Հասարակական

Թատրոնի աշխարհը պետք է օբյեկտիվ մնա, ես չեմ հասկանում միջնորդությունները. Վարդան Մկրտչյան

9 րոպեի ընթերցում

Թատրոնի աշխարհը պետք է օբյեկտիվ մնա, ես չեմ հասկանում միջնորդությունները. Վարդան Մկրտչյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայր թատրոնի ղեկավար լինելն, առաջին հերթին, մշակույթի նկատմամբ խնամք ու պատասխանատվություն է: Հենց այս մոտեցումը Վարդան Մկրտչյանին տարիներ առաջ դրդեց ստանձնել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնը:

Դերասան որակավորմամբ Վարդան Մկրտչյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեց, թե ինչու է այժմ մի կողմ թողել մասնագիտական գործունեությունը, ինչպե՞ս կարձագանքի, եթե կրկին ստանա դերասանի կարգավիճակում հանդես գալու առաջարկ: Խոսել ենք նաև թատրոնի առաջընթացն ապահովող ծրագրերից ու նոր նախագծերից:

- Պարոն Մկրտչյան, Սունդուկյան թատրոնի տնօրեն լինելը շա՞տ բարդ առաքելություն է:

- Ես մանրամասն գիտեմ Սունդուկյան թատրոնի 100-ամյա պատմությունը, ու այս թատրոնի յուրաքանչյուր կորուստ ու խնդիր ինձ համար ցավալի է: Հայաստանի Մայր թատրոնի ղեկավար լինելն ինձ համար, նախ եւ առաջ, պատասխանատվություն է։ Ինձ համար կարևոր է հասկանալ, թե այս կայացած ինստիտուտի կյանքում ինչ եմ կարողանում փոխել եւ փոխանցել ինձնից հետո եկող տնօրեններին։ Սա նաև պատասխանատվություն է թատերական համայնքի ու թատերասեր հասարակության առաջ:

Պետք է խոստովանեմ, որ այս թատրոնի հետ կապված մի քիչ էմոցիոնալ եմ: Հավատացեք, եթե աշխատեի որեւէ այլ կառույցում, գուցե չունենայի այդ էմոցիոնալ մոտեցումը, բայց այստեղ ունեմ, այստեղ ամեն բան թանկ է ինձ համար։

- Ինչո՞վ է պայմանավորված Ձեր այդ «խտրականությունը»:

- (Ժպտում է-հեղ.) այստեղ աշխատել են իմ բոլոր ուսուցիչները։ Առաջին ուսուցիչս եղել է հայրս՝ Վանիկ Մկրտչյանը, ով թեեւ որպես դերասան ամրագրված էր Պարոնյան թատրոնում, բայց Սունդուկյանում էլ է խաղացել։ Երեխա ժամանակ իր հետ հաճախ եմ այս թատրոնում շրջել: Այստեղ են աշխատել իմ ուսուցիչներ Սոս Սարգսյանը, Հենրիկ Հովհաննիսյանը… Նաև Վաղարշ Վաղարշյանին եմ ինձ ուսուցիչ համարում, թեև իմ ժամանակակիցը չի, իրեն երբեք չեմ հանդիպել, բայց իր մասին գիտական թեզ եմ գրել՝ ուսումնասիրելով նրա ապրած տարիներն այս թատրոնում։

- Մշտապես խոսվում է Սունդուկյան թատրոնի նախկին փառքի մասին, թատրոնի ներկայիս փառքից գո՞հ եք:

- Կարծում եմ, որ ինստիտուտը, որքան էլ կայացած լինի, ամեն օր քրտնաջան աշխատանքի կարիք ունի։ Այո, մարդիկ շատ հաճախ ասում են՝ Սունդուկյան թատրոնի նախկին փառքը, անունը։ Ես եւ՛ ուրախանում եմ, եւ՛ տխրում, որովհետեւ ինձ համար դա վաստակն է անցյալում ապրած, աշխատած եւ ստեղծագործած մարդկանց։ Դա իրենց թափած քրտինքի արդյունքն է։ Սակայն մենք այսօր ոչ թե պետք է վերականգնենք անցյալի հետ կապված որեւէ բան, այլ այնպես աշխատենք, որ Սունդուկյան թատրոնի մասին հիմա էլ խոսեն հիացմունքով։ Պետք է կարողանանք համաշխարհային թատերական ընթացքից հետ չմնալ ոչ մի առումով։ Մենք ստացել ենք հրաշալի ժառանգություն, լավ շենք, բայց՝ խնդիրներով։ Այդ խնդիրները մերն են, պետք է լուծենք եւ թատրոնը այնպես «դիրքավորենք» 21-րդ դարում, որ իր մասին շատերը խոսեն։

- Կա տեսակետ, որ թատրոնի մարդիկ միայն թատրոնում են իրենց «ձուկր՝ ջրում» զգում, կա՞ նման բան:

- Այո, ու ես էլ երեւի անբուժելի հիվանդ եմ թատրոնով…

- Այնուամենայնիվ, թատրոնից դուրս որտե՞ղ կարող ենք Ձեզ տեսնել, ի՞նչ հետաքրքրություններ ունեք։

- Ոչ մի տեղ, միայն թատրոնում, եթե ինչ-որ տեղ էլ տեսնեք, ապա թատրոնի գործերով, ինչ-որ մարդկանց դռները թակելիս, թատրոնի համար ինչ-որ բան խնդրելիս։ Ես գիտեմ մի կարեւոր բան, որ թատրոնը բոլորիս հարստությունն է, թատրոնի համար խնդրելիս ինձ վատ չեմ զգում, որովհետեւ դա ներդրում է մեր ապագայի եւ սերունդների համար։ Թատրոնը յուրատեսակ հոգեւոր կենտրոն է, ուսուցողական, էներեգետիկ կենտրոն, որն անհրաժեշտ է առողջ եւ ուժեղ հասարակության համար։

- Դուք կերտել եք համաշխարհային գրականության ամենատպավորիչ կերպարներից մեկին՝ Համլետին։ Որպես դերասան՝ Ձեզ հետ տեղի ունեցած ամենաարտառոց դեպքի մասին կպատմե՞ք։

- Հենց այդ դերի հետ կապված ինձ համար ամենաէմոցիոնալ իրավիճակներից մեկը կպատմեմ. Համազգային թատրոնում Համլետ էի խաղում, շատ հետաքրքիր պրոցես էր զարգանում հանդիսատեսի հետ։ Ներկայացման շրջանակում պիտի քայլեի հանդիսատեսի շարքերով ու բարձրանայի բեմ։ Կարծեմ երկրորդ ներկայացումն էր, քայլելու ընթացքում մարդիկ սկսեցին դիպչել ինձ։ Այնքան հետաքրքիր զգացողություն էր դա, մարդիկ դիպչում էին հասկանալու համար՝ արդյոք ես իրական եմ, թե՞ ոչ: Արդյոք դա զգացողություն էր իդեալի հաղթանակի, չգիտեմ՝ ինչ էր։ Կարծում եմ, որ շատ դեպքերում, երբ մարդիկ ցանկանում են որեւէ բանի հպվել, դա հոգեւոր թանկ ժեստ է. այ սա ապրել եմ ես (ժպտում է-հեղ.)։

- Համաշխարհային դրամատուրգիայում, բացի Համլետից, ո՞ր դերերն են Ձեզ հոգեհարազատ։

- Կերպարներ շատ կան, բայց ես չեմ ուզում կապվել դրանց հետ։ Ես խաղացել եմ նաև Վիլիամ Սարոյանի «Ջոն», Չեխովի «Քեռի Վանյան» անգլերեն լեզվով եւ այլ կերպարներ։ Դուք տեսնում եք այս դերերի ծավալները, բայց այնպես չի, որ սա մի անգամ խաղացիր եւ վերջ։ Դերասանի արվեստը, ռեժիսուրան կարծրատիպ չէ, անվերջ զարգացող, փոփոխվող բան է։

-Ինչո՞ւ չշարունակեցիք դերասանի կարիերան։

-Ես չեմ կարող ասել, որ սպառել եմ այդ կարիերան։ Պարզապես Ազգային ակադեմիական թատրոն տեղափոխվելուց հետո խնդիրները եւ աշխատանքը այնքան շատ են, որ ես չեմ հասցնում զբաղվել նաեւ դերասանի գործով։

- Բայց ո՞ր աշխատանքի մեջ եք Ձեզ ավելի ամբողջական զգում, բեմո՞ւմ, թե՞ կառավարչի աթոռին։

- Ես արվեստի մարդ եմ և չեմ կարող տարանջատել այս երկու աշխատանքները միմյանցից: Տեսեք, մենք ասում ենք՝ հայ մարդ, Կոստան Զարյանն՝ «արարատյան մարդ»: Շատ ավելի լայն ընկալում է սա։ Այս ձեւակերպումն ինձ համար շատ թանկ է։ Թո՛ղ շատ մեծամիտ չհնչի, ես էլ ասում եմ՝ արվեստի, թատրոնի մարդ եմ։ Այս պահին ես գուցե զբաղվեմ դերասանի գործով, ռեժիսուրայով, թատերագիտությամբ, կառավարմամբ, համենայնդեպս բոլոր այն ոլորտներով, որով զբաղվում եմ, ուսումնասիրում եմ դրանց մասնագիտական եւ կրթական չափորոշիչները։

- Բայց Դուք նաեւ դերասան եք, որը ուզում է խոսել իր ապրումների, զգացումների մասին: Ինչպե՞ս եք «դատարկվում», նման պահանջ չունե՞ք։

- Երբեմն ունենում եմ։ Ինչպես քիչ վերևում նշեցինք, ես խաղացել եմ համաշխարհային գրականության ամենաբարդ դերերից մեկը՝ Համլետը։ Ես մուտք եմ գործել թատրոն ժամանակակից հայ հեղինակի ստեղծած գլխավոր դերով, խաղացել եմ շատ տարբեր դերեր, խաղացել եմ նաեւ անգլերեն լեզվով, բայց երբեւէ իմ թատրոն մուտք գործելուց ցայսօր որեւէ ռեժիսորի չեմ դիմել՝ դեր ստանձնելու հարցում,, միշտ առաջարկել են։ Այս պահին ինձ դեր չեն առաջարկում, եթե լինի՝ կմտածեմ։ Ես չեմ կարող ինձ պարտադրել որեւէ մեկին։ Արվեստի, թատրոնի աշխարհը պիտի օբյեկտիվ մնա։ Ես ոչ մի կերպ չեմ հասկանում ստեղծագործական կյանքում միջնորդությունները։ Կարելի է մարդկանց ինչ-որ բան հուշել, շատ կարեւոր բաներ, բայց պարտադրել՝ ոչ։

Դուք շատ դիպուկ եւ «նուրբ» հարց եք բարձրացնում, երբ խոսում եք, որպես արվեստագետի՝ իմ ներսում կուտակումների մասին։ Ես մինչեւ այս տարվա հուլիս ամիսը դասավանդում էի «Այբ» դպրոցում եւ այնտեղ բեմադրություններ էի անում։ Մենք նախագծային ծրագրի շրջանակներում կուրս հավաքեցինք եւ բեմադրություն արեցինք։ Բնական ձեւավորվեց այն առիթը, որտեղ ես իմ կուտակումները դատարկեցի իմ աշակերտների հետ։

Լցվելու, սնվելու եւ դատարկվելու պահը պիտի լինի բնական: Սակայն շատ հաճախ նկատում եմ, թե ինչպես շատ արվեստագետներ առանց «լցվելու»՝ սկսում են «դատարկվել», եւ դա այնքան տեսանելի է։ Դու հասկանում ես, թե դա որքան անպետք է, որեւէ մեկին պետք չէ։ Երբ սովորում էի Սոս Սարգսյանի համազգային թատրոնում, ինստիտուտն ավարտելիս զգում էի, որ շատ բաների պակաս կա։ Ես գնացի դեպի արվեստաբանություն։ Հենրիկ Հովհաննիսյանը՝ իմ սիրելի ուսուցիչը, շուրջ 3 ժամ ինձ հետ զրուցելուց հետո ասաց՝ դու ինձ ոգեւորեցիր, ես քեզ կղեկավարեմ։ Հետո ես հասկացա, որ պետք է կառավարում իմանամ, մի բան, որը հայ թատրոնի ամենաթույլ եւ չմշակված գծերից է։ Ցավոք, ես սա ասում եմ ուղիղ ու առանց վարանելու, սա է իրականությունը։

Լիանա Սարգսյան

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

Մշակույթ

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

Մշակույթ

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Մշակույթ

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Մշակույթ

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Հաղթանակ Շահումյանի վաթսուն տարվա աշխատանքն ամփոփվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

Մշակույթ

Հաղթանակ Շահումյանի վաթսուն տարվա աշխատանքն ամփոփվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

Մշակույթ

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Մշակույթ

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Կապանի համայնքապետարանի նպատակն է վերականգնել մշակութային լավագույն ավանդույթները

Մշակույթ

Կապանի համայնքապետարանի նպատակն է վերականգնել մշակութային լավագույն ավանդույթները

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Մշակույթ

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Մշակույթ

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն սեպտեմբերի 21-ից

Մշակույթ

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն սեպտեմբերի 21-ից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում