուսալիորեն տարբերակել միջուկային փորձարկումները բնական երևույթներից, այդ առումով կա՞ն վերջերս տեղի ունեցած իրադարձություններ, որոնց մասին կցանկանայիք կիսվել։
Ստորգետնյա միջուկային փորձարկման լինել-չլինելը ստուգելու համար մենք օգտագործում ենք սեյսմիկ տվյալները. խոսքը երկրակեղևի տատանումների մասին է: Սովորաբար մենք ունենում ենք բնական երկրաշարժեր կամ կարող ենք պայթյուններ ունենալ հանքարդյունաբերական գործունեության հետևանքով, բայց եթե տեղի ունենա ստորգետնյա միջուկային պայթյուն, ապա մեր կայանների ցանցը պետք է արձանագրի դա, և մեր վերլուծաբանները պետք է հասկանան, որ դա միջուկային պայթյուն էր, և ոչ թե որևէ այլ բան: Մենք կարող ենք դա անել: Մեր գլոբալ ցանցն ավելի քան 90%-ով ամբողջական է, և մեզ վստահություն է տալիս, որ մենք կհայտնաբերենք և կարող ենք հայտնաբերել միջուկային պայթյուն մոլորակի ամբողջ մակերևույթի ցանկացած քառակուսի կիլոմետրի վրա, և որ մենք կարող ենք այն առանձնացնել այլ տեսակի պայթյուններից կամ բնական երկրաշարժերից: Վերջերս՝ մոտ մեկ տարի առաջ, Իրանի հյուսիսում տեղի ունեցան մի քանի փոքր թվացող երկրաշարժեր: Սոցիալական ցանցերը շատ հետաքրքրված էին դրանցով՝ կարծելով, որ դրանք հնարավոր միջուկային փորձարկումներ են։ Բայց երբ մենք վերլուծեցինք բոլոր տվյալները, հայտարարեցինք, որ դրանք բնական երկրաշարժեր են, ինչի արդյունքում սոցիալական ցանցերում առկա այդ ամբողջ ակտիվությունը դադարեց։ Եվ շատ երկրներ թեթևացած շունչ քաշեցին, քանի որ միջուկային փորձարկում չէր եղել։
-Կարո՞ղ եք ներկայացնել ձեր համակարգի կողմից միջուկային ստուգումից բացի հավաքվող տվյալների այլ առավելությունների մասին, օրինակ՝ դրա դերի մասին բնական աղետների նախազգուշացման, գիտական հետազոտությունների կամ շրջակա միջավայրի մոնիթորինգի գործում:
Մեր միջազգային մոնիթորինգի համակարգը հավաքում է չորս տարբեր տեսակի տվյալներ․ սեյսմիկ տվյալներ, երկրակեղևի տատանումներ, մթնոլորտում տատանումների ձայներ, օվկիանոսում տատանումներ կամ մթնոլորտում առկա ռադիոակտիվ նյութեր։ Այդ բոլոր տվյալները հեռարձակվում են արբանյակով և ուղարկվում Վիեննա։ Մենք դրանք հավաքում ենք Միջազգային տվյալների կենտրոնում, ապա հասանելի ենք դարձնում մեր պայմանագրի անդամ բոլոր պետություններին։ Այս պայմանագիրը ստորագրած բոլոր երկրները՝ բոլոր 187-ը, կարող են հասանելիություն ունենալ բոլոր տվյալներին։ Այնուհետև երկրները կարող են օգտագործել այդ տվյալները քաղաքացիական նպատակներով, ինչպիսիք են բնական աղետների մոնիթորինգը, երկրաշարժերի, հրաբխային ակտիվությունների, ցունամիների մասին տեղեկությունները։ Նրանք կարող են դրանք օգտագործել որոնողական-փրկարարական նպատակներով։ Եթե մեր սենսորներից եկող ազդանշանը կարողանա գտնել, թե որտեղ կարող էր խնդիր լինել, նրանք կարող են այն օգտագործել ցանկացած գիտական նպատակի համար: Մենք ունենք միջոցներ, որոնք կարող ենք ձեռնարկել՝ տվյալների հավաքածուները տարբեր ոլորտների հետազոտողների հետ կիսելու նպատակով: Տվյալները նախատեսված են կիսվելու համար և հասանելի են բոլոր մասնակից պետություններին: Սա տեղեկատվության վիրտուալ գանձարան է ամբողջ աշխարհի հետազոտողների և քաղաքացիական նպատակների համար:
-Պարոն Ֆլոյդ, շնորհակալություն հանգամանալից զրույցի համար․ կցանկանայի՞ք որևէ բան հավելել։
Ես իսկապես գնահատում եմ Հայաստանի հետաքրքրությունը միջուկային փորձարկումներից և, ի վերջո, միջուկային զենքից զերծ աշխարհ տեսնելու հարցում։
Հայաստանը կիսում է այս տեսակետը աշխարհի գրեթե բոլոր երկրների հետ, և հիանալի է ունենալ աշխարհի տարբեր երկրների այս գործընկերությունը՝ ողջ մարդկության համար ավելի լավ աշխարհ ստեղծելու համար։