Քաղաքականություն

Փաշինյանն ու Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ նոր գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր

2 րոպեի ընթերցում

Փաշինյանն ու Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ նոր գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ նոր գործընկերության օրակարգին և դրանով սահմանված հավակնոտ ռազմավարական գործողությունների իրականացմանը վերաբերող հարցեր:

Կողմերն անդրադարձել են առաջիկա անելիքներին և համագործակցության խորացման հեռանկարներին՝ շեշտելով, որ վերջին տարիներին Հայաստան–ԵՄ հարաբերությունները նոր որակ ու խորություն են ձեռք բերել: 

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԵՄ-ի հետևողական աջակցությունը մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում և ընդգծել ՀՀ կառավարության շահագրգռվածությունը՝ բոլոր ոլորտներում ԵՄ ստանդարտների ներդրման հարցում:

Իր հերթին, Մարթա Կոսը շեշտել է ԵՄ պատրաստակամությունը՝ շարունակելու ՀՀ-ի հետ տարբեր ուղղություններով կապերի խորացման և ընդլայնման քայլերը: 

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են վիզաների ազատականացման շուրջ արդյունավետ երկխոսության փաստը և նշել, որ այդ ուղղությամբ ևս արձանագրվել է զգալի առաջընթաց:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում տարածաշրջանում ստեղծված հնարավորությունների, մեր երկրում TRIPP նախագծի և «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացման շուրջ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում