Ռուսաստանը «ստվերային նավատորմն» օգտագործում է հետախուզական դիվերսիոն գործունեության համար. Զելենսկի
2 րոպեի ընթերցում
Ռուսաստանը տանկերներն օգտագործում է ոչ միայն Ուկրաինայի դեմ պատերազմի համար միջոցներ ստանալու, այլև հետախուզական և նույնիսկ դիվերսիոն գործունեության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին իր Telegram ալիքում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Նա նշել է, որ լսել է Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Օլեգ Իվաշչենկոյի զեկույցը։
«Մեր հետախուզությունն ակտիվորեն համագործակցում է գործընկերների հետ՝ թույլ չտալու, որ Ռուսաստանն այսպես կոչված «ստվերային նավատորմի» նավերն օգտագործի Եվրոպայում դիվերսիաներ և անկայունացման այլ փորձեր կատարելու համար», - գրել է Ուկրաինայի նախագահը։
Նա հավելել է, որ Կիևը գործընկերներին տրամադրում է անհրաժեշտ ողջ տեղեկությունը և ակնկալում է, որ ռուսական միջամտությանը հակազդեցությունը զգալիորեն ավելի ուժեղ կլինի։
«Այժմ ռուսաստանցիները տանկերներն օգտագործում են ոչ միայն պատերազմի համար գումար վաստակելու, այլև հետախուզական և նույնիսկ դիվերսիոն գործունեության համար։ Սա կանխելը լիովին հնարավոր է», - ընդգծել է նա։
Արտաքին հետախուզության պետի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ կոնկրետ խնդիրներ, մասնավորապես, թե պատժամիջոցների շրջանցման որ սխեմաները պետք է կասեցվեն առաջին հերթին։
«Արտաքին հետախուզության ղեկավարին հանձնարարել եմ գործընկերների հետ աշխատել նաև այն ուղղություններով, որոնք կարող են Ուկրաինայի համար ապահովել անհրաժեշտ զենքի և սարքավորումների ավելի շատ իրական մատակարարումներ», - հավելել է նախագահը։
Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ Ռուսաստանը տանկերներն օգտագործում է Եվրոպայի երկրների վրա անօդաչու թռչող սարքեր արձակելու համար: