Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթը կմեկնարկի Միրզոյանի ծննդյան օրը՝ մայիսի 12-ին։ Բացումը տեղի կունենա Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։ Այնտեղ կկազմակերպվի վիճակահանությունը, երկու փուլերը կանցկացվեն Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում, իսկ եզրափակիչ համերգը՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց մրցույթի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանը։
Նրա խոսքով՝ 12-ամյա մրցույթը փորձում է պատանիներին ինքնադրսևորվելու, իրենց արվեստը ներկայացնելու հնարավորություն ընձեռել։
«Այս տարի հետաքրքիր նորարարություն է սպասվում. բացի նրանից, որ դրամական պարգևներ կստանան առաջինից երրորդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցների ուսուցիչները, ինչը շատ կարևոր է, այլև՝ երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները։ Նախորդ մրցույթներում պարգևատրվում էր միայն առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը։ Հաղթողները դրամական պարգևները կարող են ուղղել ինչպես երաժշտական դպրոցներում ուսման վարձերը վճարելուն, այնպես էլ այլ բաների, ինչը կխթանի, որ նրանք զբաղվեն կոմպոզիտորությամբ»,-ասաց Մակարյանը։
Մրցույթն իրականացնում է Հայաստանի կոմպոզիտորների միությունը, աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։