Ֆիլմերում հանդիսատեսը պետք է ճանաչի իրեն. փառատոնային գործիչ Մարկո Մյուլերը «Ոսկե ծիրան»-ի շրջանակում հանդիպեց մասնագետների հետ
6 րոպեի ընթերցում
Մարկո Մյուլերը «Ոսկե ծիրան»-ի պատմության միակ փառատոնային գործիչն է, որն արժանացել է «Փարաջանովյան թալեր» մրցանակի։ Նա համաշխարհային կինոյի ամենաազդեցիկ անհատականություններից է։ Տարբեր շրջաններում եղել է Ռոտերդամի, Վենետիկի, Լոկառնոյի, Հռոմի, Պեկինի և այլ կինոփառատոնների գեղարվեստական ղեկավար։ Մյուլերը եվրոպական կինոաշխարհի համար բացահայտել է արևելյան մեծ արվեստագետների, որոնց թվում են «Ոսկե ծիրան»-ի «Փարաջանովյան թալեր»-ի դափնեկիր Ծյա Ճանկեն, 22-րդ փառատոնի պատվավոր հյուր Ամիր Նադերին և այլք։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 22-րդ «Ոսկե ծիրան»-ի շրջանակում հուլիսի 14-ին Մարկո Մյուլերը հանդիպեց ոլորտի ներկայացուցիչների հետ և պատմեց իր անցած ճանապարհի, լավ ֆիլմերի ընտրության և հետաքրքիր հանդիպումների մասին։
Դեռ 1980-ականներին աշխատել է մի շարք փառատոնների շուրջ։ Համագործակցել է իտալական փառատոնների հետ, իսկ ավելի ուշ՝ Ռոտերդամի փառատոնի հետ և դարձել փառատոնի գեղարվեստական ղեկավարը։ «Երբևէ ցանկություն չեմ ունեցել որևէ փառատոն ղեկավարել, սակայն հանգամանքներն այդպես դասավորվեցին։ Հենց այդ ժամանակ ստեղծեցի մինչ օրս գոյություն ունեցող Cinema ծրագիրը, որի շրջանակում սատարում ենք այն ֆիլմերին, որոնք նոր պետք է ստեղծվեն»,-նշեց Մյուլերը, որը բարձր է գնահատում նաև Սերգեյ Փարաջանովի կինոարվեստը։
Փարաջանովի հետ ծանոթացել է Ռոտերդամի փառատոնի ընթացքում։ Մինչ այդ դիտել է նրա ֆիլմերը։ «Մեզ համար շատ կարևոր էր Փարաջանովի այցը Ռոտերդամ։ Նրա հետ քննարկում էի, թե ինչպես կարելի է փառատոն ստեղծել։ Փարաջանովը ցանկանում էր մասնակցություն ունենալ ֆիլմերի տարածման գործին, իսկապես հետաքրքրված էր այդ ամենով»,-հիշեց Մյուլերը։
Փառատոնային գործունեության ընթացքում Մյուլերը միշտ փորձում է նոր ու հետաքրքիր մոտեցումներ, աշխատելաոճ որդեգրել, որը կարող է առավել մեծացնել ռեժիսորների հնարավորությունները, նպաստել նրանց գործունեության զարգացմանն ու առաջընթացին։ Լոկառնոյի փառատոնը ղեկավարելու ընթացքում մի ամբողջ կառուցվածք է փոխել, որով փառատոնն առաջնորդվում է մինչ օրս։ Նույնը արել է նաև Վենետիկի փառատոնում։ «Ես առավել մեծ հնարավորություններ բացեցի արտամրցութային ֆիլմերի համար։ Կան ռեժիսորներ, որոնք տաղանդավոր են, բայց պատրաստ չեն ներկայանալ մրցութային ծրագրերում, ուստի կարող են ընդգրկվել արտամրցութային ծրագրում և համարձակություն ձեռք բերել»,-հավաստիացրեց Մարկո Մյուլերը։
Մյուլերի համար լավ ֆիլմի չափանիշներից է իրականությանը հնարավորինս մոտ լինելը, իսկ փառատոնները պետք է ընտրեն լավագույններին և արհեստականորեն չմեծացնեն ցուցադրվող ֆիլմերի թիվը, քանի որ ցանկալի է՝ փառատոնների երկրպագուները հասցնեն դիտել ներկայացվող կինոնկարների մեծ մասն ու կարծիք կազմեն կինոարվեստի մասին։
«Մեզ համար կարևոր էր, որ մարդիկ կարողանան ճամփորդել, նավարկել ամբողջ ծրագրով։ Ծրագրում չպետք է ընդգրկված լինեն այնքան ֆիլմեր, որոնք հնարավոր չէ դիտել, իսկ հանդիսատեսը պետք է իրեն ճանաչի փառատոնային ֆիլմերում։ Իհարկե, գոյություն ունեն նաև կոմերցիոն ֆիլմեր, որոնք կարող են մի նոր բան ասել աշխարհին»,-ասաց Մյուլերը։
Նա շեշտեց, որ «Ոսկե ծիրան»-ը բարձր է գնահատում հատկապես այն բանի համար, որ մեծ տեղ է հատկացնում տարածաշրջանային կինոյին՝ նաև կարճամետրաժ ֆիլմերի ընտրության պարագայում։
Հենց Մարկո Մյուլերի աջակցությամբ է 22-րդ փառատոնը հյուրընկալել իրանական կինոյի վառ ներկայացուցիչներից մեկին՝ ռեժիսոր Ամիր Նադերիին, որի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն է նախատեսվում, ինչպես նաև նրա հետ հանդիպում։
Մյուլերը Նադերիի ձեռագրին ծանոթացել է Ռոտերդամի փառատոնի ընթացքում։ Դիտել է նրա «Փոշի» ֆիլմը։ Հետագայում այն փորձել է ներկայացնել չինական փառատոններից մեկում, սակայն որոշ խոչընդոտների պատճառով չի հաջողել։ Նադերիին թույլ չեն տվել ճամփորդել։ Մյուլերն ու Նադերին հանդիպել են միայն այն ժամանակ, երբ Նադերին տեղափոխվել է Նյու Յորք։ Մյուլերը Նադերիի ձեռագիրը յուրահատուկ ու հետաքրքիր է համարում։
Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնն անցկացվում է հուլիսի 13-20-ը։ Այն իր շուրջ է համախմբել կինոյի ոլորտի կարկառուն ներկայացուցիչների աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր, որոնք մրցանակների են արժանացել Կաննի, Բեռլինի, Լոկառնոյի և այլ հեղինակավոր կինոփառատոններում։
Պատվավոր հյուրերից են Ամիր Նադերին, Աբդեռահման Սիսակոն, Ջաֆար Փանահին, Ադա Սոլոմոնն ու Աթինա Ռախիլ Ցանգարին և այլ կինոգործիչներ։ Նրանք քննարկումների, վարպետության դասերի, աշխատարանների միջոցով իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոյի երկրպագուներին ու մասնագիտական համայնքին։ Ֆիլմերի ցուցադրությունների հիմնական վայրերն են Կինոյի տունն ու «Մոսկվա» կինոթատրոնը։