Բարձր տեխնոլոգիաներ

Արհեստական բանականության և ժամանակակից մյուս տեխնոլոգիաների ամենավերջին նորությունները կներկայացվեն Հայաստանում

7 րոպեի ընթերցում

Արհեստական բանականության և ժամանակակից մյուս տեխնոլոգիաների ամենավերջին նորությունները կներկայացվեն Հայաստանում

Ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտի աշխարհի առաջատար մասնագետների, հետազոտողների և ինժեներների մասնակցությամբ սեպտեմբերի 12-ին Երևանում մեկնարկեց Հայաստանի ամենամեծ AI/ML միջոցառումը՝ «Դատաֆեստ Երևան» միջազգային 6-րդ համաժողովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանախոսների թվում են արհեստական բանականությամբ զբաղվող հայաստանյան ընկերությունների, ինչպես նաև Ավստրիայից, Գերմանիայից, Կանադայից, Հնդկաստանից, Ֆրանսիայից ու այլ երկրներից ժամանած ճանաչված մասնագետներ:

Միջոցառման համակազմակերպիչ Հրանտ Խաչատրյանը բացման խոսքում ներկայացրեց դրա հիմնական նպատակները և աշխատանքային ուղղությունները։

Երկօրյա համաժողովը միտված է Հայաստանում արհեստական բանականության ոլորտի զարգացման խթանմանը, տեղացի և արտասահմանցի մասնագետների միջև հաղորդակցության, փորձի փոխանակման ու նոր կապերի ձևավորման հարթակի ստեղծմանը:

«Դատաֆեստ Երևան»-ում տվյալագիտության, մեքենայական ուսուցման և արհեստական բանականության ոլորտում իրականացվող առավել արդիական հետազոտությունների ու վերջին զարգացումների վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել Meta-ի, Google DeepMind-ի, HuggingFace-ի, London Institute for Mathematical Sciences-ի, NVIDIA-ի, JetBrains-ի, Picsart-ի, PMI Science-ի, TUMO-ի, Helmholtz Munich-ի և հանրահայտ այլ կազմակերպությունների ու ինստիտուտների ներկայացուցիչները:

Միջոցառման գործընկերներն են Firebird AI, Freedom Broker, PMI Science R&D Center Armenia, SoftConstruct, WorldQuant, Envoy, JetBrains, Yandex, Woods Center, Provectus, Eleveight AI և Simply Technologies ընկերությունները: Կազմակերպիչն է «Դատաֆեսթ Երևան» հասարակական կազմակերպությունը։ 

Համաժողովի համակազմակերպիչ Արսեն Եղիազարյանի գնահատմամբ՝ «Դատաֆեստ Երևան»-ն առանձնանում է տարբեր ոլորտների՝ հետազոտական, արդյունաբերական, տվյալագիտության և ծրագրային ինժեներիայի լավագույն մասնագետների ներգրավմամբ: 

«Մենք պահպանում ենք սահմանած խիստ չափանիշները՝ պահանջելով, որ զեկույցները լինեն խորքային, տեղեկատվական և պարունակեն գործնական եզրակացություններ, որոնք հեշտությամբ հասանելի չեն: Այստեղ մասնագետները ոչ միայն կապեր են հաստատում, այլև դառնում են ավելի պատրաստ մարտահրավերներին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արսեն Եղիազարյանը: 

Համաժողովի մյուս համակազմակերպիչ Զավեն Նավոյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում արձանագրեց, որ «Դատաֆեստ Երևան»-ը հետզհետե վերածվել է միջազգային ընդգրկուն հարթակի և այս տարի արդեն ունի երեք զուգահեռ նիստեր, որոնք ավելի ընդգրկուն և թեմատիկ առումով հագեցած են դարձնում միջոցառումը:

«Կոնֆերանսը նվիրված է մեքենայական ուսուցման և տվյալների հետ աշխատանքի հարցերին: Հատուկ ուշադրության կենտրոնում են LLM-ները, չատբոտերը, ինչպես նաև BioML-ի գործնական կիրառումները կենսաբժշկության և քիմիայի ոլորտներում։ Այդ թեմաներին անդրադառնալու են շուրջ երեք տասնյակ խոսնակներ:

Ամենաքննարկվող թեմաներից մեկը վերաբերում է լեզվական մոդելներին, որոնցով հիմա շատերն են զբաղվում: Դրանք այն տեխնոլոգիաներն են, որոնք ընկած են, օրինակ, chatgpt կամ համանման մյուս ծրագրերի հիմքում: Սրանց միջոցով է տեղի ունենում հարց ու պատասխանը: Որոշ թեմաներ առնչվում են, օրինակ, ձայնի և նկարների հետ աշխատանքին: Արդեն երկու տարի ունենք հատուկ ուղղություններ, որոնք նվիրված են քիմիայում և կենսաբանությունում մեքենայական ուսուցման կիրառությանը»,- նշեց Զավեն Նավոյանը:

Առավել հետաքրքիր և հեռանկարային ուղղություններից մեր զրուցակիցը համարում է սպիտակուցների երրորդային կառուցվածքի կանխատեսման ծրագիրը, որի մշակողներն անցյալ տարի արժանացել էին Նոբելյան մրցանակի: Հիմա Հայաստանում կներկայացվեն այդ ծրագրի ամենավերջին թարմացումները:

«Սա նեղ մասնագիտական ուղղություն չէ: Այն, առանց չափազանցության, իսկական հեղափոխություն է առաջացրել կենսաբանությունում, հետևաբար, նաև բժշկությունում: Մասնավորապես, կարող է նպաստել մինչ այդ բուժման մեթոդներ չունեցող հիվանդության բուժման ձևի մշակմանը: Այդ հիվանդությունները հիմնականում կապված են լինում որոշակի սպիտակուցների սխալ աշխատանքի հետ: Այդ սխալ աշխատանքը շտկելու համար նախ պետք է ծանոթանալ սպիտակուցի եռաչափ կառուցվածքին՝ դրան համապատասխան բանալի գտնելու ու այդ կառուցվածքն անջատելու կամ միացնելու համար: Նախկինում դա գտնելը բավականին բարդ խնդիր էր, որի լուծումը մինչև իսկ տարիներ էր տևում և թանկ էր: Այժմ, այս ծրագրի շնորհիվ, հնարավոր է վայրկյանների կամ րոպեների ընթացքում ստանալ սպիտակուցի կառուցվածքը և անցնել հիվանդության բուժման հաջորդ փուլերին»,- ներկայացրեց Զավեն Նավոյանը:

Նա գտնում է, որ Հայաստանի և հայ մասնագետների համար համաժողովը կարևոր է գիտության և տեխնոլոգիաների ամենավերջին նորություններին օպերատիվորեն ծանոթանալու, դրանց մասին հենց գործընթացի մասնակիցներից անմիջականորեն տեղեկանալու, նրանց հետ շփումների և կապերի հաստատման, նոր համագործակցության և գաղափարների ձևավորման հնարավորության ընձեռման առումներով:

«Նախորդ համաժողովներից հետո հայկական տարբեր թիմեր սկսել են համագործակցել արտասահմանցի գործընկերների հետ, բավականին լավ հոդվածներ են տպագրվել հեղինակավոր ամսագրերում: Սա իրականում ավելի շատ գիտական կոնֆերանս է: Փորձում ենք պահել ակադեմիական ուղղվածությունը: Հատկանշական է, որ այն ֆինանսավորում են հայկական տարբեր կազմակերպություններ, որոնք նույնպես պատկերացնում և հասկանում են, որ ոլորտի զարգացումն ի վերջո բերում է մուլտիպլիկատիվ էֆեկտների: Մենք բաց ենք համագործակցության համար»,- նշեց Զավեն Նավոյանը՝ հավելելով, որ կոնֆերանսը կազմակերպվելու է նաև հաջորդ տարի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում