Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
2 րոպեի ընթերցում

Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին խաղացող և գլխավոր մարզիչ Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Sky Sport-ը, նրա մահվան մասին հայտնել է ընտանիքը։ Քիգանը պայքարում էր քաղցկեղի դեմ և կյանքի վերջին րոպեներին շրջապատված է եղել կնոջով ու դուստրերով։
«Անչափ մեծ ցավով հայտնում ենք, որ Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում»,- ասված է ընտանիքի հայտարարությունում։
Հարազատները շնորհակալություն են հայտնել Քիգանի բժշկական թիմին ցուցաբերած աջակցության համար և խնդրել հարգել ընտանիքի անձնական տարածքը։
Քիգանի քաղցկեղի ախտորոշման մասին հայտնի էր դարձել 2026 թվականի հունվարին։ Հունիսին Անգլիայի հավաքականի նախկին ավագը հայտնել էր, որ հիվանդությունը չորրորդ փուլում է։
Քևին Քիգանը համարվում է անգլիական ֆուտբոլի պատմության նշանավոր խաղացողներից մեկը։ Նա 1978 և 1979 թվականներին անընդմեջ արժանացել է «Ոսկե գնդակին»։
«Լիվերպուլի» կազմում հարձակվողը երեք անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել ՈւԵՖԱ-ի գավաթը, ինչպես նաև հաղթել Անգլիայի գավաթի և 1977 թվականի Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկություններում։
Խաղային կարիերայի ընթացքում Քիգանը հանդես է եկել նաև գերմանական «Համբուրգի», անգլիական «Սաութհեմփթոնի» և «Նյուքասլի» կազմում։ Նա երկար տարիներ ներկայացրել և ավագի թևկապով առաջնորդել է Անգլիայի ազգային հավաքականը։
Մարզչական կարիերայում Քիգանը գլխավորել է «Նյուքասլը», «Ֆուլհեմը», «Մանչեսթեր Սիթին» և Անգլիայի հավաքականը։ Նրա ղեկավարած «Նյուքասլը» 1990-ականներին աչքի էր ընկնում հարձակողական ֆուտբոլով և պայքարում էր Անգլիայի չեմպիոնության համար։