Տնտեսություն

Փորձագետի համոզմամբ՝ համապատասխան աշխատանքի դեպքում հնարավոր է հասնել զբոսաշրջային այցելությունների 4 մլն ցուցանիշին

7 րոպեի ընթերցում

Փորձագետի համոզմամբ՝ համապատասխան աշխատանքի դեպքում հնարավոր է հասնել զբոսաշրջային այցելությունների 4 մլն ցուցանիշին

Տարեցտարի Հայաստանն ավելի գրավիչ ու հայտնի է դառնում աշխարհում։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը՝ անդրադառնալով զբոսաշրջության ընթացիկ տարվա ցուցանիշներին ու առանձնահատկություններին։ 

«Ամեն տարի ավելի շատ հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպվում, զբոսաշրջիկներ են այցելում, իսկ հետո պատմում մեր երկրի մասին, հարազատների, ընկերների, ծանոթների հետ կիսվում իրենց տպավորություններով։ Հայաստանից զբոսաշրջիկները միշտ վերադառնում են ոչ միայն պարզապես գոհ, այլ նաև սպասելիքները գերազանցած»,-համոզմունք հայտնեց Ապրեսյանը։

Նրա դիտարկմամբ՝ ընթացիկ տարվա մայիսից Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը սկսեց աճել։ Մասնավորապես՝ անցած տարվա մայիսի համեմատ աճը կազմել էր շուրջ 8 տոկոս։ Արդեն հուլիսին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 263 հազար՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 237 հազարի փոխարեն։ 

«Աճի նման ցուցանիշներն առաջին հերթին պայմանավորված են աշխատանքով՝ իրավասու մարմինների կողմից։ Զբոսաշրջության կոմիտեն իրականում շատ մեծածավալ աշխատանք է կատարում ունեցած ոչ այնքան մեծ ռեսուրսների պարագայում։ Այստեղ պետական-մասնավոր համագործակցությունն է նաև նպաստում նրան, որ ունենանք նման արդյունք»,-պարզաբանեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը։

Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային իրավիճակներով պայմանավորված, 2025 թվականի առաջին եռամսյակում և կիսամյակում այդ ցուցանիշի մի փոքր նվազում էր արձանագրվել, որին հաջորդեց վերականգնման գործընթացը։ 

Ապրեսյանը կարևորեց վերականգման գործընթացը պահպանվող աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, այդուհանդերձ, ավելի վաղ նկատված համեմատական նվազումը  շուկայի կողմից ազդակ համարեց պետական ու մասնավոր հատվածի բոլոր խաղացողների համար, որպեսզի հաշվի առնվեն և համատեղ քննարկվեն պատճառները։ 

Մեր զրուցակցի ներկայացմամբ՝ կարևոր նպատակային շուկա հանդիսացող ամերիկյան, եվրոպական երկրներում, Ճապոնիայում, Հայաստանը, մասնավորապես, ԱԳՆ պաշտոնական կայքերում դեռևս «կարմիր եզրագծերով» է ներկայացված՝ որպես ոչ այնքան անվտանգ երկիր։ 

«Նման գործոնները չէին կարող վիճակագրության և ներգնա զբոսաշրջային այցելությունների վրա բացասական ազդեցություն չունենալ։ Դրան գումարած, որ կորոնավիրուսից հետո ունենք գնաճ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, որը կազմում է շուրջ 10 տոկոս։ Զբոսաշրջության ոլորտում մի շարք ծառայությունների մասով ունենք դրանից ավել գնաճ, ընդ որում՝ անհարկի»,-նկատեց Ապրեսյանը։

Նրա կարծիքով՝ նշված խնդրի լուծմամբ պետք է զբաղվեն և՛ պետական և, մասնավոր հատվածները։

«Մի կողմից կարող ենք ավելի բարենպաստ հարկային կամ ընդհանրապես տնտեսական քաղաքականությամբ օրենսդրորեն նպաստել նրան, որպեսզի մեղմենք գնաճը, մյուս կողմից՝ մասնավորը պետք է ավելի գիտակից լինի և անհարկի գներ չբարձրացնի»,-ընդգծեց ֆեդերացիայի նախագահը՝ կարևորելով նաև պետական ենթակայությամբ գործող ծառայությունների, օրինակ՝ թանգարանների մուտքավճարների բարձրացման խնդիրը։

Նա շեշտեց, որ զբոսաշրջային այցելությունների ցուցանիշի աճը մեծածավալ աշխատանքի արդյունք է, որը պահպանելու համար ջանքերը պետք է շարունակական լինեն։

Այդ առումով՝ փորձագետն օրենսդրական լուծումների, մասնավորապես, հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխությունների ու լրացումների, անհրաժեշտություն է տեսնում, որի շուրջ առաջարկություններ իրավասու կառույցներին արդեն ներկայացվել են։

«Այն, ի թիվս շատ այլ խնդիրների,  նպաստելու է նաև գնաճի ու դրանից ավելի կարևոր հարցերի լուծմանը։Մենք պետք է միասին վերլուծենք և մեր քաղաքականությունը վերանայենք, որ կարողանանք այս աճը պահպանել և շարունակել։ Նոր ռազմավարությամբ նախանշել ենք, որ մինչև 2030 թվականը պետք է առնվազն 3 միլիոն զբոսաշրջային այցելության ցուցանիշին հասնենք, իսկ դրա համար մենք անընդհատ աճ պիտի ապահովենք։ Ես համոզված եմ, որ մենք ի վիճակի ենք 4 մլն-ի էլ հասնել, բայց դրա համար պետք է աշխատել բոլոր առումներով՝ և ինստիտուցիոնալ բարեփոխումների, այդ թվում՝ նաև օրենսդրական լուծումների, և՛ ավելի ակտիվ մարկետինգային քաղաքականության»,-նշեց փորձագետը՝ ավելացնելով, որ այդ առումով անհրաժեշտություն է զգացվում նաև ընդլայնելու Զբոսաշրջության կոմիտեի լիազորություններն ու բյուջեի հնարավորությունները։

Անդրադառնալով վերջին տարիներին շարունակական կերպով աշխուժացող   իրադարձային տուրիզմին՝ փորձագետն այն բնորոշեց որպես շատ գրավիչ ու մրցունակ զբոսաշրջային արդյունք։

«Դա երկրին լրացուցիչ գրավչություն է հաղորդում, նաև եկամտաբեր է։ Բացի այդ՝ կոտրում է «կարմիր եզրագծերի» կարծրատիպերը։ Շատ տարբեր երկրներից զբոսաշրջիկներ են գալիս մասնակցում այդ մարզամշակութային միջոցառումներին ՝ հակառակն ապացուցելով աշխարհին։ Դրանք պետք է լայնորեն լուսաբանվեն, տարածվեն, որպեսզի աշխարհը տեսնի, որ Հայաստանը ինչպես եղել է, կա և կլինի անվտանգ, ապահով, զբոսաշրջության համար գրավիչ ու բարենպաստ երկիր»,-ավելացրեց Ապրեսյանը։

Խոսելով Հայաստանի զբոսաշրջային գրավչություններից՝  փորձագետը բացի հարուստ պատմամշակութային ժառանգությունից, գեղեցիկ բնությունից, բազմազան խոհանոցից և այլն, առանձնապես կարևորեց հայ ժողովրդի, իր բնորոշմամբ՝ լեգենդար հյուրընկալությունն ու հյուրասիրությունը։ 

«Սա ոչ մի վայրկյան չպետք է կորցնենք՝ տրվելով այսրոպեական գերշահույթ ստանալու  գայթակղությանը։

Մեր այս ազգային առանձնահատկությունը, որի շնորհիվ զբոսաշրջիկն իրեն Հայաստանում ընդունված է զգում, իր սպասելիքները գերազանցած է գնում այստեղից, մեր գլխավոր խաղաքարտն է»,-ընդհանրացրեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում