Ֆրանսիան վերահաստատել է իր լիակատար աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը
2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ողջունել է ԱՄՆ ներգրավվածության շնորհիվ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով ձեռք բերված համաձայնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակրոնը հեռախոսազրույցից մանրամասներ է հայտնել X–ի իր միկրոբլոգում:
«Ես կրկին ողջունեցի Ամերիկայի Միացյալ Նահանգների ներգրավվածության շնորհիվ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով ձեռք բերված համաձայնությունը»,–նշել է Մակրոնը:
Նա հույս է հայտնել, որ դա շուտով կհանգեցնի երկու կողմերի շահերը հարգող խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ու վավերացմանը։
«Այս համատեքստում ես վերահաստատեցի իմ լիակատար աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Ֆրանսիայի հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման հարցում»,–ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:
Մակրոնը վերահաստատել է նաև շարունակական ջանքերին, այդ թվում՝ փոխհարաբերությունների ամրապնդման ջանքերին աջակցելու և նպաստելու Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ տարածաշրջանային բոլոր դերակատարների և գործընկերների հետ համագործակցությամբ։
Երկու երկրների ղեկավարները նաև պայմանավորվել են շարունակել խորացնել երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում:
Je viens de m’entretenir avec le Premier ministre @NikolPashinyan à la suite de la réunion qui s'est tenue à Washington le 8 août dernier.
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) August 11, 2025
J’ai de nouveau salué l’accord conclu, grâce à l’engagement des Etats-Unis, entre l’Arménie et l’Azerbaïdjan…