Երբեք չգնացի զարմացնելու ճանապարհով. Հարություն Խաչատրյանի տասը ֆիլմ կցուցադրվի Փարիզի «Պոմպիդու» կենտրոնում

10 րոպեի ընթերցում

Հայաստանի ժողովրդական արտիստ Հարություն Խաչատրյանն անմնացորդ նվիրված է կինոարվեստին, որի միջոցով պատմում է պատմություններ, որոնք և՛ իրենն են, և՛ բոլորինը։ Կինոյի լեզվով երկխոսություն է ծավալում աշխարհի հետ՝ խոսելով անհատների, հասարակությունների, կարգերի և բարքերի մասին՝ բարձրաձայնելով իր մտահոգությունները։ 

Հետաքրքիր ձեռագրով կինովավերագրողը, որն իր ստեղծագործական գործունեության ընթացքում բազմաթիվ խոչընդոտներ է հաղթահարել, սակայն չի կոտրվել և արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, այսօր մի քիչ հուզված է, քանի որ թե՛ իր, թե՛ հայկական կինոյի համար բացառիկ իրադարձություն է սպասվում. հոկտեմբերի 9-ից նոյեմբերի 30-ը Ֆրանսիայում՝ համաշխարհային արվեստի խոշորագույն հարթակում՝ «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնում, կազմակերպվելու են Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ առիթով հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը Խաչատրյանը հիշեցրեց, որ վերջերս իր ֆիլմերից յոթը ցուցադրվել են Մոսկվայում, մի քանիսը՝ Սլովենիայում, Իսպանիայում։ Ֆրանսիայում հետահայաց ցուցադրություններն ասես նվեր լինեն 70-ամյա ռեժիսորին։ «Հուզիչ և ուրախացնող է, որ ֆիլմերս ցուցադրվելու են «Պոմպիդու»-ում, որտեղ շատ տարիներ առաջ ներկայացրել եմ իմ առաջին երկու կինոնկարները՝ «Կնոդ»-ը և «Սպիտակ քաղաք»-ը։ Հաճելի է, որ իմ տասը ֆիլմով կենտրոնը որոշեց կրկին հիշեցնել իմ կինոարվեստի մասին»,-նշեց Խաչատրյանը։

Անդրադառնալով ժամանակակից հայկական կինոն տարածելու խնդրին՝ ռեժիսորն ասաց, որ հին ժամանակներից եկող վատ սովորություն է եղել. տաղանդավոր և հետաքրքիր երիտասարդներին փորձել են խանգարել, թույլ չտալ դրսևորվել միջազգային հարթակներում, չխոսել նրանց մրցանակների մասին։ Նրա խոսքով՝ կինոմիությունը փորձում է  օգնել երիտասարդներին՝ հնարավորություն տալով Կինոյի տան մեծ դահլիճում ցուցադրել իրենց ֆիլմերը։ 

«Երբ նկարեցի «Կոնդ» ֆիլմը, որն աշխարհի, հավանաբար, 30 կամ 40 երկրում է ցուցադրվել, այստեղ չընդունեցին այն։ Փորձված հայ դոկումենտալիստներն այն հիմարություն, ոչ թե արվեստ համարեցին։ Ինձ կիսախելագար դարձրին։ Ֆիլմը տասը մասից էր ու հիանալի էր ստացվել։ Ստիպեցին երկու մաս դարձնել։ Օպերատոր Արմեն Միրաքյանի հետ ֆիլմը «գողացանք» ու ներկայացրինք Կիևի փառատոնին, որտեղ այն արժանացավ գլխավոր մրցանակին։ Հետո գլխավոր մրցանակ ստացավ Մոսկվայում։ Երբ վերադարձանք Երևան ու ցանկացանք պրեմիերան կազմակերպել, կրկին թույլ չտվեցին։ Հակահայկական էին համարում»,-պատմեց Խաչատրյանը։

Խոստովանեց՝ բավականին ցավոտ ճանապարհ է անցել։ «Ֆիլմեր կան, որոնք ստացել են Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի և հաղորդակցության նախարարության Chevalier de l'Ordre des Arts et des Lettres շքանշանին։ Ամաչել եմ ցույց տալ Հայաստանում, որովհետև «բարեկամներս» ասում էին, որ հիացած չեն իմ կինոնկարներով։ Ֆրանսիայում ցուցադրվող տասը ֆիլմից երկուսն են թեթև բարությամբ ընդունվել։ Փառք Աստծո, ֆիլմերն իրենց ճանապարհը հարթեցին»,-ասաց ռեժիսորը։

Հարություն Խաչատրյանը դեռ շատ ծրագրեր ունի։ Պատրաստվում է ֆիլմեր նկարահանել ականավոր մարդկանց՝ Վահան Տերյանի, Արմեն Ջիգարխանյանի և այլոց մասին։ Շատ տարիներ առաջ Տերյանին նվիրված ֆիլմի նախագիծը ներկայացրել է համապատասխան մարմիններին, սակայն երկու անգամ մերժել են։ «Հիմա նախարարությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Վահան Տերյանի ֆիլմի նկատմամբ։ Հատուկ ծրագրով ենք այն նկարելու։ Կիսատ է մնացել Ջիգարխանյանի մասին ֆիլմը, չի ֆինանսավորվել, չեն օգնել, որ ավարտեմ այն։ Պետք է նկարել, քանի դեռ ունես գաղափար, ունես ասելիք, քանի դեռ գիտես, որ ֆիլմի պատմությունն անհրաժեշտ է ազգին։ Դեռ չեմ նկարել մի ֆիլմ, որը մեր ազգի պատմությունը չլինի։ Իմ բոլոր կինոնկարները կամ մի մարդու, կամ մի փողոցի, կամ մի դեպքի, դժբախտության մասին են։ Ուսումնասիրված ու շատ մտածված է  հայկականության մասին խոսելը, և ես երջանիկ եմ, որովհետև չգնացի զարմացնելու ճանապարհով՝ նկարելով միջազգային ֆիլմեր։ Միայն մի ֆիլմ կա, որը միջազգային բնույթ ունի, խոսքը Նորա Արմանիի և Ժիրայր Փափազյանի մասնակցությամբ «Վերջին կայարանը» կինոնկարի մասին է, սակայն այն ևս հայերի մասին է պատմում»,-ասաց Հարություն Խաչատրյանը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է իրեն հաջողվել հաղթահարել խոչընդոտներն ու չկոտրվել՝ կինոռեժիսորը կատակեց՝ Ջավախքից է, հաստ կաշի ունի։ Ջավախքում դպրոցն ավարտելուց հետո եկել է Երևան կինոյի բաժին ընդունվելու, սակայն Խաչատրյանին հաջողվել է բուհ ընդունվել միայն յոթ տարի անց։ Նա երեք տարի կինոմեխանիկի աշակերտ է եղել, ծանոթացել է մոնտաժային արվեստի նրբություններին, ինչը հետագայում շատ է օգնել ֆիլմեր նկարահանելու գործում։

«Պոմպիդու» կենտրոնում համաշխարհային կինոհանդիսատեսը դիտելու է կինոռեժիսորի «Կոնդ», «Սպիտակ քաղաք», «Վերադարձ ավետյաց երկիր», «Վերջին կայարանը», «Վավերագրողը», «Պոետի վերադարձը», «Սահման», «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», «Փակուղի», «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմերը, որոնք ցուցադրվելու են «Պոմպիդու»-ի La Cinémathèque du documentaire par la Bpi ծրագրի շրջանակում։ Ցուցադրություններն անցնելու են «Բացելով ներկայի ծալքերը. Հարություն Խաչատրյանի վավերագրությունը» խորագրով։

Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը ֆիլմերի մեծ մասի վերականգնմանն աջակցելու համար։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը հիշեցրեց, որ 2025-ի հունվարին տոնել են Հարություն Խաչատրյանի հոբելյանական 70-ամյակը, իրականացվել են մի շարք միջոցառումներ։ Ամենասպասվածներից են փարիզյան ցուցադրությունները։ «Հետահայաց ցուցադրությունների պարագայում հիմնականում ներկայացվում է  երկու կամ երեք ֆիլմ, իսկ մենք խոսում ենք տասը ֆիլմի մասին, ինչը նշանակում է, որ մեծ հարգանք կա մեր ռեժիսորի արվեստի նկատմամբ։ «Ժորժ Պոմպիդու»-ի կենտրոնը Ֆրանսիայի՝ կինոյի երկրի ամենահեղինակավոր կառույցներից է։ Այնտեղ ցուցադրվելով՝ մենք ներկայանում ենք որպես միջազգային բարձր արվեստի կրող և մի մաս։ Այն, ինչ տասնամյակներ ի վեր ստեղծել է մաեստրոն, չի կորել։ Նրա ֆիլմերն արդիական են մինչ օրս»,-ընդգծեց փոխնախարարը։ Դանիելյանը հավելեց՝ կինոյի ֆրանսիացի երկրպագուներն ու կինոգործիչները շատ բծախնդիր են, ուստի մեծ պատիվ է բանիմաց և քննադատական հայացք ունեցող հանդիսատեսին ներկայանալը։

Անդրադառնալով կինոյի ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ փոխնախարարը նշանակալի ձեռքբերում համարեց մասնակի հետվերադարձի կարգի ընդունումը։ «Հայաստանում կինո արտադրելու նպատակով ներդրողներին կվերադարձվի ներդրման երեսունհինգ տոկոսը։ Արդեն երկու հայտ ունենք, որոնք դրական պատասխան են ստացել, և հաջորդ տարի կլինի հետվերադարձը։ Պատրաստվում ենք շատ կարևոր օրենքի մի քանի կետերի լավարկման, ինչը հայկական կինոն ավելի հետաքրքիր կդարձնի»,-նշեց Դանիելյանը։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի  արտաքին հարաբերությունների ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը մեծ մասնակցության է ունեցել փարիզյան ցուցադրությունների կազմակերպման գործում։ Հարություն Խաչատրյանը նրան հատուկ շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի համար։

«Սա ոչ միայն ֆիլմերի ցուցադրություն է, այլև մշակութային երկխոսություն, որին մասնակցելու են Ֆրանսիայում ապրող և ստեղծագործող կինոռեժիսորներ Սերժ Ավետիքյանը, Թամարա Ստեփանյանը, Նորա Մարտիրոսյանն ու Քլեր Սիմոնյանը։ Հետաքրքիր քննարկումներ են ծավալվելու պարոն Խաչատրյանի և նրանց միջև։ Նախատեսվում է նաև վարպետության դաս, որին ներկա կլինեն թե՛ ուսանողներ, թե՛ մասնագետներ»,-տեղեկացրեց Վարվառան։

Նա հայտնեց՝ Փարիզի մի քանի կինոթատրոն հետաքրքրված է Խաչատրյանի ֆիլմերի ցուցադրություններով։ 

Փարիզից հետո ցուցադրություններ են նախատեսվում նաև Բեռլինի «Կրոկոդիլ» արտ-հաուսի կինոթատրոնում։ Հանրությանը կներկայացվեն Հարություն Խաչատրյանի «Քամին ունայնության», «Պոետի վերադարձը», «Սահման», «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», «Փակուղի», «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմերը։ Կինոնկարները կներկայացնի ծրագրի համադրող, կինոօպերատոր Ֆրեդ Քելեմենը։ 

Հայերեն Русский

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան

Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրն ապատեղեկատվություն է. ՀՀ ՆԳՆ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ

Երևանում մեկնարկեց «Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթը. Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա 6-րդը

Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ

Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հունիսի 7-ի միջոցառումների անոնս