Հայաստանի գիտնականների և նորարարների հեռանկարները՝ «Հորիզոն Եվրոպա»-ի շրջանակներում
7 րոպեի ընթերցում

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում հոկտեմբերի 22-ին կայացավ Եվրամիության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի տեղեկատվական միջոցառումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նպատակն էր ներկայացնել Հայաստանի աճող ներգրավվածությունը Եվրոպական հետազոտական տարածքին և երկրի ակտիվ մասնակցությունը հետազոտությունների և նորարարության ոլորտներում ԵՄ գլխավոր նախաձեռնությանը՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին:
Միջոցառումը կազմակերպել էր Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնը («Հորիզոն Եվրոպա»-ի հայաստանյան գրասենյակը)՝ Եվրոպական հանձնաժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և ՀՀ ԳԱԱ-ի հետ սերտ համագործակցությամբ։
Քննարկվեց Հայաստանի մասնակցությունը նշված ծրագրին: Ներկայացվեցին համագործակցության ընթացիկ հնարավորությունները, փոխգործակցության հաջողված դրսևորումները, ինչպես նաև Եվրոպական միության հետազոտական և նորարարական բացառիկ նախագծերին հայ գիտնականների և նորարարների մասնակցության հնարավորությունները։ Կազմակերպվեց նաև «Նորարարական Եվրոպա» ենթածրագրի ներկայացմանը նվիրված հատուկ նիստ:
Հայաստանը «Հորիզոն Եվրոպա» ծրագրում լիարժեքորեն ներգրավված է 2022 թվականից: Դա հայկական հաստատություններին հնարավորություն է տալիս ամբողջ ծավալով օգտվել ԵՄ ֆինանսավորումից և մասնակցել եվրոպական հետազոտական ու նորարարական նախագծերին։ Սա կարևոր ու դրական քայլ էր ԵՄ-Հայաստան գիտահետազոտական և նորարարական համագործակցության շարունակականությունն ապահովելու ուղղությամբ։
Ծրագրի մեկնարկից ի վեր հայկական կազմակերպությունները ստացել են շուրջ 8 միլիոն եվրոյի ֆինանսավորում (2025 թվականի հունիսի դրությամբ)՝ տարբեր թեմատիկ կլաստերներում գրանցելով նորանոր հաջողություններ։
Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավար Վասիլիս Մարագոսը հայաստանցի գիտնականներին հորդորեց օգտվել ծրագրի ընձեռած հնարավորությունից՝ կապեր հաստատել և համատեղ աշխատել եվրոպացի գործընկերների հետ:

«Ըստ էության, հենց դա է Եվրամիության այս բոլոր ծրագրերի գաղափարը՝ կապեր հաստատել մարդկանց, հաստատությունների միջև և սկսել փորձի փոխանակում։ Կարծում եմ, որ շատ կարևոր է լինել հավակնոտ, համարձակ և համոզվել, որ ձեր հետազոտական ներուժը լիովին օգտագործվի ի շահ Հայաստանի Հանրապետության: Դա կարևոր է նաև մեր համատեղ աշխատանքի և գործընկերության համար: Պետք է կերտել այնպիսի ապագա, որն ավելի դիմակայուն կդարձնի ձեր երկիրը»,- նշեց նա:
Վասիլիս Մարագոսի գնահատմամբ՝ նորարարական ներուժն է Հայաստանի հիմնական ակտիվը։ Նա ընդգծեց, որ Եվրամիությունում և գործընկեր երկրներում ցանկանում են, որ Հայաստանն ավելի զարգացնի իր ներուժը և դա ծառայեցնի Եվրոպայի քաղաքացիների, Հայաստանի ժողովրդի և այն մարդկանց օգտին, որոնք ներգրավված են լինելու տարբեր տնտեսական ներդրումներում և օգտվելու են այս հետազոտություններից։
«Առանց մարդկային կապիտալում ներդրումների շատ դժվար կլինի կայունության հասնել այս ոլորտում: Ահա թե ինչու են կարևոր նաև կրթական բարեփոխումները։ Դրա համար ենք աշխատում այս բոլոր ոլորտներում: Եվրամիությունը ձեզ հետ է, այն ձեր գործընկերն է, բայց գործընկերության զարգացման համար անհրաժեշտ են երկու կողմեր: Այդ իսկ պատճառով անհամբերությամբ սպասում եմ «Հորիզոն Եվրոպա»-ին ձեր ավելի հաջող մասնակցությանը և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աշխատում են այդ ուղղությամբ»,- ասաց Եվրամիության առաքելության ղեկավարը։
Գիտական և նորարարական գործընկերության աջակցման կենտրոնի տնօրեն, Հայաստանում «Հորիզոն Եվրոպա» ծրագրի կոնտակտային անձանց ցանցի համակարգող Տիգրան Արզումանյանն էլ «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց, որ միջոցառման նպատակն է ներկայացնել այն հնարավորությունները, որոնք այս ծրագիրը կարող է ընձեռել հայաստանյան գիտնականներին և նորարարներին՝ համատեղ գիտահետազոտական նախագծեր իրականացնելիս: Նա գտնում է, որ այս առումով կարևոր է հանրայնացնել Հայաստանում գրանցված հաջող համագործակցության օրինակները, մարդկանց տեղեկացնել, թե ինչպիսի գործունեություն է իրականացվում այս ծրագրի շրջանակներում:

«Ծրագրում ներառված են գիտական բոլոր ուղղությունները: Այսինքն, հայրենի գիտական հանրությունը ելնելով իր հետաքրքրությունների շրջանակից՝ կարող է պարզել, թե ինչ ծրագրերի և ինչպիսի գործընկերության ձևաչափով կարող է մասնակցել: Սահմանափակում չկա՝ մասնակցության համար բաց են գիտության բոլոր ոլորտները: Ցանկանում ենք խթանել, ընդլայնել Հայաստանի գիտնականների և նորարարների ներգրավվածությունն այս ծրագրում»,-ընդգծեց նա:
Տիգրան Արզումանյանը հայտնեց նաև, որ ծրագրի շրջանակներում Հայաստանում արդեն իրականացվում են մի քանի բավականին մեծ ծրագրեր: Ըստ նրա՝ եվրոպական գործընկերների հետ համատեղ նախագծերի են մասնակցում, նաև զգալի դրամաշնորհներ են ստացել: Խոսքը, մասնավորապես, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Ֆիզիոլոգիայի, Կենսաբանության և Օրգանական քիմիայի ինստիտուտների մասնագետների մասին է:
Հատուկ ուշադրություն է դարձվելու «Նորարարական Եվրոպա» ենթածրագրին և հնարավորություններին, որոնք այն կարող է ընձեռել Հայաստանի ՓՄՁ-ներին և ստարտափներին:
ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող և շուրջ 95 միլիարդ եվրո ընդհանուր բյուջե ունեցող «Հորիզոն Եվրոպա» վեցամյա ծրագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը: Այն նախաձեռնվել է չորս տարի առաջ: Սա համաշխարհային մակարդակով ամենածավալուն գիտահետազոտական ծրագիրն է, որը համաեվրոպական համագործակցային գիտահետազոտական նախագծերի ֆինանսավորման հիմնական գործիքն է: Այն միտված է կլիմայական փոփոխությունների հաղթահարմանը, ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրագործմանը, ինչպես նաև ԵՄ մրցունակության և աճի խթանմանը։ Ծրագիրը նաև նպաստում է միջսահմանային համագործակցությանը և աջակցում է գիտնականներին ու նորարարներին իրենց կարիերայի բոլոր փուլերում։