Մշակույթ

«Ֆիլհարմոնիկը՝ մարզերում». 6 համերգ Լոռիում, Շիրակում և Սյունիքում

2 րոպեի ընթերցում

«Ֆիլհարմոնիկը՝ մարզերում». 6 համերգ Լոռիում, Շիրակում և Սյունիքում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ շարունակում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Այն իրականացվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Ծրագրի նպատակն է մարզերում մշակութային կյանքի ակտիվացումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկցնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից՝ նշելով, որ այս եզակի նախաձեռնության շնորհիվ մարզային հանդիսատեսը հնարավորություն ունի ունկնդրելու դասական երաժշտության բարձրաճաշակ կատարումներ:

Մարզային հյուրախաղերի ընթացքում նվագախմբի հետ որպես մենակատար հանդես կգա աշխարհահռչակ և հայ հանդիսատեսի կողմից սիրված ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։ 

Ծրագրում ընդգրկված են Ժան Սիբելիուսի Ջութակի կոնցերտը, Ջուզեպպե Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերայի նախերգանքը, Էդուարդ Հարությունյանի «Վալսը» և հատվածներ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից։

Համերգները կանցկացվեն ՀՀ Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի մի շարք քաղաքներում։ Նախատեսված է 6 համերգ հետևյալ ժամանակացույցով. 

·         սեպտեմբերի 2-ին՝ Ստեփանավանի մշակույթի պալատում,

·         սեպտեմբերի 3-ին՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում,

·         սեպտեմբերի 10-ին՝ Մեղրիի մարզամշակութային կենտրոնում,

·         սեպտեմբերի 11-ին՝ Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում

·         սեպտեմբերի 13-ին՝ Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական թատրոնում,

·         սեպտեմբերի 14-ին՝ Սիսիանի Համո Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնում:

Գորիսի և Սիսիանի համերգները կազմակերպվում են «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ընկերության աջակցությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում