Քաղաքականություն

Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի  զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները

Ալբանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Աթենք) հանդիպել է Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարար Մարինելա Պրիֆտիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է դեսպանության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի, զբոսաշրջության և սպորտի ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։ 

Դեսպան Մկրտչյանն առաջարկել է ձևավորել համագործակցության իրավապայմանագրային հիմք, խթանել մշակութային հաստատությունների, արվեստագետների և մարզական կառույցների միջև ուղիղ կապերը, ինչպես նաև իրականացնել համատեղ մշակութային, կրթական և մարզական ծրագրեր։

Անդրադարձ է կատարվել մշակութային ժառանգության պահպանության և թվայնացման, ստեղծարար արդյունաբերությունների, երիտասարդական փոխանակումների, մարզական ֆեդերացիաների համագործակցության և համատեղ ուսումնամարզական ծրագրերի իրականացման հեռանկարներին։

Զրուցակիցները կարևորել են նաև երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերի ակտիվացումը՝ ներառյալ տուրօպերատորների միջև առցանց B2B հանդիպումների կազմակերպումը։

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է 2027 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը և բժշկական զբոսաշրջությանը նվիրված առաջիկա միջազգային համաժողովը։

Փոխնախարար Պրիֆտին ողջունել է ներկայացված առաջարկությունները և պատրաստակամություն հայտնել հորդորել աշխատանքը մշակույթի և սպորտի ոլորտներում համատեղ միջոցառումների նախաձեռնման ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում