Մշակույթ

Հայկական հարուստ մշակույթն ու ժողովրդի տոկունությունը. Փիթսբուրգի համալսարանում դասական երաժշտության համերգ է կայացել

3 րոպեի ընթերցում

Հայկական հարուստ մշակույթն ու ժողովրդի տոկունությունը. Փիթսբուրգի համալսարանում դասական երաժշտության համերգ է կայացել

ԱՄՆ Փիթսբուրգի համալսարանի hայկական լսարանի հանձնախումբը հունվարի 11-ին բուհում անցկացրել է «Նոտաներ Հայաստանից» խորագրով հայկական դասական երաժշտության համերգ՝ ներկայացնելով Հայաստանի հարուստ մշակութային գունապնակն ու ժողովրդի տոկունությունը: 

Միջոցառումը բազմազգ լսարանին հնարավորություն է ընձեռել վայելելու հայկական երաժշտության և պատմության գեղեցկությունը:

Համերգի նպատակն է եղել համախմբել համայնքին և ցուցադրել մնայուն ժառանգությունը Հայաստանի, մի երկրի, որը բախվել է բազմաթիվ մարտահրավերների, սակայն համառորեն պահպանել է իր մշակույթը, քրիստոնեական հավատը և ստեղծագործական ժառանգությունը:

Հանդես են եկել Trio Shell և Kassia Ensemble խմբերը, որոնք կատարել են Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի և այլ նշանավոր հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Trio Shell-ը ստեղծվել է 1996 թվականին Երևանում: Խմբի անդամներն են դաշնակահար Շուշան Հակոբյանը, ջութակահար Լիլիթ Զաքարյանը և թավջութակահար Կատյա Ջանփոլադյանը։ Խումբը միջազգային ճանաչում ունի, եռյակը վերջերս վերամիավորվել է՝ ձգտելով իր երաժշտությամբ նվաճել աշխարհը, իսկ Kassia Ensemble-ը, որը կանանցից կազմված կամերային խումբ է, խթանում է ներառականությունն արվեստում: 

Հայ և օտարերկրացի հանդիսատեսը հուզվել է համերգից: Շատ ներկաներ զարմացել են՝ իմանալով, որ իրենց սիրելի ծանոթ մեղեդիները հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ են: Միջոցառմանը հանդիսատեսին տեսողական ճանապարհորդության են տարել դեպի Հայաստան՝ ներկայացնելով հայկական ճարտարապետությունը, բնությունը, խոհանոցը, մշակույթը:

Հայկական լսարանի հանձնախմբի ղեկավար Լևոն Ջանփոլադյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց. «Համերգն ընդգծեց ամերիկացի հանդիսատեսի խորը հետաքրքրությունը հայկական դասական երաժշտության նկատմամբ: Դա պարզապես գեղեցիկ մեղեդիների մատուցում չէր, այլ տոկունության տոն՝ մի ժողովրդի, որը, չնայած մեծ մարտահրավերներին, պահպանել է իր մշակույթը և շարունակել ստեղծագործել ու ոգեշնչել սերունդներին»:

Հայ համայնքը երկար ժամանակ եղել է Փիթսբուրգի մշակութային և տնտեսական կյանքի աշխույժ մասը: 

Փիթսբուրգի հայ համայնքը նախատեսում է համագործակցել տեղի այլ մշակութային խմբերի հետ, օրինակ՝ հունական համայնքի հետ՝ համատեղ միջոցառումներ կազմակերպելու համար: Նրանք նաև նպատակ ունեն համագործակցել Օհայո նահանգի Քլիվլենդի և Կոլումբուսի հարևան հայկական համայնքների հետ՝ նմանատիպ մշակութային ծրագրերն ավելի լայն լսարանին հասցնելու համար:

«Նոտաներ Հայաստանից»-ն ավելին էր, քան համերգ. այն հայկական ոգու տոն էր, հրավեր էր՝ ուսումնասիրելու ուշագրավ մշակույթը և հիշեցում՝ բոլորին միմյանց կապող արվեստի ուժի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում