Մշակույթ

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության կարգը

2 րոպեի ընթերցում

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության կարգը

Հայաստանի կառավարությունը հաստատել է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության կարգը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ կարգավորումը միտված է պաշտպանելու ինչպես մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների և պետության, այնպես էլ  փորձաքննության պատվեր ներկայացնող անձի շահերը մշակութային արժեքների փորձաքննության ընթացքում առաջացող հնարավոր վնասներից:

Մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրումը կատարվում է՝ կնքելով մասնագիտական պատասխանատվության ապահովագրության պայմանագիր։ Պայմանագիրը հնարավորություն է ընձեռում փոխհատուցել պետությանը կամ պատվեր ներկայացնող անձին հասցված վնասները, որոնք առաջացել են փորձաքննություն իրականացնող մասնագետի ոչ կանխամտածված գործողությունների (անփույթ արարքի, սխալմունքի կամ բացթողման) հետևանքով: 

Փորձագետներն իրենց գործունեության ողջ ընթացքում պետք է ունենան ապահովագրության պայմանագիր: Փորձագետների գործունեության ապահովագրության գումարները հաշվարկվել են ՀՀ ապահովագրողների միության անդամների հետ համատեղ՝ հիմք ընդունելով վերջին հինգ տարիների փորձաքննված մշակութային արժեքների վերաբերյալ վիճակագրությունը:

Փորձագետի ապահովագրության համար սահմանվել է 500 հազարից մինչև 15 մլն ՀՀ դրամ տարեկան ապահովագրության ընդհանուր սահմանաչափ՝ ըստ տվյալ մասնագետի նախորդ տարվա ընթացքում մատուցած ծառայությունների շրջանառության ծավալի: Նոր գրանցված փորձագետների համար սահմանվում է 5 մլն դրամ սահմանաչափ:

Մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության կարգն ուժի մեջ կմտնի 2026 թվականի մարտի 1-ից: Կարգի ընդունումը բխում է «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքի պահանջից։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում