Պետությունը պետք է առանցքային դերակատարում ունենա. տնտեսագետի անդրադարձը հանքարդյունաբերության որոշ խնդիրներին
7 րոպեի ընթերցում
Ներդրողները ցանկանում են աշխատել հուսալի և կանխատեսելի միջավայրում՝ ստանալով դրա վերաբերյալ պետական գործուն երաշխիքներ: Հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների ներգրավման և դրանց ծավալների ավելացման հնարավորությունների վերաբերյալ հարցազրույցի ընթացքում «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
-Հայաստանի հանքարդյունաբերությունում ի՞նչ մասնաբաժին են կազմում արտասահմանյան ներդրումները:
-Սա ներդրումներ ներգրավող հիմնական ոլորտներից է Հայաստանի Հանրապետությունում: Վերջին 20 տարիներին հանքարդյունաբերությունում ներդրվել է մոտավորապես 600-700 մլրդ դրամ: Ներդրումները գերազանցապես իրականացրել են մի քանի խոշոր ընկերություններ: Ամենամեծ ներդրումը կատարել է «Լիդիան Արմենիա»-ն՝ մոտ 750 մլն դոլար: Դա անկախության շրջանում Հայաստանում իրականացված ամենախոշոր ներդրումային նախագիծն է: Այս պահին այդ գործընթացը շարունակվում է: Նախատեսվում է հաջորդ տարվա երրորդ կամ չորրորդ եռամսյակում վերագործարկել Ամուլսարի հանքավայրը: Մինչև այդ, նրանք մոտ 150 մլն դոլարի վարկային միջոցներ են ձեռք բերել Ամերիաբանկից՝ այդ կերպ լուծելով շուրջ 100 մլն դոլար ներդնելու խնդիրը:
Մյուս խոշոր ներդրողն, անշուշտ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը սեփականաշնորհումից հետո պարբերաբար վերազինվել է տարբեր ներդրումային ծրագրերի շրջանակներում:
Ժամանակին ներդրումային որոշակի ծրագրեր են իրականացվել նաև Սոթքի հանքավայրում, որի պարագայում 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, ցավոք, ունեցանք բավականին լուրջ կորուստներ:
Հանքարդյունաբերության ոլորտում ներդրումները բավականին բարձր եկամտաբերություն և շահութաբերություն են ապահովել: Հատկապես վերջին շրջանում ոսկու, պղնձի և մոլիբդենի բարձր գները նպաստում են ոլորտում ավելի մեծ ներդրումների իրականացմանը:
Այնուամենայնիվ, պետությունը պետք է հասցեական և պատասխանատու մոտեցում դրսևորի այդ ներդրումների մասով՝ հանքերի շահագործման արտոնագրեր տրամադրելուց հետո վերահսկողություն իրականացնի ու նաև երաշխավորի նրանց գործունեությունը: Ու հանկարծ չստացվի այնպես, որ նախագծի իրականացումը սառեցվի դրան դեմ արտահայտվող մարդկանց կամքով և ներդրողը լուրջ վնասներ կրի: Այսինքն, ներդրումների մասով հանքարդյունաբերության ոլորտի հիմնական խնդիրը կառավարությունից երաշխիք ստանալն է այն մասին, որ իրենք պաշտպանված կլինեն արտաքին միջամտություններից:
-Գտնում եք, որ դա կհանգեցնի ներդրումների ծավալի աճի՞ն:
-Անշուշտ: Եվ երկրորդ հանգամանքն, անշուշտ, անվտանգության գործոնն է: Ոչ թե ներդրումներն են ապահովում անվտանգություն, այլ հակառակը: Կառավարությունը պետք է անվտանգության երկարաժամկետ երաշխիքներ կամ ազդակներ փոխանցի ներդրողներին, որպեսզի նրանք վստահեն և գումարներ ներդնեն:
-Այսինքն, ճանապարհների ապաշրջափակման ծրագիրը կհանգեցնի ներդրումների աճի՞ն:
-Դրա համար անհրաժեշտ է իրականացնել համալիր գործընթաց, քանի որ խնդիրը չի առնչվում միայն ճանապարհների ապաշրջափակմանը: Ներդրողը չի կարող բավարարվել հայտարարություններով. նա ցանկանում է փոխադարձ վստահություն տեսնել երկրների միջև, ծանոթանալ անվտանգություն ապահովող մեխանիզմերին և երաշխիքներին, տեղեկանալ, թե արդյոք կարո՞ղ է օգտվել պայմանավորվածության ձեռքբերմանը մասնակցած մյուս կողմի ենթակառուցվածքներից: Նույն TRIPP-ն առաջին հերթին օգտակար կլինի հանքարդյունաբերական ձեռնարկությունների համար, որոնք իրենց արտադրանքի մոտ 50 տոկոսը Չինաստան են արտահանում վրացական Փոթի նավահանգստի միջոցով, ուր բեռը հասցվում է երկաթուղիով: TRIPP-ի գործարկման պարագայում հնարավոր կլինի ավելի հեշտ իրականացնել բեռնափոխադրումը տարբեր ուղղություններով: Բայց այդ ծրագրի իրականացման համար նախ անհրաժեշտ է ներդաշնակեցնել տարբեր երկրների շահերը՝ հաշվի առնելով, որ TRIPP-ը հայ-ամերիկյան նախագիծ է, իսկ հանքաարդյունաբերությունն, ըստ էության, գտնվում է ռուսական կապիտալի տիրույթում: Այսինքն, ունենք ռուսական, ամերիկյան, հայկական շահերի ներդաշնակեցման խնդիր: Պետք է փորձենք բոլոր շահագրգիռ կողմերին հավաքել այս նախագծի շուրջ՝ այն դարձնելով ոչ թե մրցակցության, այլ համագործակցության դաշտ:
-Հայաստանում հանքարդյունաբերության զարգացման միակ հնարավորությունը մասնավոր ներդրումնե՞րն են, թե՞ արդյունավետ կարող է լինել նաև պետական ձեռնարկության տարբերակը:
-Այս ոլորտում պետության ներկայությունը, կարծում եմ, կարևոր է: Այն պետք է առանցքային նշանակություն ունենա, որպեսզի պետությունն ավելի լավ պատկերացում կազմի հանքարդյունաբերության մասին և վերահսկի, իսկ անհրաժեշտության դեպքում նաև աջակցության կամ կարգավորման մեխանիզմներ սահմանի: Կարծում եմ՝ դա կարող է լինել արդյունավետ գործող ձևաչափ այն դեպքում, եթե պետությունն ունենա ոլորտը հասկանալու և դրան տիրապետելու բավարար կարողություններ և ներուժ:
-Կարծում եմ, հանքարդյունաբերության ֆորումի շրջանակներում հասցրել եք շփվել ոլորտի մասնագետների հետ: Որո՞նք են նրանց բարձրաձայնած հիմնական խնդիրները:
- Նրանք ցանկանում են ավելի վստահելի գործընկեր ունենալ՝ ի դեմս պետության, որն ամբողջ ծավալով կկատարի իր ստանձնած պարտավորությունները: Նշում էին, որ հաճախ ստանում են որոշումներ, որոնք չեն կարողանում կիրառել կամ վստահ չեն, որ կիրառելիս կունենան պետական աջակցություն, oրինակ, համայնքային իշխանությունների հետ տարաձայնությունների ծագման դեպքում: Նման դեպքերում պետությունը պետք է փորձի բացատրել խնդիրները, հիմնավորել որոշումները և, անշուշտ, լուծումներ գտնել: Մասնագետներն անդրադարձան նաև հարկային օրենսդրությանն առնչվող մի շարք խնդիրների, որոնք բավականին ծախսատար ու ժամանակատար լինելով, երբեմն նաև վանում են ներդրողներին: Այսինքն, պետք է լինի կանխատեսելի ու հստակ հարկային օրենսդրություն: Մեր օրենսդրությունը պարբերաբար վերանայման կարիք ունի՝ ելնելով ծագող խնդիրներից: