Մշակույթ

Հունական առասպելների դրամատիկ կերպարները կենդանացան Սիմոն Աբգարյանի «Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացմամբ

6 րոպեի ընթերցում

Հունական առասպելների դրամատիկ կերպարները կենդանացան Սիմոն Աբգարյանի «Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացմամբ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսաբնակ հանրահայտ դերասան Սիմոն Աբգարյանը, որին շատերը ճանաչել են «Արարատ», «Արամ» և մի շարք այլ վարկանիշային ֆիլմերում կերտած վառ կերպարներով, Երևանում է: Արտիստը Երևանյան միջազգային թատերական փառատոնի հրավերով հայրենիք է բերել «Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացումը, որը ֆրանսիական ազգային թատրոնի «Մոլիեր» մրցանակի եռակի դափնեկիր է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թատերասերներն այն դիտելու հնարավորություն ունեցան դեկտեմբերի 5-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Ռեժիսորական հետաքրքիր լուծումներով, դերասանական վառ խաղով ու գույներով, կենդանի երաժշտությամբ և տպավորիչ խորեոգրաֆիայով ուղեկցվող ներկայացումը պատմում է հունական հնագույն առասպելի մասին, որում կան սեր, հուսալքություն, դավաճանություն, վրեժխնդրություն, որը չի հագեցնում ծարավը: Արգոսի ամենաաղքատ շրջանում ծավալվող հուզիչ ներկայացումն ամբողջապես վերափոխում է վրեժխնդրության դասական պատմությունը: Էլեկտրան՝ նախկին արքայադուստրը, իսկ այժմ հասարակաց տան սպասուհին, այրվում է զայրույթից և հուսահատությունից՝ սպասելով իր եղբոր՝ Օրեսթեսի վերադարձին։ Նրանք, լցված լինելով իրենց հոր՝ Ագամենոնի հանդեպ սիրով և հարգանքով, մոր նկատմամբ ատելությամբ, դիմակայում են բռնությանը:

Ներկայացման մեջ ոչ միայն անդրադարձ է կատարվում անհատի ցավին, նրա ողբերգությանը, այլև Տրոյական պատերազմին, Տրոյայի անկմանն ու դրա հետևանքներին: Ներկայացումը ֆրանսերեն է՝ հայերեն ենթագրերով, սակայն անգամ լեզուն չի խոչընդոտում հասկանալ Հայոց ցեղասպանության հետ տարվող զուգահեռները: Դա հատկապես ակնհայտ է դառնում, երբ բեմում հնչում է «Սոնա յար» հայկական ժողովրդական երգը:

Ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը Սիմոն Աբգարյանը նշել էր, որ ներկայացման մեջ նաև իր անձնական պատմությունն է:

Երևանյան պրեմիերայից հետո, որն անցավ լեփ-լեցուն դահլիճում և արժանացավ հոտնկայս ծափահարությունների, «բրավո»-ների, Աբգարյանը շեշտեց՝ ասել, որ հպարտ է, կամ ուրախ է, նշանակում է ոչինչ չասել:  «Թատրոնն ու թատրոնի լեզուն են ինձ կառուցում: Դա իմ արվեստն է:  Ես դեռ երիտասարդ եմ, անգամ երեխա եմ իմ արվեստի հանդեպ: Միշտ կասկածում եմ, երբեմն չեմ հասկանում, թե ինչպես եմ անելու, բայց մի բան գիտեմ, որ թատրոնը կոլեկտիվ գործ է, որում  պետք է լինի ճշգրտություն: Պետք է անկեղծ ու հստակ լինենք բեմում, և այդ աշխատանքը դեռ ընթացքի մեջ է: Այս թատերախմբի յուրաքանչյուր աղջիկ և տղա ստեղծագործող է: Նրանք ստեղծագործող են  իրենց մարդկությամբ, իրենց կյանքով, իրենց ներկաներով ու նախնիներով: Նրանք իրենց պատմություններն ունեն: Մեկը եկել է Բրազիլիայից, մյուսները՝ Լիբանանից, Ֆրանսիայից, Ալժիրից և այլ երկրներից: Նրանք տարբեր են, բայց միանում ենք, ու ծնվում է ներկայացումը»,-ասաց Աբգարյանն ու հավելեց՝ իրենց ջուրը թատրոնն է, և իրենք հրդեհի նկատմամբ շատ ուշիմ են, հետևում են, թե ինչ բոց կլինի աշխարհում:

Մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը հիշեց՝  երբ հիմնում էին Երևանյան միջազգային թատերական փառատոնը, շատերն իրենց չէին հավատում, չէին վստահում: «Մեր նպատակն էր Երևան բերել լավագույններին, և ես կարծում եմ՝ դա մեզ հաջողվում է: Փառատոնի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սիմոն Աբգարյանին, նրա հրաշալի թիմին, արտիստներին, մեր գործընկերներին ու ընկերներին, որոնք մեզ հետ շատ հետաքրքիր ճանապարհ անցան»,-նշեց Մկրտչյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն առաջին անգամ ներկայացումը դիտել է Ֆրանսիայում: Նա խոստովանեց՝ իրեն այնքան է տպավորել բեմադրությունը, որ մտածել է այն նորից ու նորից վայելելու մասին: «Այս աշխատանքում ամենակարևորը բեմադրիչի աշխատանքն է:  Սիմոն Աբգարյանը մեծ աշխատանք է կատարել: Տեքստերը շատ էին, երբեմն հանդիսատեսը չի հասցնում հետևել հայերեն ենթագրերին, սակայն ամեն բան հասկանալի էր, որովհետև թիմը հրաշալի էր աշխատել»,-ընդգծեց Դանիելյանը:

Նախորդ տարի Աբգարյանը Հայաստան է ժամանել Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ: Հենց այդ ժամանակ են ներկայացումը Երևան բերելու պայմանավորվածություն ձեռք բերել: «Ցանկացանք՝ Սիմոնն իր թիմով գա այստեղ, ներկայացնի իր արվեստը, մեզ էլ մոտիվացնի ձգտել ավելիին: Վստահ եմ՝ մենք ունենք ռեսուրսներ՝ լավ դերասաններ, բեմադրիչներ, թատրոններ, որոնց շնորհիվ կարող ենք նման բարձր մակարդակի ներկայացումներ բեմադրել, խաղալ ու երկար պահել բեմում»,-ասաց նախարարի տեղակալը:

Ներկայացումը դիտելու էր եկել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Նա  նշեց՝ շատ հպարտ է, որ Ֆրանսիայից նման խումբ է եկել Հայաստան: Նա բաժակ բարձրացրեց երկու երկրների ամուր կապերի  և թատրոնի առաջխաղացման համար:

Փառատոնի կայացմանն ու ներկայացումը Հայաստան բերելուն աջակցել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունն ու Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը։ Ներկայացումը, որը բեմ բարձրացրեց Քոմքանի դե սընք ռու-ի (Compagnie des 5 roues) թատերախումբը, ուղեկցվում է Howlin' Jaws խմբի աշխույժ ռոք-ն-ռոլով, ցնցող խորեոգրաֆիայով և ձայների խմբերգով, որոնք կյանք են հաղորդում յուրաքանչյուր տեսարանի։ Սիմոն Աբգարյանից բացի ներկայացման մեջ խաղում են նաև նրա կինն ու որդին։ 

Թատերասերները բեմադրությունը կարող են դիտել նաև դեկտեմբերի 6-ին:

Լուսանկարները տրամադրել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում