«Գաբրիել Սունդուկյան 200» խորագրով ցուցահանդեսով Մայր թատրոնն ազդարարեց նոր թատերաշրջանի մեկնարկը

9 րոպեի ընթերցում

Գաբրիել Սունդուկյանի 200-ամյակի առթիվ Մայր թատրոնում, որը կրում է դրամատուրգի անունը, սեպտեմբերի 18-ից ցուցադրվում են Սունդուկյանի անձնական իրերը՝ ձեռնափայտը, խոշորացույցը, գրասեղանը, կահույքի այլ պարագաներ, լուսանկարներ, որոնք արվեստասերներին թույլ են տալիս մտովի գնալ անցյալ, զգալ ժամանակի շունչը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացառիկ ցուցանմուշները, որոնք Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կհյուրընկալվեն մինչև նոյեմբերի 1-ը,  Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հավաքածուից են։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը խոստովանում է՝ նայում է «Գաբրիել Սունդուկյան 200» խորագրով ցուցահանդեսի ցուցանմուշներին ու մտածում՝ եթե անգամ մեկ իր ներկայացված լիներ, հասկանալի կլիներ, թե ով է Գաբրիել Սունդուկյանն ու ինչ մեծ գործ է արել հայ և վրաց թատրոնների կազմավորման համար։ 

«Նա գեղագիտական մտածողություն է ստեղծել։ Գուցե նրա դրամատուրգիան չի անցել մեր տիրույթի սահմանները, բայց հավատացեք, որ նա կարողացել է ստեղծել այնպիսի կերպարների գալերեա, որ քչերին է հաջողվում։ Համարձակորեն կարող եմ նրան համեմատել Մոլիերի, Ֆեյդոյի հետ, դրամատուրգների, որոնց աշխարհն է ճանաչում։ Պատահում է, որ լեզուն կամ տարածաշրջանը հնարավորություն չեն տալիս համաշխարհային ճանաչում ձեռք բերել, այնինչ Սունդուկյանը մեծ բան է արել ապագա սերունդների համար։ Ես նորից ու նորից գալիս եմ այն համոզման, որ, եթե մենք չճանաչենք մեր անցյալը, երբեք չենք կարողանա հասկանալ մեր ներկան, իսկ Սունդուկյանի որոշ ստեղծագործություններ՝ «Քանդած օջախ», «Պեպո», բարձրացնում են բարոյական հարցեր, ներկայացնում են այդ և բոլոր ժամանակների քաոսը, որից մարդիկ փորձում են ազատագրվել, բայց, ցավոք սրտի, դա մի մարդու գործ չէ. բոլորս պետք է կարողանանք այս հավիտենական քաոսից, որն աշխարհը, մարդն են ստեղծել, գտնել ելքեր, որպեսզի բոլոր բարոյական չափանիշները, հանուն որոնց ստեղծագործել են Սունդուկյանը և թատրոնները, հնարավոր լինի փոխանցել մեզնից հետո եկողներին»,-շեշտում է Էլբակյանը։

Նրա խոսքով՝ Սունդուկյանն անգամ Թիֆլիսի բարբառով Մոլիերի մի քանի պիես է թարգմանել։ 

«Բոլորս պարտական ենք Գաբրիել Սունդուկյանին, որ ունեցել ենք այն թատրոնը, որ կար՝ չմոռանալով մեր մեծերին, և թատրոն, որը կա։ Խոսքը միայն մեր թատրոնի մասին չէ, այլև այն թատրոնի, որն իր մտածողությամբ հիմնադրեց Սունդուկյանը ոչ միայն հայերի, այլև ամբողջ Կովկասի համար։ Շնորհակալ ենք մեծ գրողին, հայ պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադրին։ Հաջողություն եմ մաղթում մեզ մեր գործի մեջ, որպեսզի կարողանանք ստացած ժառանգությունը փոխանցել սերունդներին»,-ընդգծում է թատրոնի գեղարվեստական ղեկավարը։

Գրականության և արվեստի թանգարանի թատերական բաժնի վարիչ Նաիրա Շահվալադյանը հիշեցնում է՝ այս տարի ոչ միայն լրանում է Սունդուկյանի ծննդյան 200-ամյակը, այլև նրա գլուխգործոցի՝ «Պեպո»-ի 150-ամյակն ու ֆիլմի 90-ամյակը։

Նա կարծում է՝ քիչ են ստեղծագործողները, որոնց կյանքը նույնքան հետաքրքիր է, որքան ստեղծածը։ Սունդուկյանին բացառիկներից է համարում։ 

«Ծնվել է վաճառականի ընտանիքում։ Երբ նայում ենք նրա իրերին, թվում է, թե այդ ամենը ժառանգություն է ստացել, պարզվում է՝ այդ ամենը նրա վաստակն է։ Նա վեց տարեկանում է կորցրել հորը։ Զարմանալի էր, երբ նրա անունը գտա Էջմիածնի ճորտերի ցուցակում։ Փաստորեն, Սունդուկյանի մոր ջանքերով, երկարատև դատերից հետո նրանք կարողանում են ազատվել ճորտությունից, և Սունդուկյանը բարձրակարգ ուսում ստանալու իրավունք է ստանում»-պատմում է Շահվալադյանը։

Յոթ տարեկանում Սունդուկյանն արդեն տիրապետել է լատիներենին, իտալերենին, հին գրաբարին, արևմտահայերենին, ֆրանսերենին։ Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարանում սովորելիս յուրացնում է վրացերենը, թուրքերենը, պարսկերենը։ Համալսարանն ավարտել է պարսկական  պոեզիայի տառաչափությանը վերաբերող դիսերտացիայով։

Անդրադառնալով «Պեպո»-ին՝ Շահվալադյանն ասում է՝ Սունդուկյանն այն անձամբ թարգմանել է  ֆրանսերեն, ռուսերեն, վրացերեն։ 

«Ֆրանսերեն տարբերակն ուղարկել է Ալեքսանդր Դյումա որդուն և Հյուգոյին։ Դյուման պատասխանել է, որ ֆրանսիացի հանդիսատեսի քիմքի համար «Պեպո»-ն նուրբ է, իսկ Հյուգոն շեշտել է, որ հավանել է պիեսը։ Ռուսերեն թարգմանությունն ուղարկել է Օստրովսկուն։ Նա ևս նշել է, որ հավանել է պիեսը ու չի բացառել, որ որոշ մշակումներից հետո կարող է այն բեմադրել։ Ավաղ, այդ տարի Օստրովսկին վախճանվում է։ Վրացիները «Պեպո»-ի բեմադրությամբ տոնել են իրենց թատրոնի վերածնունդը»,-ընդգծում է թանգարանի աշխատակիցը։

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն էլ նշում է՝ ցուցադրությունը լայնամասշտաբ չէ, սակայն շատ թանկ է իրենց համար։

Խոսելով թատրոնի կատարած աշխատանքի և սպասվող միջոցառումների մասին՝ տնօրենը հիշեցնում է, որ երկու առաջնախաղ հանձնել են հանդիսատեսի դատին՝ «Ջազ պոետիկա +», «Կարլ Մարքս. խոստովանություններ»։ Այժմ Գոհար Փոքրիկյանը բեմադրում է «Երկնագույն նետի ճամփորդությունը» ներկայացումը, որի պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերին, իսկ Արմեն Էլբակյանը շարունակում է «Արքա Լիր»-ի աշխատանքները, որը բեմում կլինի տարեսկզբին։

Նոյեմբերին թատրոնում կանցկացվի Երևանյան միջազգային թատերական փառատոնը, որը Մայր թատրոնի միջազգային հիմնական ծրագրերից է։

Փառատոնին ԱՄՆ-ից չորս ներկայացում կցուցադրվի, չի բացառվում, որ Երևանում հանդես գա Թուրքիայի հայկական թատրոնը, բանակցություններ են վարվում իտալական, ֆրանսիական թատերախմբերի հետ, ինչպես նաև գերմանացի խորեոգրաֆ Սաշա Վալցի հետ՝ Երևանում պարային թատրոն ներկայացնելու համար։

Մկրտչյանի խոսքով՝ արդեն փաստ է թատրոնի ստուդիայի վերաբացումը։ Ականատես են եղել ստուդիայի սաների գրանցած արդյունքներին, որոնք հուսադրող են համարում։ 

«Այս թատրոնը չի կարող չունենալ ստուդիա։ 1966 թվականին թատրոնում ստուդիա է հիմնել Վարդան Աճեմյանը։ Մենք էլ պետք է փորձենք նոր շունչ հաղորդել ստուդիային և բարձրացնել նրա մակարդակը»,-նշում է տնօրենն ու հավելում՝ նախատեսում են շարունակել նաև կրթական ծրագրերը։

Ցուցադրությունը դիտելու էր եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Նա խոստովանում է՝ միշտ ուրախ է հյուրընկալվել երկրի Մայր թատրոնում։ 

«Կա կարծրատիպ, որ ակադեմիական, դասական թատրոնը պետք է շատ ավանդական, ավանդապաշտ լինի, բայց արի ու տես, որ մեր թատրոնը տարբեր նախաձեռնություններով է հանդես գալիս ու հաճախ է ներկայանում նորարարություններով։ Նախորդ տարի թատրոնում բացվեց «Պաննո» հարթակը, որում հրաշալի ձևաչափով միջոցառումներ են անցկացվում։ Սրահում հիմնականում հյուրընկալվում են երիտասարդները, որոնք գուցե ինքնաբուխ չգան թատրոն, սակայն թատերական միջավայրի շնորհիվ նրանց ենք փոխանցում սերը թատրոնի հանդեպ և հույս ունենք, որ նրանց հաջորդ քայլը կլինի տոմս գնելն ու թատրոն գնալը»,-նշում է Դանիելյանը։

Նա հրաշալի է համարում արվեստի տարբեր ճյուղերի խաչաձևումը, քանի որ ցուցադրություններն էլ կարող են այլ հանդիսատեսի բերել թատրոն։ 

«Ըստ մեզ՝  թատրոնում չպետք է լինի միայն ներկայացում, պատկերասրահում՝ ցուցահանդես, կինոյում՝ կինո։ Արվեստները կարող են համադրվել մեկ հարթակում»,-եզրափակում է փոխնախարարը։

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում