Հաջորդ տարվա սկզբին նախատեսվում է գործարկել աշխարհում հայտնի հայերեն բոլոր ձեռագրերը ներկայացնող հարթակ

7 րոպեի ընթերցում

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը` հանրությանը քաջ հայտնի Մատենադարանը, հավատարիմ մնալով հայոց գրերի, գրականության, պատմության և մշակույթի հանրայնացմանը նպաստելու իր առաքելությանը, արդեն շուրջ 18 տարի թվայնացման ծրագրերի և էլեկտրոնային հարթակների ստեղծման միջոցով շարունակաբար հեշտացնում է հայագետների բազմազգ «բանակ»-ի հետազոտական աշխատանքները:

2026 թվականի սկզբին նախատեսվում է գործարկել մի բացառիկ հարթակ, որտեղ ներկայացված կլինեն աշխարհում հայտնի գրեթե բոլոր հայերեն ձեռագրերի պատկերները և նկարագրությունը: Այսպիսով, հնարավոր կլինի հայոց հարուստ ժառանգությունը գոնե վիրտուալ տարբերակով ժողովել մի տեղում:

Խոսքը տասնյակ հազարավոր հնամենի ձեռագրերի, մատյանների և գրքերի մասին է, որոնց զգալի մասը գտնվում է տարբեր երկրների պահոցներում:

Ժամանակակից տեխնոլոգիաներն ընձեռում են այնպիսի հնարավորություններ, որոնց իրականացումը 20, անգամ, 10 տարի առաջ անհավանական էր թվում: Հայոց հնագույն ձեռագրերի, թերևս, խոշորագույն կենտրոնում թևածող նոր դարի շնչի մասին «Արմենպրես»-ի թղթակցին ներկայացրեց Մատենադարանի տնօրենի բարձր տեխնոլոգիաների և հրատարակչական հարցերով խորհրդական, ձեռագրերի թվայնացման և ձեռագրագիտական աշխատանքների բաժնի համակարգող Գուրգեն Գասպարյանը:

Նա հայտնեց, որ 2007 թվականից իրականացվող ամենօրյա աշխատանքների արդյունքում թվայնացվել և այդ ձևաչափով հանրությանը հասանելի է դարձել Մատենադարանում պահվող շուրջ 13 հազար հայերեն ձեռագրերից մոտավորապես 8 հազարը: Ընդ որում, թվայնացման բաժինը զբաղվում է նաև սպասարկմամբ. ուսումնասիրողներին տրամադրում է աշխատանքի համար նրանց անհրաժեշտ ձեռագրերի պատկերները: Առհասարակ, Գուրգեն Գասպարյանի գնահատմամբ, թվայնացման սկզբունքների տեսակետից Մատենադարանն առաջամարտիկ է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Այստեղ մշակված սկզբունքներն ուսանելի են թվայնացման բոլոր կենտրոնների համար: 

«Տարիների ընթացքում մեր բաժինը համալրվել է ժամանակակից սարքերով, որոնք ձեռք են բերվել թե՛ պետական, թե՛ մասնավոր նվիրատվությունների միջոցով: Ունենք պրոֆեսիոնալ սքաներներ, որոնց միջոցով ստանում ենք ձեռագրերի բարձրորակ պատկերներ: Մեր բաժինը նաև թվայնացմանն առնչվող խորհրդատվական աջակցություն է տրամադրում արտասահմանյան տարբեր քաղաքներում գործող հայագիտական կենտրոնների՝ Երուսաղեմի, Վենետիկի, Վիեննայի, Փարիզի ազգային գրադարանի, Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի և մյուսների, հայերեն ձեռագրերի հավաքածուների պատասխանատուներին: Դա միտված է Մատենադարանի նախաձեռնած միջազգային հեռանկարային ծրագրի իրականացմանը, որի նպատակն է մեկտեղել տարբեր երկրների պահոցներում գտնվող հայերեն ձեռագրերի պատկերները և հնարավորինս ամբողջական պատկերացում տալ մեր մշակութային արժեքների մասին»,- նշեց Գուրգեն Գասպարյանը: 

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ Ձեռագրերի թվայնացման և ձեռագրագիտական աշխատանքների բաժնում այժմ ստեղծում է էլեկտրոնային հարթակ՝ ծրագրաշար, որի միջոցով ձեռագրերը պետք է նկարագրվեն և ֆոնդային հարթակում համացանցային տարբերակով հասանելի լինեն օգտվողների համար: Դա, ըստ Գուրգեն Գասպարյանի, կլինի բազմաթիվ հնարավորություններով ընդարձակ ծրագիր: Այն նախատեսվում է գործարկել 2026 թվականի սկզբին: Աշխատանքները ֆինանսավորում է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը: 

«Այս ծրագրի միջոցով ցանկացած հայագետ, ուսումնասիրող, գիտնական վայրկյանների ընթացքում կկարողանա գտնել իրեն հետաքրքրող բովանդակային տեղեկատվությունը: Նախկինում դա կարող էր մինչև իսկ տասնյակ տարիներ տևել: Հիմա անհրաժեշտ ձեռագրի կամ մատյանի մասին տեղեկատվությունը և բոլոր աղբյուրներում դրան առնչվող ինֆորմացիան հնարավոր է գտնել շատ արագ: Դա անչափ կարագացնի հայագիտության զարգացումը և կնպաստի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը»,- գտնում է Գուրգեն Գասպարյանը: 

Նա հայտնեց, որ Մատենադարանում իր մյուս գործառույթն առնչվում է հայերեն ձեռագրերի նկարագրությունների համակարգմանը և հրատարակմանը: Դա ծավալուն աշխատանք է, որն ամբողջացվում է «Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց»-ի ստվար հատորներում: Արդեն հրատարակվել է 11 հատոր, որոնցում ներկայացված է 3700 ձեռագրի նկարագրություն: 

«Դրանք մանրամասն նկարագրություններ են, որոնք վերաբերում են ձեռագրի արտաքին տեսքին, մանրանկարչությանը, առկա նյութերին և այլն: Սա նույնպես շատ կարևոր է հետազոտողների համար, որովհետև յուրաքանչյուր ուսումնասիրություն սկսվում է աղբյուրների որոնումից՝ միջնադարում ինչ ենք ունեցել այդ թեմայի վերաբերյալ: «Մայր ցուցակ»-ը, որում մեր ձեռագրերն առաջին անգամ են այդպես մանրամասն նկարագրված, գիտնականներին նորից հնարավորություն է տալիս հազարավոր ձեռագրեր թերթելու փոխարեն արագորեն գտնել իրենց հետաքրքրող տեղեկատվությունը: Հենց «Մայր ցուցակ»-ի տեղեկատվության հիման վրա ենք ստեղծում արդեն նշածս հարթակը, որում հետագայում ներառելու ենք նաև արտասահմանյան կենտրոններում պահվող հայերեն ձեռագրերի նկարագրությունները: Այդպիսով, կստեղծվի մի ամբողջական էլեկտրոնային հարթակ, որը կունենա արհեստական բանականության ծրագրերի վրա հիմնված տարբեր շերտեր»,- ներկայացրեց Գուրգեն Գասպարյանը: 

Ըստ նրա՝ աշխարհում նախնական հաշվարկներով կան 35-40 հազար հայերեն ձեռագրեր, որոնցից մոտ 12-13 հազարն է պահվում Երևանի Մատենադարանում: Նա գրեթե անիրականանալի է համարում բոլոր ձեռագրերի՝ երբևէ Հայաստան բերելու հնարավորությունը՝ նշելով, որ արտասահմանյան պահոցները շատ պահպանողական են և դժվար թե համաձայնեն նման առաջարկին:

Գուրգեն Գասպարյանը խիստ կարևորում է իրենց աշխատանքային խմբերի հսկայածավալ աշխատանքը՝ համարելով, որ դա նպաստելու է հայկական մշակույթի հանրահռչակման աճին և հայագիտության զարգացմանը ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: 

Այդ առումով նա առանձնակի կարևորեց հայագիտական գիտաժողովները և համաժողովները, որոնք նպաստում են ուսումնասիրությունների խթանմանը և գիտական շրջանակների, առանձին հետազոտողների միջև կապերի ձևավորմանն ու սերտացմանը և ի վերջո՝ հայագիտության զարգացմանը և աշխարհին հայոց հարուստ մշակույթի ներկայացմանը: 

Հայերեն English Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում