Մարզեր

Սևանի համայնքապետարանի և «Զենիթ» ակադեմիայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

2 րոպեի ընթերցում

Սևանի համայնքապետարանի և «Զենիթ» ակադեմիայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանի և «Զենիթ» ակադեմիայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի առանցքում «Ընտանիքի տեխնոլոգիական զարգացում» նախագծի իրականացումն է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, «Զենիթ» ակադեմիան («ՏՈՒԿ ՖԱԱՌԱԼՊ» Տեխնոլոգիական ուսուցման Կենտրոն-Օվերն-Ռոն-Ալպեր Հայկական ֆեդերացիա» կրթական հիմնադրամ) «Ընտանիքի տեխնոլոգիական զարգացում» նախագծի շրջանակներում իրականացնելու է «Արևային համակարգերի ընդհանուր տեխնոլոգիական գիտելիքներ» դասընթացը, որի նպատակն է Սևան համայնքում արևային էներգետիկայի մասնագիտական ներուժի բարելավումը:

Ծրագրի ընթացքում նախատեսվում է համայնքի բնակչության հմտությունների ու կարողությունների զարգացում կանաչ տնտեսության և տեխնոլոգիական ոլորտում, նորարական մոտեցումների կիրառում, սոցիալ-տնտեսական ու բնապահպանական կայուն զարգացում, իրականացվող գործողությունների արդյունքում գործազրկության նվազեցում և միգրացիոն հոսքերի սահմանափակում:

«Ծրագրի շահառուները ոչ թե միայն անհատներն են, այլ ամբողջական ընտանիքները, որտեղ ընտանիքի յուրաքանչյուր անդամ լինելու է մասնակից իրականացվող ծրագրային գործողությունների: Սա ընտանիքների կյանքի որակի բարելավման, ինքնաբավ լինելու, նոր հմտությունների ձեռք բերման լավագույն հնարավորություն է, որը տեղական իշխանության համար առաջնահերթություն ներկայացնող խնդիրներից մեկն է:

Սևանի համայնքապետարանը պատրաստակամ է տրամադրել աջակցություն նախագծի իրականացման ընթացքում, որը ներառելու է տեխնիկական, կազմակերպչական, հավաքագրման հանրայնացման բաղադրիչներ»,- ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում