Եվրոպա

ԵՄ 11 երկիր պահանջել է դադարեցնել արտաքին քաղաքականության հետ կապված «խոչընդոտող» վետոները

3 րոպեի ընթերցում

ԵՄ 11 երկիր պահանջել է դադարեցնել արտաքին քաղաքականության հետ կապված «խոչընդոտող» վետոները

Եվրամիության 11 երկրից բաղկացած խումբը (Ավստրիա, Դանիա, Բելգիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Լյուքսեմբուրգ, Նիդեռլանդներ, Ռումինիա, Իսպանիա և Շվեդիա) պահանջել է վերջ դնել «խոչընդոտող» վետոներին, որոնք վերջին տարիներին կաթվածահար են արել միության արտաքին գործողությունները։ Երկրների պնդմամբ՝ անկեղծ համագործակցության սկզբունքը պետք է գերակայություն ունենա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Euronews-ը, որի տրամադրության տակ է հայտնվել վերոնշյալ երկրների կողմից ստորագրված համապատասխան նամակը։

«Միության կոնսենսուսի մշակույթը նրա լեգիտիմության կարևոր աղբյուր է։ Հետևաբար, մենք շարունակում ենք ձգտել կոնսենսուսի, որտեղ հնարավոր է։ Սակայն մենք պետք է նաև ապահովենք, որ այս կոնսենսուսի մշակույթը խթանի համատեղ գործողությունները, այլ ոչ թե կանխի դրանք, հակառակ դեպքում մենք կունենանք լեգիտիմություն, բայց ոչ ուժ», - նշվել է երկրների կողմից ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին ուղղված նամակում, որը նաև ուղարկվել է այն անդամ պետություններին, որոնք չեն ստորագրել փաստաթուղթը։

Նամակում նաև նշվում է, որ ԵՄ արտաքին գործողությունները բախվում են արմատապես փոփոխված լանդշաֆտի, որը ձևավորվել է ռազմավարական մրցակցության, աճող անկայունության և կանոնների վրա հիմնված միջազգային կարգը խաթարելու փորձերի պատճառով։

ԵՄ կանոնների համաձայն՝ արտաքին քաղաքականությունը խստորեն կարգավորվում է միաձայնությամբ, ինչը նշանակում է, որ մեկ երկիր կարող է ցանկացած պահի «կապել մյուս 26 անդամ պետությունների ձեռքերը»։

Euronews-ը նշում է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ապրիլին իշխանությունը կորցնելուց առաջ պարբերաբար օգտագործում էր վետոյի իրավունքը՝ զիջումներ ստանալու և իր շահերն առաջ մղելու համար։ Նա արգելափակել էր Ուկրաինայի համար 90 միլիարդ եվրոյի վարկը, որը համաձայնեցրել էին ԵՄ առաջնորդները։

Նամակը ստորագրող երկրները սահմանել են հետևյալ հինգ սկզբունքները, որոնք, նրանց կարծիքով, պետք է ուղղորդեն և բարելավեն դաշինքի ընդհանուր արտաքին քաղաքականությունը.

-Պահպանել անկեղծ համագործակցության և փոխադարձ համերաշխության սկզբունքները

-Ավելացնել կառուցողական ձեռնպահների կիրառումը՝ վետոյի փոխարեն

-Զերծ մնալ արտաքին քաղաքականության որոշումներն «էապես կապ չունեցող» հարցերի հետ կապելուց

-Ուսումնասիրել ԵՄ պայմանագրերի շրջանակներում միաձայնությունից որակյալ մեծամասնության անցնելու տարբերակները

-Ներկայացնել «հիմնավորված կարևոր պատճառներ»՝ նմանատիպ քայլը խոչընդոտելու համար։

Հրատարակությունը նշում է, որ միաձայնությունից որակյալ մեծամասնության քվեարկության համակարգի անցնելու հարցը երկար է քննարկվել Բրյուսելում, սակայն թեման սրվել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ծավալած պատերազմից հետո։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում