2 րոպեի ընթերցում
Հայաստանի բնակչության շուրջ 60 տոկոսն ապահովված է 24-ժամյա խմելու ջրով, կան համայնքներ, որտեղ իրականացվում է կանոնակարգված ջրամատակարարում՝ օրինակ 4, 6 կամ 8 ժամով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումներում ՝ անդրադառնալով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, թե քաղաքային քանի՞ բնակավայր կա, որ չունի 24-ժամյա ջրամատակարարում:
«Հայաստանի բնակչության շուրջ 60 տոկոսն ապահովված է 24-ժամյա խմելու ջրով, դրանք հիմնականում այն հատվածներն են, որոնք գտնվում են «Վեոլիա Ջուր»-ի սպասարկման գոտում: Ունենք համայնքներ, որոնք իրենք են սպասարկում խմելու ջրի ենթակառուցվածքները: Այդ համայնքների մի մասում կա 24-ժամյա ջրամատակարարում, մյուս մասում կա կանոնակարգված ջրամատակարարում, որը 24-ժամյա չէ, դա հիմնականում գյուղական բնակավայրերում է: Օրինակ՝ օրվա ընթացքում 4 ժամ, 6 ժամ կամ 8 ժամ ջրամատակարարում է լինում, բայց հստակ գրաֆիկով»,-ասաց Խուդաթյանը:
Նախարարն ընդունեց՝ որոշ հատվածներ կան, որտեղ ջրամատակարարումը խնդիր է, և կանոնակարգված գրաֆիկ չկա: Բայց պետությունն առաջնահերթ է համարում ջրային ենթակառուցվածքների զարգացումը, այդ պատճառով դա համարում է առաջնահերթություն սուբվենցիոն ծրագրերի մասով:
Նա վստահեցրեց՝ համայնքների կողմից սուբվենցիայի համար ներկայացված ծրագրերը. որոնք ուղղված են խմելու և ոռոգման ջրի համակարգերի արդիականացմանը, առաջնահերթության կարգով ընդունվում են, և պետությունը բարձր տոկոսներով համաֆինանսավորում է իրականացնում: