Meet Dilijan նախաձեռնությունը Թբիլիսիից և Մոսկվայից հետո ներկայացվեց Երևանում
3 րոպեի ընթերցում

Meet Dilijan նախաձեռնությունը, որը թիրախավորում է Դիլիջանը որպես զբոսաշրջային ուղղություն, ներկայացվեց Երևանում։ Նախաձեռնությունն ավելի վաղ ներկայացվել էր Թբիլիսիում և Մոսկվայում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Meet Dilijan-ը հանրությանը տրամադրելու է տարբեր գործիքներ և ռեսուրսներ՝ այցելուներին հնարավորություն տալով խորությամբ բացահայտել քաղաքը՝ բնությունը, հարուստ մշակույթը, խոհանոցը և այլ կարևոր շերտեր։

Նպատակն է Դիլիջանը դարձնել ավելի ճանաչելի ոչ միայն տեղական, այլև՝ համաշխարհային շուկայում՝ նպաստելով Դիլիջանում զբոսաշրջության զարգացման խթանմանը։ Այն միտված է օգնել Դիլիջանին դառնալ այն ուղղությունը, որը կգրավի ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև մշակութային, կրթական ու էկոտուրիզմի սիրահարներին՝ դարձնելով քաղաքը տարածաշրջանի և միջազգային մակարդակով ճանաչելի ու ցանկալի զբոսաշրջային գոտի:

Meet Dilijan նախաձեռնությունն ընդգծում է, որ յուրաքանչյուր այցելու կարող է քաղաքում գտնել իր հետաքրքրությունը բավարարող փորձառություն՝ լինի դա բնության հետ անմիջական շփումը, տեղական խոհանոցի համտեսը, մշակութային իրադարձություններին մասնակցությունը, թե տեղական համայնքի հետ ակտիվ հաղորդակցությունը: Նախագիծը միտված է դառնալ նորագույն, ժամանակակից ու համալիր գործիք Դիլիջանի զբոսաշրջային պոտենցիալը բացահայտելու և տարածելու համար: Շնորհանդեսի ընթացքում անցկացվեց նաև պանելային քննարկում և տարատեսակ ելունթներ հնչեցին:

«Դիլիջանը առանձնահատուկ վայր է՝ լի կենսական էներգիայով, մշակութային հարուստ ժառանգությամբ և անաղարտ բնությամբ։ Մենք ստեղծել ենք Meet Dilijan նախաձեռնությունը, որպեսզի աշխարհին ցույց տանք քաղաքի բազմաշերտ գեղեցկությունը և օգնենք յուրաքանչյուր այցելողի առավել ամբողջական ու հարուստ փորձառություն ստանալ։ Ցանկանում ենք՝ Դիլիջանը դառնա ոչ միայն տեղական, այլև միջազգային ճանաչելի զբոսաշրջային կենտրոն, որտեղ բնությունը, մշակույթը և համայնքը միասին ստեղծում են հրաշալի միջավայր»,-նշեց Meet Dilijan նախաձեռնության ներկայացուցիչ Կատյա Բրեդիխինան։

Առաջիկայում նախատեսվում է նախաձեռնությունը ներկայացնել աշխարհի այլ երկրներում։