Տուրիզմ

Ախուրյան համայնքում բացվել է Վահրամաբերդ-Մարմաշեն-Առափի «Արգիշտի I» արշավային արահետը

2 րոպեի ընթերցում

Ախուրյան համայնքում բացվել է Վահրամաբերդ-Մարմաշեն-Առափի «Արգիշտի I» արշավային արահետը

Ախուրյան համայնքի Մարմաշեն վանական համալիրին նայող բարձունքի հարթավայրում հանդիսավորությամբ բացվել է Վահրամաբերդ-Մարմաշեն-Առափի «Արգիշտի I» արշավային արահետը։ Արահետի ստեղծման նախաձեռնությունը միտված է համայնքում զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանի մշակութային ժառանգությունը զբոսաշրջիկներին և տեղացիներին առավել մատչելի դարձնելուն։ Նախաձեռնությունն իրականացվել է «Յալկեզյան» և «Շեն» բարեգործական հիմնադրամների, «Բնատաճար» կազմակերպության և Ախուրյանի համայնքապետարանի համագործակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ախուրյանի համայնքապետարանից, ընդհանուր առմամբ բարեկարգվել և կահավորվել է շուրջ 11 կմ երկարությամբ քայլարշավային արահետ, որն անցնում է մի շարք պատմական շերտերով՝ ներառյալ ուշ միջնադարյան գերեզմաններ, հուշարձանների ավերակներ և Արգիշտի Առաջինի սեպագիր արձանագրությունը (մ.թ.ա. VIII դար)։ Արահետի հարակից տարածքով հոսում է Ախուրյան գետը, իսկ երթուղու վերջնակետը Մարմաշեն վանական համալիրն է։ 

Ծրագրի շրջանակում մաքրվել է ամբողջ տարածքը, կառուցվել է չորս էկոլոգիապես անվտանգ փոքր կամուրջ, տեղադրվել են տեղեկատվական ցուցանակներ՝ շուրջ 15 կետում, որոնք ներկայացնում են պատմական և մշակութային նշանակության վայրեր։ Աշխատանքներն իրականացվել են այնպիսի ձևով, որ պահպանվի բնության բնական միջավայրը և էկոլոգիական հավասարակշռությունը։                                                                                

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում